Jump to content

Երբ քո դագաղը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***

- Երբ քո դագաղը հանեցին տանից,
Թքած ունեցիր աշխարհի վրա,
Ինչպես թքում էր նա իսկ քեզ վրա,
Արդեն չես տեսնում ու զգում ոչինչ,
Արդեն մոռացիր դու նրա մասին,-
Ասաց ինձ մի օր մի խենթ հարբեցող,
Մի փողոցային կորած ստահակ:
- Այդ միևնույնն է` ինչպես ես ապրել,-
Շարունակեց նա գունատ ու մռայլ,-
Օրինապահ ես թե դատարկապորտ,
Դու արդեն անցար, էլ չես տեսնելու
Այս կյանքը անդուռ ու անպատուհան,
Այս ծիածանը` ընդմիշտ յոթնագույն:
Թե բախտդ բերի, քո վերջին օրը
Հեռացիր այդպես` ձեռքերի վրա
Քեզ սիրողների, քո ընկերների:
Այս կյանքը ի՞նչ էր աօրած օրերիդ,
Որ մահվանից ետ քեզ ինչ խոստանա:
Օ՜, ես չեմ ուզում, դուք ինձ չհիշեք,
Քանզի չեմ ուզում կրկնակի մահվան
Անվերջ նորոգվող դռներին զարկվել,
Թող որ մոռացվեմ ընդմիշտ ու ընդմիշտ:
Այսպես ավարտեց իր խոսքը դժգույն,
Ապա լուռ կոնծեց օղու բաժակը,
Ձեռքը թափ տվեց մի վերջին անգամ
Ու օրորվելով անձայն հեռացավ: