Jump to content

Թղթի... վաճառք

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Թղթի... վաճառք
Աղբյուր՝ Արիս Արսենի, Երկերի ժողովածու, գիրք երկրորդ, Երևան, 2019, էջ 184-185։

Մեր քաղաքում ամեն խանութ չէ, որտեղ սպասարկման կուլտուրան իր բարձրության վրա է գտնվում։ Մեզնից յուրաքանչյուրն անձնական գործերով լինում է երկրի խոշոր քաղաքներում, գնումներ կատարելու նպատակով խանութ մտնում ու... հիանում սպասարկման կուլտուրայի բարձր մակարդակով։ Բարձր տրամադրությամբ վերադառնում ենք հայրենի քաղաք, իսկ վերադարձին՝ գտնում «նույն ջուրն ու նույն ջրաղացը»։

Մեր քաղաքում ամեն խանութ չէ, որ փայլում է դատարկ դարակների առատությամբ։ Բայց, իհարկե, շատ խանութներ կան, որտեղ այդպիսի դարակները չափից ավելի շատ են դատարկ։

Օրինակ՝ Կիրովի պողոտայի վրա գտնվող Մաքսիմի «գաստրոնոմում», կամ մի քիչ ներքև՝ Հրանտիկի մոտ, քաղաքի մթերային որևէ այլ խանութում մոտենում ես հատով վաճառվող ապրանքների բաժնին և ուղղակի հիանում «հատով» դարակներով։ Դի՛փ-դատարկ...

Ի՞նչ անել։ Չխոսելն անտարբերություն է համարվում, խոսելը՝ «ձայն բարբառո յանապատի»։ Բայցևայնպես՝ ո՞նց կարելի է շրջանցել այս պրոբլեմը, կամ անհոգությամբ ընկալել այն փաստը, որ շատ հաճախ մեր մթերային խանութներից հանկարծակիորեն անհետանում են շաքարը, լուցկին, բրինձը, ամիսներով չեն լինում կարամելի թեկուզ ամենահասարակ տեսակները։ Իսկ «գրեչկա»-ձավար ե՞րբ է եղել ո՜ր... Հաճախ էլ այնպես է պատահում, որ խանութում գնելու բան ես գտնում և գնումները կատարելուց հետո մնում մեղավոր-մեղավոր կանգնած, թե ինչ է՝ փաթեթավորման համար թուղթ չկա։ Հետդ էլ չես բերել։

Հաճախ էլ, վաճառողները ոչ մի կտոր թուղթ չստանալով՝ չեն դժգոհում, չեն բողոքում «վերևներում» նստածներին, այլ՝ եռանդագին թուղթ են փնտրում, գտնում-բերում են՝ գնորդին հաճոյանալու, որ իրենց նախանձ չհարուցող վիճակից դժգոհող չլինի։ Ի՞նչ են քողարկում դրանով, ո՞ւմ են քողարկում՝ մարդ մի կարգին չի կարողանում բան հասկանալ։ Համ էլ՝ ինչո՞ւ վատամարդ դառնան, ասում են՝ կհեռացնեն աշխատանքից, կմնան անգործ, պարապ-սարապ։

Հաճախ էլ՝ այդ թուղթը ուրիշ խանութներում վաճառվում է... կարագի գնով ու կարագի կտրոնով։ Զարմանո՞ւմ եք։ Իհարկե, զարմանալի է, որ քաղաքակիրթ այս դարում կան մարդիկ, ովքեր կարագի գնով ու կարագի կտրոնով թո՜ւղթ են առնում։ Ինչի՞ համար՝ ո՞վ գիտե... Խանութների հասցեներ, վաճառողների անուն-ազգանուններ, կարծում եմ, պետք չէ թվարկել, բայց ինքնին հետաքրքրական է այն փաստը, որ միայն 1988 թ. տնտեսական տարվա ընթացքում, հավաստի աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն, մեր քաղաքի յուրաքանչյուր մթերային խանութում (այսպես կոչված՝ «գաստրոնոմում») վաճառվել է մոտ 150-160 կիլոգրամ թուղթ։ Այո, այո, կարագի կտրոնով ու կարագի գնով։ Իսկ թե այդքան կիլոգրամ կարա՞գն ուր է գնացել՝ ոչ ոք ստույգ ոչինչ ասել չի կարող։ Ուստի, ես, ստեփանակերտցի մի հասարակ քաղաքացի՝ Մուկուչ Թոփալյան անուն-ազգանունով, դիմում եմ «Ինտերպոլին». «Հարգարժան ինտերպոլցիներ, խնդրում եմ մեր կորցրած կամ գողացված (ինչպես ուզում եք՝ ձևակերպեք) կարագը գտնելու դեպքում գողունն անպայման հանձնեք Եվրոդատարանին՝ հետաքննության, իսկ թուղթն անմիջապես մեզ ուղարկեք, հա՜... Եթե փաթաթելու բան չճարենք՝ գոնե մատերիալից-բանից կգրենք»...

1989, օգոստոս, Ստեփանակերտ