Jump to content

Երգն այս անզոր ու անզարդ…

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

* * *


Երգն այս անզոր ու անզարդ,
Թող հիշեցնե քեզ կրկին
Գարնան անձրևն այն զվարթ
Եվ «Եդեմ» այգին։
Այսօր անձրև է նորից,
Բայց աշնայի՜ն, հյուսիսյան.
Ինչպե՞ս չըզգամ ես թախիծ,
Ինչպե՞ս չափսոսամ։

Ինչպե՞ս սրտով մորմոքուն,
Ինչպե՞ս, ինչպե՞ս չըթերթեմ
Հուշեր, որ դառն այս մեգում
Երազ են արդեն…

Շողարձակ այդ աչքերիդ
Որպես գերի մի անզեն,
Ինչպե՜ս կիզող ցոլքերիդ
Սիրտը չըպարզեմ…

1914