Jump to content

Ես իմ ցավից չեմ բացակայում

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԵՍ ԻՄ ՑԱՎԻՑ ՉԵՄ ԲԱՑԱԿԱՅՈՒՄ


Չգիտեմ որտեղից՝ երբ, բայց իմ ճանապարհից երբեք եւ
ոչ մի անգամ ես չեմ բացակայել։ Նույնիսկ՝ եթե
                                                բացակայել եմ։

Բուրումնավետ ու աննախատինք մի ձայն, նաեւ՝ անընտել,
ապաստանել է վայրկյանի մեջ։ Դանդաղախոս
                                                լռության ափին
իրենից դուրս է գալիս
մի կայծոռիկ։
Ամենուրեքյան հայացքների բացադարձում։ Նախ
սերն է ծնվել, ապա արեւը։ Իսկ իդեալականացնել
ամենեցուն, դա նշանակում է, անշուշտ, սպանել նրան։

Դանդաղահոս լռություն,
ո՞ւմ են հարկավոր
ջրարգելակները։

Համաշխարհային սխալ է թույլ տվել Շեքսպիրը (նորից՝ նա).
եթե կյանքը բեմ լիներ,
                        գոնե մի մարդ իր դերում կլիներ, մինչդեռ
մենք չգիտենք նույնիսկ, թե
միլիոնավոր տարիներ հետո Մարս մոլորակը մեզ կընդունի՞,
                                                   արդյոք,
երբ բոլոր երկրայիններս արտագաղթելու լինենք։

Ամռան հասակը -
քամու համբույրում ընկնող տերեւ կա։ Ճանապարհը
մենակ է ընթանում եւ այն ժամանակ, երբ
մենակ չի ընթանում։

Ամեն ինչ շուռ տված է։
Մութը սեւ պղպեղ է,
աչքերս կսկծնում են։

Շիրազի բանաստեղծության ուզածդ տողն
                                       ավելին է արել
ժողովրդի համար,
քան ետտիգրանյան ցանկացած թագավոր։ Բուրումնավետ
մի ձայն դանդաղահոս լռության ջրերում
                                        նավարկում է հեռուն։

Չգիտեմ որտեղից՝ երբ, բայց իմ ցավից երբեք եւ
ոչ մի անգամ ես չեմ բացակայել։ Նույնիսկ՝
                                        եթե բացակայել եմ։