Կապուտակ ծովի ափին շատ մոտիկ
Երեսուն տարի ծեր էրիկ-կընիկ
Մեկ հատ խըղի մեջ կիսավեր և հին
Լըռիկ հանդարտիկ ու սոսկ կապրեին.
Ծերուկը ծովեն միշտ ձուկ կըբըռներ,
Պառավն ալ տունը դերձան կըմաներ։
Մեկ օր ցանց ձըզեց ծովը ծերունին,
Ու ջըրեն հանեց տիղմ բավականին.
Նա երկրորդ անդամ ցանցը ձըգեց ծով,
Ցանցը լըցվեցավ ջըրաբույս խոտով.
Նա երրորդ անգամ ցանցը ծով ձըգեց,
Ու հանկարծ ոսկի մեկ ձըկնիկ բըռնեց։
Ըսկըսավ ոսկի ձըկնիկը կանչել,
Մարդկային լեզվով այսպես աղաչել.—
«Ծերուկ, թո՛ղ ինձի, որ ծովը երթամ,
Ի՛նչ կուզե սիրտըդ բոլորը կուտամ»։
Զարմացավ ծերը ու սարսափեցավ,
Երբ որ այս խոսքը ականջին հասավ,
Ուղիղ երեսուն տարի ձկնորս էր,
Բայց դեռ չէր լըսած, որ ձուկը խոսեր.
Շուտ ցանցեն հանեց, նորեն ձըգեց ծով
Նա ոսկի ձըկին, այսպես ասելով.
«Տեր ընդ քեզ, անմեղ իմ ոսկի ձըկնիկ,
Գընա՛ ծովի խորք, լողա՛ հանդարտիկ,
Այնտեղ մինչ վերջը ա՛պրե դու անդորր,
Քու պարգևները ինձ չեն հարկավոր»։
|
|
Ասաց ու դարձավ իր պառավ կնկան,
Ու պատմեց նորան հրաշքն այն օրվան,
«Այսօր ես ցանցըս ծովը ձըգեցի,
Ու ծովեն ոսկի ձրկնիկ հանեցի,
Իսկական ոսկի, կըլըսե՞ս պառավ,
Մեզ պես ձըկնիկը խոսել ըսկըսավ,
Խոստացավ նա ինձ շատ գանձ, շատ բաներ,
Խոստացավ ինձ տալ ի՛նչ սիրտըս ուզեր.
Բայց ես նորանեն բան չպահանջեցի,
Առանց փրկանքի ծովն արձակեցի»։
Պառավը ծերի վրա բարկացավ,
Ու հիշոցք տալով այսպես խոսեցավ.
«Ծերո՛ւկ դու անմիտ, ծերո՛ւկ դու հիմար,
Ինչո՞ւ վարձ չառիր փրկանքի համար...
Գոնե լըվացքի մեկ տաշտ խնդրեիր,
Մերը կոտրած է,— այդ խոմ գիտեիր»։
Կապուտ ծովի ափ ծերուկը գնաց,
Ծովի երեսը կամացուկ ծըփաց,
Ըսկըսավ կանչել նա ոսկի ձըկին.
Եկավ ձըկնիկը, ասաց ծերուկին.
«Ի՞նչ կըկամենաս, ծերուկ պատվական»։
Ծերուկը այսպես տրվեց պատասխան.
«Պառավիս սիրտը շատ բորբորքած է,
Իբր թե լվացքի տաշտը կոտրած է,
Նորը, կասե նա, բե՛ր ինձի համար,
Ու խեղճ ծերուկիս չուզե տալ դադար»։
«Մի՛ տրտմիլ, ասաց նորան ձըկնիկը,
Նոր տաշտ կունենա այսօր քոլ կնիկը»։
Ծերուկը ուրախ դեպի տուն դարձավ,
Պառավի առջև մեկ նոր տաշտ տեսավ.
Պառավը ուրախ լինելու փոխան,
Նոր֊նոր անեծքներ կըթափեր վըրան.
«Ծերո՛ւկ դու անմիտ, ծերո՛ւկ խելագար,
|
|
Ի՜նչ մեծ բախտ է որ մեկ տաշտ ըստացար,
Տաշտը շատ չնչին բան է, ով անմիտ,
Շուտ գընա ձըկին ու խը՛նդրե խըրճիթ»։
Դեպի կապուտ ծով ծերունին դարձավ,
Ծովի կապուտակ գույնը մըթացավ.
Ըսկըսավ կանչել նա ոսկի ձըկին.
Եկավ ձըկնիկը, ասաց ծերուկին.
«Ի՞նչ կըկամենաս, ծերուկ պատվական»։
Ծերունին այսպես տըվեց պատասխան.
«Իմ պառավ կինը սաստիկ է կատղել,
Այլևըս չուզե հյուղի մեջ ապրել,
Կասե թե` խըրճիթ պետք է ինձ համար,
Ու խեղճ ծերուկիս չուզե տալ դադար»։
Ձըկնիկը ծերին տըվեց պատասխան.
«Մի՛ հոգալ֊տրտմիլ, ծերուկ պատվական,
Միամիտ սըրտով դեպի տուն գը՛նա,
Քու պառավ կինը խրճիթ կունենա»։
Ծերունին դեպի յուր հյուղը դարձավ,
Առաջվա հյուղի հետքն ալ չըգտավ,
Իրեն աչքերուն նա չի հավատաց,
Առջևը սիրուն խըրճիթ էր կեցած,
Կըտուրի վրա կար սպիտակ ծըխան,
Մաքուր սենյակի մեջ տեսավ կընկան,
Որն որ փոխանակ Տիրոջ փառք տալու,
Ըսկըսավ էրկան հիշոցներ տալու.
«Ծերո՛ւկ դու անխելք, ծերո՛ւկ դու անմիտ,
Մե՞ծ բախտ է, որ մենք ունեցանք խըրճիթ,
Գը՛նա դեպի ծով ու ասա՛ ձըկան-
Այս է հրամանը իմ խաթուն կընկան,
Ալ գեղջուկ մընալ չուզիմ ես վայրկյան,
Կուզեմ որ լինեմ ես ազնըվական»:
Ծերը դեպի ծով գընաց գլխակոր,
Տեսավ որ ծովը սաստիկ էր պըղտոր,
Ըսկըսավ կանչել նա ոսկի ձըկին.
Եկավ ձըկնիկը, ասաց ծերուկին.
|
|
«Ի՞նչ կըկամենաս, ծերուկ պատվական»:
Ծերունին տըվեց նորան պատասխան.
«Պառավ-քավթառրս խիստ է բարկացած,
Որ մինչև օրս գեղջուկ է մնացած,
Բայց այսպես մընալ չուզե մեկ վայրկյան,
Եվ կուզե լինել կին ազնըվական»:
Ձըկնիկը ծերին տրվեց պատասխան.
«Մի՛ տխրիլ-տրտմիլ, ծերուկ պատվական.
Միամիտ սըրտով դեպի տուն գընա,
Կինըդ այդ բաղդին ալ կարժանանա»։
Ծերուկը իսկույն դեպի տուն գընաց
Ու իր աչքերուն նա չի հավատաց.
Առջևը տեսավ փառահեղ տունը,
Պատշգամբի վրա կանգնած խաթունը,
Սամուրե բաճկոն ուներ նա հագին,
Գլխուն դիպակե գըտակ թանկագին,
Վիզին մարգարտյա մանյակ էր կախած,
Ոսկի մատնիներ մատներին հագած,
Ոտքերին կարմիր թանգ ոտնամաններ,
Առջևը շարած հըլու ծառաներ,
Պառավը նոցա մեջը ման կուգար,
Սաստով ու ծեծով հրամաններ կուտար:
Ծերուկը դող-դող ասաց իր կընկան.
«Բա՜րև քեզ, խաթուն իմ ազնըվական,
Կարծեմ որ այժմ երջանիկ ես դու»։
Կինն չուզաց անգամ վըրան նայելու։
Նորա ծառաներն շտապով վազեցին,
Աղբյուս մաքրելու ախոռ քրշեցին։
Կես ամսըվա չափ հազիվ թե անցավ,
Մեր պառավ կինը նորեն կատղեցավ,
Նորեն ծերուկին առջևը կանչեց
Ու ձըկնիկի քով երթալ հըրամայեց.
«Շո՛ւտ գընա, ասա՛ դու ոսկի ձըկան,
Որ չուզեմ մընալ սոսկ ազնըվական,
Կամ սովորական մեկ իշխանուհի,
|
|
Այլ կուզեմ լինել ազատ թագուհի»։
Այս խոսքերը որ լըսեց ծերունին,
Ասաց վախեցած ու կողկողագին.
«Թըռցրե՞լ ես խելքդ, անըզգա՜մ քավթառ,
Թե՞ ծիծաղեցնել կուզես դու աշխարհ,
Մի՞թե մարդոցմե դու չես ամընչալ,
Որ թագուհի ալ կուզես դու ըլալ»։
Կատղեցավ պառավն, գոչեց սաստկագին
Ու ամուր ապտակ զարկեց ծերուկին.
«Ինչպե՜ս ես կարող տալ լիրբ պատասխան,
Գեղջուկ, դու իմ պես մեկ ազնիվ կընկան.
Դե՛հ, շուտ արա, շուտ, գնար դեպի ծով,
Թե կամավ չերթաս` կըտանեն ծեծեով»։
Տըխուր դեպի ծով ծերուկը գնաց,
Կապուտակ ծովի ջուրն էր սևացած.
Ըսկըսավ կանչել նա ոսկի ձըկին.
Եկավ ձըկնիկը, ասաց ծերուկին,
«Ի՞նչ կրկամենաս, ծերուկ պատվական»։
Ծերուկը տրվեց նորան պատասխան.
«Խելքը թըռել է իսպառ իմ կընկան.
Ա՛լ չուզե մընալ նա ազնըվական,
Խորհուրդ ու խըրատ նա լըսել չուզե,
Ազատ թագուհի ըլալ նա կուզե»։
Ձըկնիկը ծերին տվեց պատասխան.
«Մի՛ տխրիլ-տրտմիլ, ծերուկ պատվական,
Այս անդամ ալ դու հանգիստ տուն գընա՛,
Պառավը թագ ալ գըլխուն կունենա»։
Երբ որ ծերունին դեպի տուն դարձավ,
Առջևը հրաշք-հիացք բացվեցավ.
Շըքեղ փըռված էր ճոխ արքունիքը,
Դահլիճի մեջ էր նորա կընիկը,
Ճաշու սեղանի առջևը նըստած,
Սեղանի վըրա խորտիկներ շարած.
Չորս կողմը դրանիկ ու ավագորեար,
Կըծառայեին նորան անդադար.
|
|
Հալվաներ կուտեր նա ախորժակով,
Գինի կըխմեր մեծ-մեծ բաժակով։
Դըրան մոտ կայնած էին զինվորներ,
Ձեռքերուն բըռնած սուր-սուր կացիններ։
Ծերունին երբ որ պառավին տեսավ,
Ահով ու դողով ոտքերուն ընկավ.
«Բա՛րև քեզ, ասաց, դըշխո. փառավոր,
Ահա՛ քեզ տեսա իսպառ բախտավոր...»
Պառավը էրկա վըրա չի նայեց,
Միայն դահլիճեն փախ-տալ հրամայեց։
Նախարարները վըրա-վազեցին,
Ծերուկին ծեծով արտաքս հանեցին.
Դռնապաններն ալ` ձեռքերը կացին,
Մազ-մընաց խեղճին որ չի մորթեցին.
Իսկ ժողովուրդը վերցուց աղաղակ,
Ծաղր ու ծանակով արավ խայտառակ,
«Օ՜խ, հիմար, ասաց, միշտ խելք սովրեցի՛ր,
Ու մյուս անգամ պատիվդ գիտցի՛ր»։
Դարձյալ կես ամիս որ նորեն անցավ,
Պառավը արդեն իսպառ կատղեցավ.
Նախարարներեն հրամայեց մեկին,
Որ երթա, գըտնե, բերե ծերուկին։
Երբ եկավ ծերը՝ կինն ասաց նորան.
«Ահա՛ լըսե՛ դու իմ խիստ հըրաման.
Գընա՛ ու գիտի՛ր դու ոսկի ձըկան,
Ալ սիրտը չուզե, ասա՛, իմ կընկան
Երկրի վրա լինել ազատ թագուհի,
Այլ կուզե լինել ծովի տիրուհի.
Ովկիանոս-ծովի մեջ կուզե կենալ,
Ոսկի ձուկիդ ալ ծառա ունենալ»։
Չհամարձակվեցավ խեղճուկ ծերունին,
Հակառակ մեկ խոսք ասել պառավին.
Գըլուխը կախած գընաց դեպի ծով,
Տեսավ, որ ծովը սաստիկ էր խըռով։
Ահեղ կըգոռար կատղած փոթորիկ,
|
|
Վեր ու վար էին փըրփրած ալիք.
Ըսկըսավ կանչել նա ոսկի ձըկին.
Եկավ ձըկնիկը, ասաց ծերուկին.
«Ի՞նչ կըկամենաս, ծերուկ պատվակակ»։
Ծերունին նորան տըվեց պատասխան.
«Ա՜խ, ե՞րբ պիտ լինի վերջը իմ ցավին.
Ալ սիրտը չուզե հիմար պառավին,
Երկրի վրա լինել մեկ սոսկ թագուհի,
Այլ կուզե լինել ծովի տիրուհի,
Ովկիանոս֊ծովի մեջ կուզե կենալ,
Քեզ ալ յուր ծառա, դեսպան ունենալ»։
Ձըկնիկը ոչինչ չպատասխանեց,
Պոչը կամացուկ նա ջրին խփեց,
Լուռ ու մունջ ջուրի մեջը սուզեցավ
Ու ծովի խորքը գընաց պահվեցավ։
Երկար ըսպասեց նորան ծերուկը,
Ալ չի երևցավ խեղճ ոսկի ձուկը.
Իրիկնադեմին տուն վերադարձավ
Ու առջև այսպես պատկեր բացվեցավ —
Նորա պառավը շեմքին էր նըստած
Ու կոտրած տաշտը կար նորա դիմաց։
|
|
|
|