Jump to content

Մութը լույսը հակառակ երեսն է

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՄՈՒԹԸ ԼՈՒՅՍԻ ՀԱԿԱՌԱԿ ԵՐԵՍՆ Է


Հավքը իջել, քայլում է առվի ափերն ի վար՝ որպես
գովերգություն հողի ու ջրի՝ երկնքից առաջ, եւ
խոտերը դառնում են սովորական
շնորհներ։

Ծաղիկը առվից կախված չէ այնքան, որքան առուն՝
ծաղկից. սա անկախության մասին իմ բանաձեւն է՝
քաղաքական քնքշության մեջ։

Անզոր է հասարակությունն այն, որ հերոսներ է ծնում,
առավել եւս՝ հասարակությունն այն, որն ուտում է
իր հերոսներին։ Բարեւ, Նորեկ։

Երկիրը, ո՞վ էր, ծածկեց պոռնկուհու վարսերից հյուսված
մեզարով, գնաց։ Հիմա ոչ թե քայլում է, այլ
ոտքերով հրում է ճանապարհը
դեպի անդունդներն աներեւակայելի։

Անկիրք մութ։ Բառերը վերքեր են օդի մեջ։
Ծածկում եմ ափով քարերի բերանը՝ չոռնան։
Զգույշ, Նյուքտե, սեւաթույր ձիերի լծակառքը
ոտնատակ չտա անանձնամիջյան մարգերի ծաղիկները։
(Իսկ Կիլիկիայի խաղաղարար թագավոր Լեւոնը,
ավաղ, դեռ չի վերադարձել Կաստիլիայից)։

Փլուզված երկինքն անծուխ վառվում է
կայծոռիկի թեւերին,
ամայի դաշտում։ Աղբյուրի հարեւանությամբ։