Jump to content

Ես քո սիրով վարարում եմ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***

Ես քո սիրով վարարում եմ
Անձրեւի պես,
Անձրեւի պես սրբում, տանում
Ճամփաների հոգնախռով
                Հոգուն նստած,
Փոշի դառած սուտ ու կեղծիք...

Ես քո սիրով լույսի նման
Սեւ գիշերվա քողը պատռում
                ՈՒ բեկվում եմ
Արշալույսի դեմքից բխած
Ծառ ու ծաղկի աչքերի մեջ.
Բողբոջներ են լցվում ինձնով...

Ես քո սիրով ջրվեժ դառնում,
Ինձ նետում եմ բարձր ժայռից,
Քանի ծաղկուն իմ ափերին
                Գարուններ կան,
Ժպիտներ կան ու ցնծություն,
Չի ցամաքի խոհը ճամփիս...

Ես քո սիրով օրհնում եմ միշտ
Խորհուրդները ճշմարտության,
Սիրում նրա դառնությունը...
                Իսկ իմ սերը
Պարզ է այնպես ու անպաշտպան,
Ինչպես մանկան... մերկությունը։