Ես ձեզ ասում եմ․․․

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ես ձեզ ասում եմ․․․

Հակոբ Հակոբյան


Ես ձեզ ասում եմ․․․


Ես ձեզ ասում եմ, կգա այն օրը,
Երբ իրավազուրկ ամեն մի բանվոր
Իր աշխատանքի կդառնա տերը
Ու ազատ, ուրախ կապրի բախտավոր։

Ու էլ չի՛ տիրիլ անարգ ստակը,
Մարդուն մարդու դեմ չի՛ զինիլ անվերջ,
Ամբիոն կելնի հալալ վաստակը,
Իրար հոշոտող կռվին կտա վերջ։

Ես ձեզ ասում եմ․․․ մոտ է այն օրը․․․
Թող ստրուկներին թվա այն երազ,
Նրան կհասնի կռվող բանվորը, ―
Մատչողների՛ է դա հեգ մուրազ։


1899