Jump to content

Վարձու տուն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՎԱՐՁՈՒ ՏՈՒՆ

— Ծո՛, Մկրտիչ, միտքս անանկ պան մը ինկավ քի, էյեր ըսեմ նե շատ քեֆդ պիտի գա..․

— Փարայի՞ պան է…

— Հելպեթ, անանկ չըլլա նե քեզի կըսե՞մ… հելպեթ փարայի պան է…

— Ամա՜ն, չապուխ ըսե՛, Սերոբ։

Այս վերջինը, որ արևահար դեմքով քսանըհինգ տարու երիտասարդ մըն էր, խորամանկ դեմքով, չարաճճի սև աչքերով, հինումաշ տափատով, գլուխը առանց ծոպի ֆես մը, բուռն շարժումով մը ելավ նստավ խոտին վրա, ուր քով քովի պառկած էին մեծ ծառի մը շուքին տակ, ու խորիմաց երևույթ ՜մը տալով իր դեմքին, ըսավ․

― Սա տուներնիս քիրայի տանք նե ընտո՞ր կըլլա․ պացեն փարա մըն Է, ամսե-ամիս կեսվակես կընենք… քիչեն քիչ երեսունական ղրուշ չե՞նք առներ… հե՞, դո՞ւն ինչ կըսես ասոր։

Մկրտիչ, որ մյուսին եղբայրն Էր ու անկեց հազիվ երեք տարու փոքր, ավելի քաջառողջ և խոշոր կազմվածքով, բարեմիտ դիմագծությամբ, միսին վրայեն աղտոտ շապիկ մը հագած, որուն ճեղքվածքեն կերևար հուժկու և հզոր կուրծք մը, ինքն ալ ելավ նստած տեղեն ու պիչ պիչ սկսավ եղբորը երեսը նայիլ…դեռ պատասխան մը չտված՝ կուզեր իր ըսելիքը լավ մը կշռել, դատել։

— Աղեկ կըսես, ախպա՛ր, ամա… նինե՞ն ուր տանինք։ Ան զավալլը կնիկը հոգի մը ունի՝ տունին վրան է… ընտո՜ր պիտի զատվի անկե․․․ — Ան ո՞վ մտիկ կընե, անոր համար մենք ամիսը վաթսուն եթմիշ ղրուշ խայի՞պ ընենք․ բեք չըլլա նե թեյզեյին տունը կտանինք․․․ հոն ըռահաթ թող նստի․․․ աստար ատեն է մեջն է․․․ ա՛լ կօգտե․․․

— Էյ, մե՜նք։

— Մենք ասդին անգին կանցունենք... բեք չըլլա նե քսան ղրուշի օտա մը կպռնենք... չը՞լլար...

Մկրտիչ նորեն կռնակին վրա փռվեցավ, եղբորը այս գաղափարեն տանջված... տուներնին վարձու տայի՞ն. հապա նինե՞ն, որուն միակ մխիթարություն մնացած էր երեք սենյակով այդ փոքր տունը, զոր ժամանակին իր էրկանը շինել տված էր՝ հոգին բերանը գալով։ Հեք պառավը այդ տան մեջ մեծցուցած էր իր զավակները, իր թոռները. զավակները մեռած էին, էրիկն ալ մեռած էր, ու մինակ երկու մանչ թոռները կային, զորս կխնամեր այն սրտաշարժ հոգածությամբը, զոր միայն մամիկները կրնան տածել իրենց թոռներուն նկատմամբ։ Պաշտում մը ուներ,իր տունը. իր վերջացող կյանքը միակ իդեալ մը ուներ, տունը։ Տունը իր էության անբաժան մասը կկազմեր։ Դեռ իր կռնակը կորություն չուներ, երբ շինված էր այդ տունը, տարիները եկեր անցեր էին, կուզ տալով իր քամակին, ուսերը ծռմռտկելով. չէին խնայած տանն այ. մեկ կողմը թեթևապես կքեր, վար իջեր էր. տախտակները սևցեր, ճոթռտեր էին, պատերը թուլնալով ճաքճըքվեր էին. տունն ալ ծերացեր էր. բայց պառավը չէր նշմարած այս պարագան, որովհետև իր տանը քայքայումը աստիճանաբար, համընթաց կատարված էր։ Ինք կկարծեր, որ նոփ֊նոր է դեռ ան, շինված օրվան լափ նոր և հաստահիմն։ Իր զառամյալի մենամոլությանը մեջ տունեն դուրս չէր ելլեր, վախնալով որ վայրկյանի մը բացակայության միջոցին կառնեն կտանին իր սիրեցյալ տունը։ Որչափ որ ուժը կներեր, կսրբեր, կմաքրեր զանի անբացատրելի գուրգուրանքով։

Եվ հիմակ իր թոռները, գրեթե թափառաշրջիկներ, կմտածեին՝ մեծ ծառի շուքին ներքև ու զովաշունչ հովին դեմը, կմտածեին դուրս հանել հեք պառավն ու վարձու տալ տունը։ Իրենք ալ կզգային իրենց այս որոշումին աղետաբեր ծանրությունը պառավ մամիկին համար․ սրտին ցավեն պիտի մեռներ․ ու իրենք` ալ առանց մամիկի ու հետևապես անխնամ պիտի մնային։ Ի՞նչ փույթ․ խնամքին պակսությունը մեծ կորուստ մը չէր իրենց համար, իսկ մամիկին կորուստը , պառավ հեզ, անուշիկ մամիկին , որ իր դողդոջ թևերուն մեջ մեծցուցած էր զիրենք, սիրտփոր հատցնելով, իր բերնեն զրկելով ու իրենց կերցնելով․ է՚հ, կնոջ ապրիլը արդեն չարչարանք էր․ իսկ մահը փրկություն մը, ու քանի որ տունեն դուրս ելլելուն պիտի մեռներ…

Ոտքի ելան երկու եղբայրները, թոթվըվեցան, մտատանջ լուռ, չհամարձակելով իրարու նայիլ, խեղճ մամիկին կունտ ու կլոր մարմինը աչվընուն առջև։ Կքալեին գլխիկոր, հինցած ոտնամաննին քսկռտելով գետնի փոշիին մեջ։

Սերոբ կմռլտար երբեմն, սև մտածումները վանելու համար․

— Ամիսը էրսուն ղրուշ մինակ իմ փայիս, գեշ չէ…

Իսկ Մկրտիչ, իր մեծ մորը ցավագին պատկերեն հալածված, կմրմռար, չկարենալով հուզումը զսպել․

— Զավալլը՜ նինես…

Հանկարծ կեցան․ երկու կողմը պարապ գետիններով երկհարկ ցած տան մը առջև կգտնվեին․ հոն իրարու երես նայեցան, երկու հանցավորներու պես, և Սերոբ համարձակեցավ ըսել․

— Քիրայի պիտի տանք։

— Հը՛ ,— ըրավ Մկրտիչ։

Լսելով իր թոռներուն գալը, մամիկը բացեր էր տանը դուռը․ ներկու եղբայրներ ներս մտան․ մութը սկսեր էր տիրել․ ու պառավը ծխոտած կանթեղի մը լույսին մեջ նստած էր բակին մեկ անկյու֊ նը, ցից ատամներով փայտե սարվածի մը առջև և մետաքս կփաթթել ոստայնաձև փայլուն թելերուն ետևեն կերևար մամիկին թոմթռկած երեսը, ու նիհար ձեռքը, որ շարունակ կշարժեր չեհրեն։

— Բարիրիկուն, նինե՛,— ըսին երկու եղբայրները, երկչոտ ձայնով մը՝։

— Աստծու բարին, զավակներս։ Փառք տիրոջը, ասօր ալ ողջ առողջ տուն եկաք։ Գացին քովը նստան։

Ի՞նչպես խոսքը բանալ պառավին։ Եթե հանկարծ ցավին սաստկութենեն կաթվածահա՞ր ըլլար։

Մկրտիչին գործը չէր․ արդեն կանիծեր Սերոբը՝ դրամի այդ անդիմադրելի փորձության զինքը մատնած ըլլալուն։ Ուստի Սերոբ խոսք առավ․

— Նինե՛, հալերնիս կիտես․․․ գործ չիկա․․․ հոգինիս պերաննիս կուգա կոր, մինչև քի հացի մը փարա կճարենք կոր նե․․․ մեզի պես տելիխանլըներ աստար փարայով կըլլա՞ն․ դուն մերին տեղը ըլլաս նե՝ ի՞նչ կընես․․․ ասոր սո՞նը․․․ ճար մըտմըտալու․․․ Մենք մտմտացինք՝ կտանք․․․ ամա նայինք դուն խայիլ պիտի ըլլաս․․․

Մամիկը, որ ուշադրությամբ մտիկ ըրած էր, վեր առավ գլուխը, հետաքրքրվելով այս փոքր ճառեն։

— Զավակներս, ես ծեզի համար ամեն պանի խայիլ կըլլամ․․․ ըսե՛ք նայիմ՝ ի՞նչ է։

Սերոբ վարանեցավ․ եղբորը երեսը նայեցավ, հազաց, կմկմաց, շուրթերը շարժեց և ըսավ․

— Նինե՛, աս անանկ պան մըն է քի, էյեր չէ ըսես, չլլար․․․ տահա աղեկ է քի հիմակվընե հա՝ ըսես․․․ մենք մտմտացինք քի․․․ աս տուներնիս մեզի համար շատ մեծ է․․․ անոր համար խելք ըրինք քի, էյեր քիրայի տանք նե, քիչ մը փարա կասնի ծառվընիս․․․

Մամիկը, որ թուշը ձեռքին վրա դրած մտիկ կըներ, թոթվվեցավ, աչքերը մոլեգին բոցով մը վառվեցան և դողդողջ ձայնով մը պոռաց իր թոռներուն երեսին․

— Աշխարհք մեկտի կա, ես տունես չեմ զատվիր․ հատե՛, պաներնիդ կացե՛ք։

Սերոբ բարկացավ․ ադ սոսկալի համառ պառավը իրենց դժբախտության պատճառ կըլլար։

— Էյեր տուն խայիլ չըլլաս նե, մենք զոռով քիրաճի պիտի պերենք հոս․․․ մենք քեզի համար անոթի-ծարավ չենք կրնար մնալ։ Ու երկու եղբայրները, հաստատամիտ, առին քալեցին տունեն։

Մամիկը առանձին մնաց նորեն, իր սարվածին առջև, մետաքսի դեզերուն մեջ, չեհրեն ձեռքը, սառած դեմքին վրա անսահման տրտմությամբ մը, զոր խորշոմներեն դուրս կցայտեցներ կանթեղին մթաշող երերուն լույսը։ Ականջին մեջ կբզզային թոռանը վերջին զարհուրելի խոսքերը… «զոռով քիրաճի կպերենք»… Այո ՜,միտքը դրած էր, անդրդվելի պիտի մնար․ տունեն դուրս ելլալ… բայց տանը սեմին առջև իսկ գերեզմանին փոսը կսպասեր իրեն՝ զինքը կուլ տալու համար։ Խելըռած էին իր թոռները, ետքեն պիտի խելոքնային անշուշտ․ չէ՜, սուտ էին, կատակ ըրած էին իրեն հետ։ Այս մասին ապահովվեցավ սիրտը, որ ուռած էր, հանգստացավ։

Բայց մետաքսը փաթթելով հանդերձ, պառավը հիմակ լալագինորեն կմռլտար․

— Տո՜ւնս, տո՜ւնս, տո՜ւնս։

Ամառվան հրաշունչ տաքմը կըներ․ արևը մամիկին տունը իր կրակե հեղեղին մեջ ողողած էր բոլորովին։ Հեք պառավը միսմինակ էր, տխուր՝ հակառակ ինքն իրեն տված մխիթարանքներուն։ Տղաքը դեռ երևցած չէին գիշերվընե ի վեր․ ինչո՞ւ տուն չէին դարձած։

Ցերեկվան մոտ մեկենիմեկ տանը բաց դուռնեն ներս մտան Մկրտիչ և Սերոբ՝ երկու ուրիշ մարդոց հետ։

Վարձվորներ էին․ տուն տեսնալու էին եկած։ Մամիկին երեսն իսկ չնայեցան․ երկու եղբայրները զանոնք պտտեցուցին տունը, գովեցին անոր հատկությունները, բարեմասնությունները բացատրեցին և վերջապես համոզեցին այդ մարդիկը, որ վարձեն իրենց տունը ամիսը 70 ղրուշի։ Սակարկությունը եղավ լմնցավ, կմնար տունը պարպել ու մաքրել։

— Առջևի ամսականը փեշին կուզենք, — ըսին երկու եղբայրները։ ― Շատ աղեկ։

Չա՛ր սատանա. կարծես մամիկին թշնամություն մը ընելու դիտումով՝ այդ վարձվորները ամենեն ծանր պայմանները կնդունեին։

— Վաղը կկրվի՞ք,—հարցուց Սերոբ։

— Չէ՛, վաղը ձեր կարասիները և սա պառավը հանեցե՛ք, մեկալն օր մենք կուգանք։

Պառավը դուրս հանել․ ու ասիկա մամիկը էր ականջովը կլսեր սանդուխին ստորոտեն, ուրկե սառն անտարբերությամբ մը, աչքերը լայնաբաց, լուռումունջ, կդիտեր այդ մարդոց բոլոր շարժումները և կլսեր անոնց խոսքերը,ի մասին սյդ ահավոր սակարկության։

Վերջապես վարձվորներն ելան գարին Սերոբին ու Մկրտիչին հետ,որոնք մեկնած ատեննին ըսին իրենց մամուն.

— Վաղը քեզի թեյզեին տունը պիտի տանինք, հազըր եղիր։

Պառավը չպատասխանեց․ մինակ չարաչուք ժպիտ մը անոր շրթները կծկեց։

Կես գիշերն անցած էր.լուսին չկար. ջինջ մթություն մը ամեն կողմ և հով մը, որ մեղմորեն կսուլեր փողոցներուն մեջ։

Մամիկին տունը կայրեր անձայն, անշշուկ, չորս կողմն բոցերով շրջապատված։ Խեղճ պառավին տունը ազատելու համար շատ ուշ էր արդեն, երբ թաղեցիները վազեցին այրող տան շուրջը։

Ամենքն ալ մեկ աղաղակ մը արձակեցին միաբերան․

— Մամիկը.․․

Հրդեհին լուրը տարածված էր, և հեռավոր թաղերեն կվազեին կուգային, որոնց մեջ նաև Սերոբ ու Մկրտիչ, ափիբերան մնացին, երբ տեսան իրենց տան բոցավառ ահարկու վիճակը։

Տունը, զոր առջի օրը վարձու տված էին, կայրեր. հապա պառավ մամի՞կը։ Գոնե զանիկա ազատեին։ Բայց անկարելի էր ներս մտնել։

— Նինե՛, նինե՛․․․

Իբրև պատասխան այս կոչին, տան վերնահարկի մեկ պատուհանը, որ դեռ բոլորովին պաշարված չէր բոցերեն, հանկարծ բացվեցավ և մամիկին թոմթռկած դեմքը երևցավ, ճերմակ մազերը գլխուն վրա խռվացած, բոցերեն լուսավոր։

Երկու թոռները զայն տեսնելուն պես սկսան պոռալ կանչվըռտել.

― Նինե՛, նինե՛...

Նինեն տեսավ զանոնք և իր մատովը սպառնագին շարժումներ կըներ իր ապերախտ թոռներուն, որոնք զինքը դուրս նետել կուզեին իր սիրական տունեն։

― Չէ՛, թեոպե, նինե՛, քիրայի չենք իտար, վա՜խ նինե, վար նետվե՛, նինե...

Երբ վերջին բոցը եկավ իր ալիքին մեջ թաղեց այն պատուհանը, ուր կեցած էր մամիկը, վրեժխնդիր պառավը՝ իր դիվային աչքերը բոցերու մեջ, կաս-կարմիր, հառած իր թոռներուն վրա, տակավին իր մատովը կսպառնար անոնց...