Jump to content

Ես քեզ սիրում եմ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***

Ես քեզ սիրում եմ:
Ճանապարհն իմ տան ասես քայլերիդ
Շոյանքից է, որ կանաչ է մնում
Ձմռանը անգամ:
Եվ իմ աչքերի վայելած լույսը
Քո հայացքներն են
Նրբանազորեն աշխարհին մաղում:
Ես քեզ սիրում եմ:
Հոգնած թեւերդ մի թող կծկվեն
                 Տխրությանս մեջ,
Թող որ թեւածեն,
Որքան ուզում են.
                        Թռիչք է կյանքը:
Շուրթերդ դող ու թրթիռ են երգի,
«Լորիկ» երգեն թող,
Սիրավոր լորիկ,
Որ զգամ՝ դու էլ լորիկ ես մի քիչ...
Ես քեզ սիրում եմ:
Ամեն-ամեն օր գալիս ես, անցնում
Աչքերիս միջով,
Բայց եւ խենթությամբ քո աղջկական
                Իմ մեջ ես մնում,
Ամփոփվում ես իմ մաքուր թեւերում
Ու փայլ տալիս ինձ,
Ինչպես որ լույսը՝ լուսամփոփներին,
Ինչպես համբույրը՝ վառվող շուրթերին:
Ես քեզ սիրում եմ,
Ու չեմ հասկանում՝ ինչո՞ւ չես իմը,
                 Երբ քեզ սիրում եմ...