Jump to content

Եվնիկե

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Ե Վ Ի Ն Ի Կ Ե

Հուլիսի առաջին օրերեն Եվնիկե մոր հետ ծով մտնել սկսավ, բժշկին պատվերին համեմատ։ Եվնիկե անանկ աղջիկ մըն Էր, որուն համար ոմանք զեղեցիկ է կըսեին, իսկ ուրիշներ անշնորհք կգտնեին զինքը։ Առաջին գնահատումը կբխեր փափկաճաշակ երիտասարդներե, իսկ երկրորդը՝ մանկամարդ աղջիկներե։ Իր կաթի պես ճերմակ դեմքին հոծ միսին մեջ լողացող կապույտ աչվըները, խրոխտ ու արհամարհոտ նայվածքով լեցուն, սարսուռ կազդեին զինքը դիտողին։ Հասակը երկար, բարեձև, հրապուրիչ ճկունություններով։ Ձայնը՝ բյուրեղի հնչյունով, թափանցիկ։

Մայր ու աղջիկ, առտու-իրիկուն, ձեռվընին մեյմեկ ծրար գետեզրը կիջնային, նավակ կնստեին փոքր փլփլկած նավամատույցեն և դիմացի կղզեկին վրայի բաղնիքը կերթային։ Երկու ծերուկ նավավարներ փոխն ի փոխ հանդիպակաց եզերքը կփոխադրեին բաղնիք մտնողները․ օրվան մնացյալ մասը կանցընեին գետափնյա սրճարանը, նավակներնին կապած խարխուլ նավամատույցին մեկ ձողին։ Մեկը կար սակայն, որ հոն կապված կմնար շարունակ, — Սամիկ աղբարը։ Կարճուկ մարդ մըն էր, շատ կարճուկ, երկար սրունքներով և թևերով, որոնց մեջ իր պատառ մը տձև խորտուբորտ իրանը գորտի մը մարմինը կհիշեցներ։ Ոչ երիտասարդ ըլլալը հայտնի էր, ոչ ծեր․ մազերը անորոշ գույն մը ունեին, երեսը արևեն էրած֊թխացած, աչքերուն անհանգիստ փայլը շեշտելով։ Իր ամբողջությունը, լուռ և անթափանց կրնար երկյուղ պատճառել նախապաշարված մարդերու ծովային հրեշ մը կարծվելով։ Ամառները միայն երևան կելլեր, ինչպես խլուրդը։

Գարնան, մեկենիմեկ զինքը, օրին մեկը, նստած կգտնեին նավամատույցին վրա, ձեռքը ակիշավոր ցուպ մը, իր միակ հարըստությունը, ու սիրած միակ բանը գուցե։ Այդ փայտին կտորը իր մարմնին մեկ մասն էր կարծես։ Ամեն վայրկյան կզկտիկ եղած, ծալլված ծունգերը կուրծքին վրա ամփոփ, ճակատը ցուպին հենած, կմնար արևին տակ, գետակին հեզաշունչ մրմունջին դեմը, անբանի համբերությամբ։

Սակայն, նավակ մը մոտենալուն պես, Սամիկ աղբար կցցվեր նավամատույցին վրա և ցուպը կերկնցներ նավակը բըռնելու և միջինները դուրս հանելու համար անվտանգ․ ոմանք երբեմն տասնոց մը կդնեին խեղճին ափը։ Երբ ոգևորությունը շատ ըլլար, Սամիկ քիչ մը կխոշտանգվեր․ տղաքները ցուպէն կքաշեին, և ուրիշները կհրմշտկեին զինքը։ Բայց անհամբերությամբ կտոկար, երբեմն խուլ մռլտուք մը արձակելով։

Առաջին առտուն,որ Եվնիկե մորը հետ նավակ նստավնավամատույցեն, կուզիկը տեսնելով՝ ըսավ մորը պժգանքի ծամածըռմամբ մը.

― Մայրի՛կ, սա տգեղ մարգը նայեր, մարդուն սիրտը գեշ կըլլա․․․

Եվ գլուխը անգին դարձուց։

Վերադարձին, մանկամարդ աղջիկը նորեն տեսավ ցավագարը, որ խենդի աչվըներով իրեն նայեցավ։ Եվնիկե սոսկաց, դուրս ցատկեց նավակեն և աղաչեց մորը, որ մեյ մըն ալ այդ մարգը չբռնե իրենց նավակը։ Սամիկ, որ լսած էր, աղջկան նայեցավ ողորմուկ նայվածքով մը, որ սիրտ կխշխշացներ։

Հովը կսուրար գետակին վրա․ ալիքները, մանր֊մանր արծաթաշող, կխաղային արևին տակ, իրարու ետևե, անհատնում։ Սամիկ իր տեղն է, ցուպին հետ, ականջ տալով քարերուն վրա փջրվող ալյակներուն մրմունջին։ Հանկարծ կջարժի, կկենա։ Եվնիկեն ու մայրը երևցան է՛ն հեռվեն․ կմոտենան․ կուզիկը, դյուրաշարժ, կեռը կանցնե նավակին, ու մայր ու աղջիկ կհեծնան։ Այս անգամ մայրը տասնոց մը կսպրդեցնե ցավագարին ափը։

— Մա՛յր, կարժե՞ որ դրամ տաս այս անպիտան մարդուն, -դիտել կուտա Եվնիկե։

— Մեղք է, աղջի՛կս։

— Օ՜ֆ, հապա ջիղերս, որ թունդ կելլան, երբ այդ մարդը տեսնամ։

Վերադարձին, Սամիկ դեռ այն տեղը կեցած էր արձանի պես։ Երբ դուրս ելան, կուզիկը, ձեռքը կուրծքին, ակնարկը պաշտողական, մրմռաց․

— Ողջ ըլլաք, հանըմնե՛րս։

Իրիկունը, տան մեջ, Եվնիկե հայտարարեց, որ ա՛լ ծով չուզեր երթալ, վասնզի այդ ծովը փոխանակ իր ջիղիրը հանդարտեցնելու, ավելի կգրգռեր. մայրը, ակամա, տեղի տվավ։

Եվ հաջորդ օրը ծով չգացին։ Սակայն, չորս օր ետքը Եվնիկե նորեն փափաք հայտնեց ծով երթալու։ Մայրը ասոր ալ համակերպեցավ։ Հոն, նավամատույցին վրա, կուզիկը իր կարթգել սրունքներուն վրա տնկվեցավ, և արագությամբ մը, որ իրմե չէր սպասվեր՝ կեռը անցուց նավակին, ու մայր ու աղջիկ անցան։

Այս անգամ Եվնիկե, վշտալի դեմքով, տասնոց մը դրավ ցավագարին ափը։

― Ապրիս,—մրմնջաց Սամիկ՝ դրամը ճակտին տանելով։

Գետեզերքի նավավարները կզարմանային, որ ա՛լ հիմակ Սամիկ առջինը չէր. ցորեկները, գործ չեղած ատեն, կերթար մոտակա սրճարանը, կխոսակցեր նավավարներուն հետ, կխնդար իսկ։

ԵՎ օրիորդը հիմակ մեծ հաճույք կզգար՝ տասնոցը տալով Սամիկին, որ կհամբուրեր զայն ու ճակտին կտաներ ջերմեռանդությամբ, «շատ ապրիս» մը նետելով։

Բայց Եվնիկե օգուտ չէր քաղեր ծովի լոգանքեն․ գուցե այդ նավամատույցը կքանդեր իր մեջ՝ ինչ որ ջորը կշիներ։ Մյուս կողմե, բժիշկը կհամառեր ծով ղրկել աղջիկը։

Իրիկուն մը, նավակ մտած պահուն, երբ տասնոցը կդներ կուզի կին ձեռքը, սա արագ շարժումով մը ծռեցավ և իր գարշելի շրթները փակցուր Եվնիկեին սպիտակ գիրուկ ձեռքին․ աղջիկը սուր աղաղակ մը արձակեց, զզվանքի, սոսկումի աղաղակ մը, և միևնույն ժամանակ ուժով մը հրեց կուզիկը, որ գնաց թավալեցավ նավամատույցին վրա, ոտքերը օդին մեջ, ցուպը չորս քայլ հեռուն։

Երբ Սամիկը ոտքի ելավ, նավակը հեռացած Էր արդեն․ կուզիկը, անխոսուկ, առավ ցուպը նորեն և կզկտեցավ, տրտում տխուր։

Վերադարձին, կուզիկը ա՛լ ոէ տեղեն ելավ, ո՛չ ալ նայեցավ մանկամարդ աղջկան։

***

Հաջորդ իրիկուն, երբ մայր ու աղջիկ նավամատույց եկան, հոն չէր Սամիկ աղբարը։ Նավավարին հարցուր Եվնիկե․

— Հը՝, ան զավալլըն, պատասխանեց մարդը, երեկ գիջեր գաղտուկ գացեր Է կնիկներուն բաղնիքը մտեր Է՝ վլասվելու համար… ետքեն չէ կրցեր դուրս ելլալ… խղդվեր Է… աս առտու լեշը կտանք… ազատեցավ…

Նավակ չնստավ Եվնիկե, բռնեց մոր թևեն և ետ դարձուց զայն, տխրորեն մրմնջելով․

— Մա՛յր, ա՛լ ծով չեմ մտնար․ ջիղերս հանդարտեցան: