Jump to content

Սահմանը գեղեցիկ է՝ երբ խախտում ես

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՍԱՀՄԱՆԸ ԳԵՂԵՑԻԿ է՝ ԵՐԲ ԽԱԽՏՈՒՄ ԵՍ


Երբ ես գալիս եմ, նա եմ, ով չի գալիս,
երբ ես գնում եմ, նա չեմ, ով չի գնում։
Չանցած ճամփաների բուրմունքը
խաղում է ռունգերիս մեջ։

Բոլոր դռները յուրօրինակ հայելիներ են ու թեկուզ կրնկի վրա
փակ չեն, բայց ոչ մեկով ներս գնալ
չես կարող։ Եվ քեզ չի լքում
չհասնելու զգացումը՝ ուր էլ որ հասնում ես։

Կռունկների երթից ետ մնացած երկինք։ Իսկ հասնել,
նշանակում է՝ շարունակել։ Հիսունի եւ վաթսունի արանքում եմ, մեկ-մեկ
նստում եմ ինքս իմ դիմաց, փորձում ինձ հետ ծանոթանալ,
ոչինչ չի ստացվում։

Եթե իրար հաջորդող գիշերները չմիջնորդվեին ցերեկներով, մութը կուտեր
մութին, որովհետեւ իր տեղում գտնվող բանալին անգամ իր տեղում
չէ։ Եվ սահմանն անսահմանորեն գեղեցիկ է միայն այն պահին, երբ խախտում ես։

Աղոթելու ժամանակ (մեկն ինձ հուշում է), մոմը պիտի հեռու պահել Էդգար Պոյի
շնչառությունից, որ երգերը չբռնկվեն հանկարծ բոցով։ Սարսափելի է, երբ
մութ է եւ այն պահին, երբ մութ չէ։ Չէ որ եթե չգիտես՝
որտեղով ես եկել, ասված բան է, ուրեմն, չես հասել դեռ։

Իմ թիկունքը ճամփան է, որ անցել եմ։ Ես, թերեւս, հավատում եմ իմ
աստղին, որն ինձ անծանոթ է դեռ։ Բայց համոզվա՞ծ ես, արդյոք,
թե խելագարն է խելագար։ Ճանապարհը նրան է տանում, ով
ճանապարհ է տանում։

Ձյան ինքնաբացարկ։ Հավակնոտ մութ։ Բաց նյարդ։ Իմ երազները
ձեռքերիս շարունակությունն են։ Ֆլոբերը, խորշելով սովորական հերոսներից ու
չափավոր զգացմունքներից, գրում է այնպես, ասես ինքը երբեք գոյություն չի ունեցել։

Երբ ես չեմ գալիս, նա եմ, ով գալիս է,
երբ ես չեմ գնում, նա եմ, ով գնում է։
Եվ երբ ճանապարհին չեմ,
ճանապարը գնում է ինձնով։