Երկարում եմ իմ ձեռքերը
Բայց չե՜ն հասնում.
Դու մնում ես հեռու՜-հեռու՜,
ես մնում եմ հեռու՜-հեռու՜...
Անխոս, անլաց ես պառկում եմ
խոտերի մեջ,
արեւներ են գալիս-գնում՝
ես պառկած եմ,
անձրեւներ են գալիս-գնում՝
ես պառկած եմ,
ու իմ շուրջը
վարար-վարար շրշյուններով
բարձրանում են ծաղիկ ու խոտ,
բարձրանում են օրեր, տարիք,
բարձրանում ու ծածկում են ինձ։
Մոռացվում եմ։
Հետո, շատ ուշ, ես չեմ լինի,
Հետո, շատ ուշ, դու չես լինի,
Բայց կլինեն
Քեզ երկարված իմ ձեռքերը...