Jump to content

Ես ինձ օգնելու եմ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***

Ես ինձ օգնելու եմ,
Որ խլեմ
Քեզ
Մտքերից, խոհերից
Պարսերից, խոկումներից,
Վախերից խառնիխուռն...
Ու
Դնելու եմ քեզ
Ամենաբարձր
Կետում
Երկնքի,
Մի աստղի էլ ասեմ՝
Խոսեցնի
Քեզ,
Զրույցով անի,
        որ ունքերդ
Չկիտես
Ու
Չկապտես
Առանց այն էլ խիտ կապույտիդ մեջ։
Հետո,
Շատ հետո,
Չգիտեմ քանի դար կամ վայրկյան հետո,
Գալու եմ...
Ու դու, ինձ տեսնելով,
Քո
Թաքցրած արցունքների միջից
Ծիծաղելու ես
Բարձրաձայն ու անվախ,
Տիեզերքը
Լցնելու ես քո աստղային քրքիջի
Ելեւէջներով
Ու
Ընկնելու ես ետ տարած թեւերիս մեջ։
Տիեզերքը
Ճանապարհ է ընկնելու,
Որ մեզ տանի
Այնտեղ,
Ուր մենք չենք կարող չլինել։
Քիրսը
Կանչում է մեզ ամենախորը
Կետից բարձրության։
Գնացինք։