Jump to content

Կանաչ ժամ ես դու

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԿԱՆԱՉ ԺԱՄ ԵՍ ԴՈՒ


Չապրած պահերիս արթնացումն ես դու...
Պահերն այդ պիտի վերադարձնեն ինձ
Անհարթելի,
Կոշտ
Ճանապարհներին,
Որ, քո ասելով, նկարագիրս են։
Պահերն այդ պիտի կանգնեցնեն ինձ
Մեր ծմակներում,
Որ համադրվեմ իմ ակունքներին,
Որ ինքս ինձ հետ ներդաշնակվեմ ես։
Չապրած պահերիս արթնացումն ես դու...
Դու, որ ծաղիկ չես,
Քար չես,
Շաղիկ չես,
Որ, ճիշտն ասած, չգիտեմ՝ ինչ ես,
Քանդակվում ես իմ շուրթերի վրա՝
Որպես շոգ ամառ
Կամ՝ ծարավ որպես,
Հետո ջրի պես՝ դեռ շուրթ չտեսած,
Գալիս-հոսում ես դու իմ շուրթերով։
Կանաչ օրերիս կանաչ ժամն ես դու...
Եվ սկսում եմ քեզ սիրել արդեն,
Ինչպես հայրենի գյուղիս քարերին,
Մասրենու փշին,
Վարդին,
Խոտերին,
Արթնացումն ես դու կանաչ հանդերի։
Մեր հին հանդերով անցնելիս... կամա՜ց,
Մի քիչ ականջ դիր,
Տես, պահվո՞ւմ են դեռ իմ շշուկները,
Տես, կճանաչե՞ս դու քարայրը այն,
Ուր ես փակվել եմ
Որպես մի Մհեր,
Քարայրի դուռը ծեծիր, սիրելիս,
Ելնելուս պահը ախր չի՞ անցնում...

Չեկած պահերիս արթնացումն ես դու...