Ես վերադառնում եմ ամենուրեք

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Անձրևն ինձ հորինում է Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Բ (Ես վերադառնում եմ ամենուրեք)

Վարդան Հակոբյան

Մութը լույսը հակառակ երեսն է
ԵՍ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՄ ԱՄԵՆՈՒՐԵՔ


Յուրաքանչյուր լեռ կանգուն է ինչ որ կանչի
ուղղությամբ։ Ամեն մի քար լուռ է՝ ինչ որ ձայն
որսալու համար։ Աղբյուրն
իրեն չի առաջարկում, աղբյուրը պարզապես տեղը մատնում է։

Ձյուներն ուտում են մութը՝
բարձունքի վրա։ Բողբոջը
աշխարհի մանրակերտն է։ Ապակողմնորոշում է ցանկացած
մեկնություն, ցանկացած քայլ՝
ինչ որ բանի կոխկրտում։

Ես դիտում եմ ծառը, որի վրա հազարավոր ծղրիդներ են
երգում՝ առանց իրար խանգարելու։ Նրանք հոժարակամ
մասնակցում են գալուդ նախապատրաստությանը,
մեղմացնում սպասումս։
Երեխաները մեծանում են անտարիք։

Չեմ սիրում տնկարանները, ոչ մի շիվ
նրանցում չի աճում այնտեղ, ուր
կուզենար ինքը, ամեն շիվ աճում է այնտեղ, ուր իրեն
տնկել են։ Եվ ձյուները
չկայացած լույսի տեղումներ են։

Բարձր ծառի վրա երկինքը կրկին
բացել է մեկ թռչնի թատրոն. ամպերը դուրս են սահում կտավից եւ
ոչ մի խոսք հնարավոր չէ հիշել։
Հաղորդությունս շարունակվում է ամենուրեք,
մանավանդ՝ այնպես ես նայում, որ
ուր գնում եմ, բոլորն ինձ վրա տեսնում են քո աչքերը։

Ես վերադառնում եմ չգիտեմ որտեղ։
Ես վերադառնում եմ ամենուրեք։ Ես փակ վարագույրների
վրա ծուռումուռ գրում եմ՝ գրկախառնությունը
երկու ընկնող մարմինների (հոգիների) փրկություն է ժամանակավոր։

Մութը ձյուն է ուտում լեռան վրա։ Երբ ինձանից փախչում եմ, հայտնվում
եմ քեզ մոտ։ Իսկ Բրոդսկին անխտիր կողոպտում է աշխարհի բոլոր
բանկերը՝ հանուն պոեզիայի, սիրո եւ նման դատարկ բաների։