Jump to content

Երեկ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԵՐԵԿ


Իջավ երկինքը, կապույտը դարձավ անօդ մի տարածք,-
եւ քարի ներսում ծաղիկը հանգավ՝ թեւը չբացած,
եւ առուն եղավ սովորական վազք՝ ջրիկ ու անջինջ,
եւ աստղից ընկած արցունքի խորքում շողը թալկացավ,
եւ իմ արյունով ծիլվորած տողը ես դեն նետեցի։

Ես՝ բիրտ ու սնանկ, ես՝ զավակ ցավի ու խոր տրտմության, -
օրվա աչքի մեջ չծաղկեց հոգուս ճախրանքը անզուսպ,
շուրթերս թողի սանձը կոխկրտած ձիու ոտքերին.
սատանան սիրո օրոցքում դրել՝ ինձ մահ է շրշում,
անցնելիք բոլոր ճամփեքի վրա ականված եմ ես։

Վերցրեք ձեռքերս ու մաս-մաս արեք - գրկել են մեղքը,-
իմ սեւ ծննդի համար Աստված էլ ներում է հայցում,
քարն էլ թաղեցեք, որին իմ սրտից արյուն է կաթել,
մարդկանցից հեռու, աղբանոցի մեջ վառեք երգերս...
ապաշխարհեցեք, եթե երբեւէ բարեւել եք ինձ։

Ո՞վ եմ վերջապես - ճամփի շլնքին երազի ջարդոն,-
իմ փետուրներից, խնդրեմ, կապեցեք փողոցի ավել,
ձեր ոտքի ծայրով շոշափեցեք ինձ - հողը փխրուն է,
լեռը անկումն է ջրվեժի խորքում զարթնած կարոտի.
ցողունը կոտրած եղեգը թողեք թեքվի ինձ վրա։