Jump to content

Երգում է քաղաքն...

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Երգում է քաղաքն...


Երգում է քաղաքն իր երգն առօրյա,
Իսկ ես — մտածկոտ, տրտում ու լռին —
Կանգնել եմ ահա կամուրջի վրա
Եվ նայում եմ հորդ, հեռացող ջրին։
Նայում եմ տարված, մոռացված, անթարթ։
Վազում են, վազում ջրերը անվերջ։
Փրփուրի միջից ահա մի նայադ[1]
Ինձ ձեռքով արավ և իր մոտ կանչեց։
Որպես մանկական կապույտ երազում—
Խառնվեց ահա ճերմակ փրփուրին.
Եվ թվում է, թե կամուրջն է վազում,
Որ հասնի անդարձ հեռացող ջրին...


  1. նայադ — դից. հոսող ջրերի հավերժահարս. գետային ջրահարս: