Jump to content

Երգչի անեծքը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Երգչի անեծքը

Թարգմանությունը՝ Հովհաննես Հովհաննիսյանի

Երգչի անեծքը


Դարեր առաջ կար բարձրաբերձ պարիսպներով մի դղյակ —
Հոյակապ էր, փառքն հասել էր մինչև օվկիան կապուտակ.
Շուրջը փռված ծաղկապսակ անուշաբույր պարտեզներ,
Թարմ, զովաշունչ շատրվաններ ցայտում էին վառ շիթեր։

Եվ բազմահաղթ այնտեղ նստող գոռոզ արքան հողաշատ
Բազմած էր յուր գահի վերա մռայլ դեմքով ու գունատ.
Ամեն խորհուրդն արհավիրք էր, կատաղությո՛ւն աչքերում.
Նորա ամեն խոսքը — կորո՛ւստ, արյուն էր նա միշտ գրում։

Այս ամրոցը երկու ազնիվ երգիչ գնացին մի անգամ.
Մեկն ալեզարդ, մին պատանի ոսկեգանգուր ու փարթամ.
Տավիղն ուսին, մի գեղեցիկ նժույգ հեծած ծերունին,
Նորա կողքին գնում էր առույգ ծաղկահասակ պատանին։

Ծերուկն ասաց յուր ընկերին. «Պատրաստ եղի՛ր, իմ որդյա՛կ.
Մեր սրտառուչ տաղերն հիշի՛ր, երգի՛ր ազատ, համարձակ.
Երգի՛ր և՛ վիշտ, և՛ խնդություն մատաղ ձայնով դու հզոր,
Գոռ արքայի քարե սիրտը պիտի շարժենք մենք այսօր»։

Արդեն շքեղ և սյունազարդ նոքա սրահումն են կանգնած.
Գահի վերա թագավորը և թագուհին են բազմած.
Նա սիգապանծ, ինչպես փայլը արյունավառ հյուսիսի,
Իսկ թագուհին քնքուշ՝ նման արուսյակին լուսալի։

Զարկեց ծերուկն ոգևորված նուրբ լարերին մատներով,
Ճոխ արձագանք տվին նոքա լիահնչյուն ձայներով.
Եվ գեղգեղեց տաղ երկնարժան չքնաղատես պատանին,
Ինչպես համերգ ոգիների և խլաձայն ծերունին։

Նոցա երգն է գարուն և սեր, երանավետ ոսկեդար,
Ազատություն, խոսք ճշմարիտ, արիության գործ արդար,
Եվ հեշտության ամեն վայելք, որ հուզում է սիրտ մարդկան
Եվ այն ամենն, որ կարող է մարդուն տալ տիպ վեհության։

Պալատական ասպետները ծաղու խոսքեր մոռացան,
Եվ անվեհեր զինվորները հզոր երգիցն հաղթվեցան.
Իսկ թագուհին՝ սիրտը շարժված, աչքին արցունք բերկրալից.
Ահա հանեց ձգեց երգչին չքնաղ մի վարդ յուր կուրծքից։

«Գայթակղեցիք դուք իմ ազգը. կամիք խլել և իմ կի՞ն»–
Ահեղ գոչեց, դողաց մարմնով թագավորը մոլեգին.
Ձգեց սուսերն, օդում ցոլաց, մատաղ կուրծքը պատառեց,
Ոսկեհնչյուն երգերի տեղ կուրծքիցն արյուն դուրս ցայտեց։

Ասես մրրիկ իսկույն ցրվեց այն ունկնդիր ամբոխին.
Յուր վարպետի գրկումն հոգին փչեց դժբախտ պատանին.
Ծածկեց մարմինն նա թիկնոցով, նստացրեց երիվար,
Ամուր կապեց և ամրոցից նա հեռացավ վշտահար։

Եվ դուրս եկավ, կանգնեց բարձր դարպասի դեմ ծերունին
Եվ ձեռքն առավ տավիղն, ամեն տավիղներից մեծագին.
Զարկեց նորան կճյա սյանը, փշուր-փշուր խորտակեց,
Դեպի ամրոցն ու պարտեզներ սոսկալի ձայն արձակեց։

«Վա՜յ քեզ, խրոխտ դու ապարանք, թող ոչ մի ձայն քաղցրության,
Լարի հնչյուն, երգ չլսվի քո հարկի տակ հավիտյան,
Այլ ստրուկների երկչոտ քայլեր և հառաչանք, հեծություն,
Մինչ չար ոգին վրեժխնդրության քեզ դարձընե սև աճյուն։

Վայ ձեզ, և դուք անուշաբույր, գարնանագեղ պարտեզներ.
Տեսեք ահա մանուկ երգչի դեմքին սառած տանջանքներ.
Թող սորա տեղ դուք թառամիք, աղբյուրներըդ ցամաքեն,
Գալ օրերին թող քար կտրած և ամայի ձեզ տեսնեն։

Վա՛յ քեզ, նզո՛վքդ երգիչների, վայ քեզ, անա՛րգ մարդասպան
Արյունպսակ փառքի համար մարտըդ լինի թող ունայն.
Թող մոռացվի քո անունը մշտագիշեր խավարում,
Ինչպես մահվան վերջին հառաչք, սին ձայն, ցնդի՛ թող օդում»։

Ծերուկն ասաց, և երկինքը լսեց նորա պաղատանք.
Պարիսպները փոշի դարձած, կործանված է ապարանք.
Բարձր մի սյուն դեռ վկա է անցյալ ավուրց փառավոր.
Այն էլ շուտով պիտի լինի մի փլատակ սգավոր։

Չըկա բուրմունքն այգիների, շուրջը միայն անապատ,
Չըկա վըտակ, սաղարթախիտ չըկա մի ծառ ստվերաշատ.
Եվ չէ հիշում մի տարեգիր կամ երգ անունն արքայի։—
Այսպես ահա կատարվեցավ անեծքն ահեղ ծեր երգչի։

Թարգմանության տարի՝ 1886