Jump to content

Փողոցների մեջ կա մի անանուն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Փողոցների մեջ կա մի անանուն


Փողոցների մեջ կա մի անանուն,
Անըմբռնելի կարոտի ճախրում:
Լսում ես, զգում, բայց չես հասկանում
Եվ չես ըմբռնում կարոտը ճախրուն:
Կառքերի վազքում, դեմքերում օտար,
Անհասկանալի հայացքում կանանց —
Թվում է հանկարծ, թե ահա գտար
Հավերժականի ուրվականն անանց:
Ճախրում է մեկը փողոցի վրա`
Հզոր ու անմահ, որպես ժամանակ. —
Իսկ ինքդ կարծես ստվե՜րն ես նրա`
Մի անմիտ ժպիտ, մի տխուր հանաք:

1916