Jump to content

Երեք արմավենի

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Երեք արմավենի

ԵՐԵՔ ԱՐՄԱՎԵՆԻ


(Լերմոնտովից)


Ավազուտ դաշտում Արաբիային
Արմավի երեք գոռոզ ծառ կային,
Ու նոցա տակի գետնից աղբերակ
Կարկաչեցնում էր ջուրն իր սառնորակ,
Ստվերախիտ սաղարթ հովանի էր վրան,
Տոթից, ավազից էր պատսպարան։

Շատ֊շատ տարիներ անհայտ գլորվեցան,
Խոնջացած պանդուխտք բնավ չի մոտեցան,
Չապավինեցան նոցա խորշակեն,
Բերան թաց չարին պաղ աղբերակեն,
Ցամքեցնում էին շողք արեգակին
Ծառերի սաղարթն և ջուրն այն ակին։

Ըսկսան ծառերն տերեն գանգատիլ,
Մի՞թե խամրելու աշխարհք ենք եկել.
Բըսանք, ծաղկեցանք մենք աննըպատակ,
Տոթի, փոթորկի հար միշտ նըպատակ.
Ո՛չ մի պանդխտի չեղանք ապաստան,
Անարդար է, տե՛ր, քու սուրբ դատաստան։

Հազիվ լռեցան, ահա՛ հեռուից
Փոշին դեպի վեր բարձրացավ գետնից,
Զիլ-զիլ լըսվեցան զանգակի ձայներ,
Երևան եկան ճամկավոր հակեր.
Ինչպես ծովի մեջ պատահած նավակ
Շարք֊շարք գալիս էր ուղտի երամակ։

Սապատողներեն դեպի վար կախված
Շերտավոր և խայտ վրանների քղանց,

Ու երբ որ թուխ ձեռք էր այն բարձրացնում,
Ցոլուն աչքեր էր տակից երևում.
Ու թամբադեղին կրծքով դեմ ընկած,
Արաբը դրդում էր ձին մոլեգնած։

Ձին տիք կանգնում էր հետնոտքի վրան,
Ոստնում էր նետահար հովազի նըման.
Ճերմակ թիկնոցի ծալքերը ուսին
Շքեղ ծածանում էին փարիսին.
Ու որոտաձայն աղաղակներով
Զենքը խաղցնում էր ուժգին, չափ տալով։

Այսպես աղմըկով հասավ քարավանն,
Ծառերի ներքև հարվեցավ վըրան,
Դատարկ անոթներ լըցվեցան ջըրով։
Եվ արմավենիք թավ գագաթներով`
Նորեկ հյուրերին բարև են տալիս,
Աղբյուրն էլ նոցա իր ջուրն է տալիս։

Հազիվ թե մութը իջել էր գետին,
Կացինը դիպավ նոցա արմատին.
Եկավորք ծառերը վայր կործանեցին,
Ըստահակ տըղերք կաշին քերթեցին,
Փայտը մանրեցավ սուր֊սուր դանակով,
Խարույկ դիԶեցավ, այրեցավ կրակով։

Երբ որ արևմուտք մեգը մեկնեցավ,
Քարավանը իսկույն տեղեն շարԺեցավ.
Նորա հետևից չոր գետնի վըրան,
Գորշ թեթև մոխիր եկավ երևան.
Մնացորդն արևի շողք ցամքեցուցին,
Հովերն էլ ասդին֊անդին ցըրվեցին։

Ու խոպանացավ վայրըն այն զվարթ,
էլ չեն շրշնջում աղբյուր ու սաղարթ,
Խեղճ ակին ոչ ոք չի պատըսպարում,
Ավազն էլ նորան է միշտ տոչորում.
Գիշատիչ անգղը այնտեղ է գալի`
Ծըվատել֊լափել որսն իր նողկալի։