Երգում է քաղաքն...
Արտաքին տեսք
Երգում է քաղաքն...
Երգում է քաղաքն իր երգն առօրյա,
Իսկ ես — մտածկոտ, տրտում ու լռին —
Կանգնել եմ ահա կամուրջի վրա
Եվ նայում եմ հորդ, հեռացող ջրին։
Նայում եմ տարված, մոռացված, անթարթ։
Վազում են, վազում ջրերը անվերջ։
Փրփուրի միջից ահա մի նայադ[1]
Ինձ ձեռքով արավ և իր մոտ կանչեց։
Որպես մանկական կապույտ երազում—
Խառնվեց ահա ճերմակ փրփուրին.
Եվ թվում է, թե կամուրջն է վազում,
Որ հասնի անդարձ հեռացող ջրին...
- ↑ նայադ — դից. հոսող ջրերի հավերժահարս. գետային ջրահարս: