Ես ու ծառը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ես ինձ օգնելու եմ Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Ես ու ծառը)

Վարդան Հակոբյան

Այլեւս չեմ գա
ԵՍ ՈՒ ԾԱՌԸ


                Հանրախանութ մտա մի օր
                Սիրո եւ այլ ապրանքների...
                               Ռ. ԴԱՎՈՅԱՆ

Ծառը թռավ լեռան լանջից,
Ես նստած եմ ծառի ճյուղին,
Սլանում է ծառը հիմա՝
Անճանապարհ,
Անուղի։

Ես նստած եմ ծառի ճյուղին,
Իսկ ստվերս երկրի վրա
Լույսն է քամում իր ուղեղի,
Որ բարձրագին մի շուկայում
Փողով փոխի։

«Քանի է այս տանձի կիլոն»,
Տանձի համար
Հոնորար չէր ծառը սպասում։
«Լավ միրգ, լավ երգ»...
        Բայց ի՞նչ արած։
Սլանում ենք ես ու ծառը՝
Անճանապարհ,
Անուղի։
Ինչ-որ շուն է ներքեւ հաչում,
Ինչ-որ ճամփա հիշում է ինձ-
Կարոտել են, ինձ են կանչում։
        Ես դեռ չեմ գա։
Ծառը ինձ պես, իսկ ես՝ ծառի,
Իրար մեջ ենք
Մենք ներաճում,
Իրար ճյուղի նստած՝ թռչում։

Սերը դարձավ չարաշահում՝
Փուչ խոսքերի,
         համբույրների.
Լաց է լինում մի խենթ արջուկ,
Թավալվում է ցավոտ հողին։
Երկնքում էլ երկիրն է նույն-
Ամենուրեք ինչ-որ մի բան
Ծռված է ու չի ուղղվի։

«Չէ, կուղղվի»։ Ծուռը տեսա։
Եվ ծառի հետ
Ծուռն այդ պիտի շտկի տողն իմ։
Ես մեղմում եմ իմ թռիչքը,
           բարեկամներ,
Ինձ հանգրվան տվեք հողին։

Ծառը թռավ լեռան լանջից,
Նստած էի ծառի ճյուղին։
Հազար ողջույն։
Փարվում եմ ես հողագնդին,
Ու ծառի հետ տնկվում կողին։