Jump to content

Ներկիր իմ արյամբ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՆԵՐԿԻՐ ԻՄ ԱՐՅԱՄԲ


Բառերն իմ միջով հոսում են մեղսոտ,
Առվից թեւեր են լեռներն աղերսում,
Իմ իսկ հորդումից խցանվում եմ ես,
Պատուհանի հետ չի հաշտվում օրս,
Եվ դու շոյում ես ցավը քեզ մաշող։

Հորիզոնները ծանր են պատի պես, -
Աչքերդ հեռվից չեն վերադառնում,
Անթամբ ձիերի վարգը անտեր է,
Ո՞ւմ ջաղացքարն է շարժում արցունքդ,
Եվ ինչո՞ւ Աստված մոռացել է մեզ։
Երազս ձեռքի նման մեկնում եմ, -
Աղբյուրն աղջիկ է՝ դեռ մանկության մեջ,
Թե սա տունն է մեր՝ ո՞ւր է մայրիկս,
Թեւը փախչելու համար չէ, մեղա՜,
Եվ թռչում ես դու, դու ո՞ւր ես թռչում։

Սերը - Աստծո շնչից պոկված վարդ, -
Վերծանիր դու ինձ իմ անբառ գրով,
Սաղմոսվիր կրծքիս՝ թռիչքում աստղի,
Կարոտս մթան դեմքին մոմ արա
Եվ փետուրներդ ներկիր իմ արյամբ։