Jump to content

Ես հոսանք եմ ուզուո՜ւմ...

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ես հոսանք եմ ուզուո՜ւմ...
Աղբյուր՝ Արիս Արսենի, Երկերի ժողովածու, գիրք երկրորդ, Երևան, 2019, էջ 186-187։

— Չէ, հաստատ որոշել եմ, վաղը «ձախ» գիծ եմ քաշելու, թե չէ՝ էս մթության մեջ ինչքա՞ն կարելի է խարխափել։ Հոսանքը միացնելու եմ՝ նստեմ հեռուստացույցի առաջ։ Ողջ օրը... Ամեն անգամ կինս հանդիմանում է. — Գործ չունես, կտուգանեն, 50 հազարը որտեղի՞ց ես տալու։ Մեզ հոսանք պետք չէ։ Թեև փայտ էլ չունենք, բայց էլի մի կերպ յոլա կգնանք... Է՜, յոլա ենք գնացել է՜, որ մնացել ենք էս անտեր հանրակացարանին դատապարտված։ Կոյուղու խափանումները քիչ էին, հիմա էլ հոսանքն են անջատել։ Կոյուղու մերը չմեռնի, որ խափանվում է՝ սաղ միջանցքը ջրով լցվում է, պատերից էլ՝ հոսում դեպի բնակարանները։ Օրերով, շաբաթներով՝ «չլը՜մփ, չլը՜մփ, չլը՜մփ», մեր քայլերից ջուրը մեկ տեղատվություն ու մեկ էլ մակընթացություն է ապրում։ Մի հարցնող չկա. — Բա ձեր հանրակացարանը տեր ու տնօրեն չունի՞։ Ունի, ինչո՞ւ՝ չէ, աշխատավարձ ստանող կա, անունն ինչ էր նրա՞, էն, որ մեկ-մեկ հանրակացարան էլ է գալիս։ Է՜, անունն ի՞նչ կարևոր է։ Կարևորը տեր ունենալն է։ Կոյուղու խափանումները քիչ էին, հիմա էլ հոսանքը չկա։ Սաղ քաղաքը լույսով ողողված՝ մեր էս անտեր հանրակացարանում խավար է ու խավար։ Անտեր ասացի՝ լավ է՝ կինս չլսեց, թե չէ՝ էլի կհակաճառի, կասի՝ տեր ունի։ Տեր ունի, իհարկե, կարծում եք՝ չգիտե՞մ, թե՞ մտածեցիք՝ կարող է վախից անունը չտամ։ Չեմ վախի։ Թուրքի առաջ կանգնել ենք՝ չենք վախեցել, հիմա՞ ումից պիտի վախենանք։ Էստեղ են ասել է՜, քնածը վեր կացավ՝ արթունին վախեցրեց։ Չէ, էսպես չի լինի, մի ամսից ավելի է՝ խավարում խարխափում ենք։ Վաղն անպայման պիտի գնամ, դուռն առանց բախելու բացեմ ու մտնեմ ֆաբրիկայի փոխտնօրենի առանձնասենյակը և ասեմ. — Հարգարժան պարոն Յուրի Բարսեղյան, մեզ ինչի՞ համար ես պատժում, նրա՞ համար, որ փողը ժամանակին մուծել ենք... — Ի՞նչ փող,- իբր անտեղյակ՝ կհարցնի։ — Էն էլի՜, օգտագործված հոսանքի արժեքը։ — Հա՜,- միանշանակ կժպտա հարգարժան պարոնն ու,- ձեզ չեմ պատժում է՜, նրանց եմ պատժում, ովքեր դեռ մինչև հիմա չեն մուծել... — Բա որ մեր շենքի ոմանց բնակարաններում հոսանք կա՝ նրա՞նց ով պիտի պատժի... — Ես նրանց հետ գործ չունեմ։ Նրանք «ձախ» գիծ են քաշել՝ թող էլեկտրացանցն այդ գործով զբաղվի։ Ուզում է՝ պատժի, ուզում է՝ չպատժի, ինձ համար մեկ է... Էլեկտրացանցում էլ երևի կասեն՝ մեր ի՞նչ գործն է, շենքն իրենցը չի՞, թող իրենք էլ գլխացավանքի մեջ ընկնեն։ Ես էլ չեմ ուզում գլխացավանքի մեջ ընկնել։ Կինս ճիշտ է ասում. — Գործ չունես, նրանք թիկունք ունեն՝ «ձախ» գիծ են քաշել։ Դու թիկունք չունես, նրանց հետ չես կարող չափվել... Իհարկե, չունեմ ու չեմ էլ ուզում ունենալ։ Ես հոսա՛նք եմ ուզում, հոսա՜նք... Թե չէ՝ հոսանքն անջատած, գազն անջատած... Ժողովուրդ, խնդրում եմ աչքով չտաք՝ հանկարծ ջուրն էլ կանջատեն... Բա՞՜...

<<ԼՂ հանրապետություն>>, 20 հուլիսի 1995 թ., թիվ 120 (151), էջ 5