Jump to content

Երկինքը մնաց

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***

Երկինքը մնաց կռունկի թեւին, -
Եվ համատարած ճերմակ է հիմա,
Եվ ձյունի վրա ընկած փետուր կա,
Եվ աղբյուրն իրեն կորցրել՝ չի գտնում,
Եվ սպասում եմ՝ ականջս ձայնի։

Դու մի խոսք ունես՝ ինձանից պահված, -
Եվ սիրտը ամեն ճյուղի չի իջնում,
Եվ ամեն բողբոջ դեռ աչք չէ գարնան,
Եվ հարսնացում չէ ամեն մի երազ,
Եվ ես վառվում եմ՝ ականջս ձայնի։

Իմ ափից խոնարհ եղեգ է ելնում, -
Եվ ցավի մեջքն է ոլոր մեղեդի,
Եվ չի բռնվում շողը մատներով,
Եվ ես հալվում եմ կտուցին կրծքիդ,
Եվ հույս եմ դառնում՝ ականջս ձայնի։

Թեքվում է պահն իր ցողունի վրա, -
Եվ քո թերթերը իջնում են դեմքիս,
Եվ դու ջրերի ոստյուն ես դառնում,
Եվ քո «մամ» կանչում արեւն է ծաղկում,
Եվ լույս եմ դառնում՝ ականջս ձայնի։

Աստծո աջը իջնում վրաս, -
Եվ շունչդ ոգու դալարում է սուրբ,
Եվ տիեզերքը զանգում է քո մեջ,
Եվ քո թեւերը խոսող ձկներ են,
Եվ ես տունն եմ քո՝ ականջս ձայնի։