Արթնացել եմ վաղ
Եվ անվարժ ձեռքով հալվող մթան մեջ
Քանդակում եմ. «Սեր»,
Գիշերվա անուշ երազից պահված
Իմ անուրջները
Հանձնում եմ սիրով, հավատով բացվող
Լույս-ակոսներին.
Ուրիշ, չգիտեմ, ուրիշ ի՞նչ անել:
Լեռներն եմ վազում,
Նրանց լանջերով ելնող արեւին
Շշուկով պատմում ստվերի մասին
Ձորերում պահված,
Արեւագալի սարսուռները տաք
Փնջում եմ իմ մեջ,
Նրանցով օծում սպասումներն իմ՝
Նայելով ճամփիդ.
Ուրիշ, չգիտեմ, ուրիշ ի՞նչ անել:
Կանգնում մտախոհ,
Տեղավորել եմ ուզում իմ սրտում
Քո շիկնանքների բույրով ճառագած
Այս բացվող օրը՝
Իբրեւ թե սիրո նոր երգ եմ գրում...
Եվ լույսերի մեջ,
Որ արշալույսը գեղեցիկ լինի,
Նկարում եմ, մարդ,
Քե՜զ եմ նկարում:
Ուրիշ, չգիտեմ, ուրիշ ի՞նչ անել...