Jump to content

Ես միշտ հակընդդեմ եմ եղանակին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԵՍ ՄԻՇՏ ՀԱԿԸՆԴԴԵՄ ԵՆ ԵՂԱՆԱԿԻՆ


Ես գիտեմ՝ ինչ որ տեղ
ինձ անհամբեր սպասում են՝
անգամ եթե չեն սպասում։

Քամուն անվերջ գլորում է դաշտային
մի ծաղիկ։ Եվ լազուրն այնքան տնական է, որ
միակ օտարականն աշխարհում ես եմ։
Անասելի փակ են բոլոր բաց դռները։

Նա, ով խլում է ուրիշի հայրենիքը, կրկնակի
անհայրենիք է մնում։ Եթե ոչ
զոհվածները, ապա գոնե նրանց աչքերը, վաղ թե ուշ,
վերադառնում են ու երբեք չի կորսվում հեռուն։
Ոչ ոքի հետ չեմ կարող ժամադրվել, քանի որ
ամեն մի հանդիպում ենթադրում է
որոշակի ժամ ու վայր, մինչդեռ հավանական բոլոր
ժամերն ու վայրերը խիստ անորոշ են ու հարափոփոխ։

Ես միշտ հակընդդեմ եմ եղանակին։ Ու թե
հազար անգամ էլ անցնեմ այս ճանապարհով,
դարձյալ այն չի՛ դառնալու իմը, որովհետեւ ես
այդ ճանապարհը բոլորովին այլ ճանապարհով եմ գնում։

Սարդը ոստայն է հյուսել արքայական գանգի մեջ, երբ այն
դեռեւս ուսերին էր թագավորի, իսկ «թագավորը
մերկ է» ճչացող երեխային այդպես էլ չի փրկում ոչ մի
ակնաբուժություն։

Որտեղ աշխարհ են եկել իմ նախնիները, ես,
անշուշտ, այնտեղ եմ ծնվել՝
եթե նույնիսկ չեմ ծնվել այնտեղ։ Բայց ընդհանրապես
ոչ մի տեղ չեմ ուզում մնալ եւ չեմ էլ ուզում գնալ որեւէ տեղ։

Երգը լսվում է առանց հնչելու։ Ինձ նայում,
իրենց քթի տակ ինչ որ քրթմնջում են Հոկուսայն
ու Դալին, իսկ ես
լուսնյակով հովհարելով դեմքս՝ անցնում եմ։
Ամփիոնի նվագից զարթնել ու
զոհված յոթ զույգ զավակների մեջ պարում է Նիոբեն։

Ամենուրեք ինձ սպասում ենք նրանք,
ովքեր դեռ ծնվելու են տարիներ հետո։