Jump to content

Կամուրջ՝ գետի երկարությամբ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԿԱՄՈՒՐՋ՝ ԳԵՏԻ ԵՐԿԱՐՈՒԹՅԱՄԲ


Լույսը ինձ հետ մաքառում էր ամբողջ գիշեր, թեեւ նա երեւաց
առավոտյան միայն։ Ամեն ինչ՝ ճանապարհ է, վայրկյանը՝
որքան էլ ծանր, վայրկյանացույցը թռչում է թեթեւ, իսկ ծառն իր վիթխարի
ստվերը մի կերպ քարշ տալով, բարձրանում է լեռն ի վեր։

Երբ մարդ երգում է, նրա մեղքերը վերանում են, կամ՝ նա
դառնում է կրկնակի Ներոն։ Մանկությունը՝ եթե նույնիսկ դառն է,
ապագայի աստղն է։ Անօթեւան ճանապարհների
շարահյուսություն։ Երազկոտ տխրության մեջ ճռվողում է մի ճպուռ։

Ասում են՝ ցավն աչքերում հայտնվում է մինչեւ իր ծնվելը։ Եվ
ես հիշում եմ պապիս դեմքը, որ երբեք չեմ տեսել։ Նա ձիապան էր ու
վարդեր էր աճեցնում, ու երբ Վարդի տատս, խռովում էր իրենից,
գիշերը գնում, նրա համար թաքուն բերում էր ամենալավ վարդերը։

Զոհասեղան է գրասեղանը... Իսկ ինքը, բոլորովին հարբած,
հենվել մի պատի, երեւի՝ Բրոդվեյ փողոցում (ինչպես վկայում են),
լսում է իր ուսին իջած անսահման սեւ ագռավի գեղգեղանքը,
Էդգար Պոն։ Բեր բաժակդ։ Մեր պառլամենտը, դա այսօր մեր շուկան է։

Ձիգ ճանապարհների լուսանցքներում հիմա ապրում են հոր
տնկած խնձորենիները։ Նրանց ճյուղերից երեկ մի խնձոր տարա ծերացած
մորս համար, առանց հայտնելու, թե որտեղից է, նա համն առնելու պես,
ասաց՝ այսպիսի խնձոր կերել եմ մեկ էլ աղջիկ եղած ժամանակ։

Ով չի տառապում, ուրեմն՝ դեռ չի ծնվել։ Քայլում եմ, որովհետեւ
ուզում եմ տեսնել անհայտությունը։ Մութը սպեղանի է հոգնած
աչքերիս։ Ապրիր ինքնամոռաց, այլապես... «Այլապեսը» կամուրջ է, միայն
թե՝ ձգված գետի երկարությամբ։ Մի՛ մտապահիր, որ չմոռանաս։

Հանդիպման աղջիկ՝ երգի նման գեղեցիկ։
                                Եթե կազմելու լինեմ իմ անցած
ճանապարհների ընտրանին, ապա այնտեղ
                                պիտի առաջինը զետեղեմ սխալ
քայլերս՝ երբ բերանքսիվայր ընկել եմ գետնին եւ տեսել եմ
                                (անտառապահի պաշտոնական
խրոնիկայից դուրս), թե ոնց չի երգում խռովարար առվակը։

Լույսը ինձ հետ մաքառում էր ամբողջ գիշեր։
                                Ու չնայած վայրկյանը
անմիջապես շարունակում է վայրկյանին, իրականում
                                ոչ մի վայրկյան
ոչ մի վայրկյանի չի շարունակում։ Ես ձեռքս մեկնում եմ
                       երկնքի ամենահեռու աստղին։
Մութը աներգ կնոջ պես վրիժառու է ու չսիրված։
                       Իսկ հավքին սպանում է իր երգը։