Երկնային պատիժ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ղարաբաղ Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Գ (Երկնային պատիժ)

Վարդան Հակոբյան

Մենախոսություն
ԵՐԿՆԱՅԻՆ ՊԱՏԻԺ

...Թե այս աշխարհի
բոլոր ծառերն էլ մոմեր դարձնեմ,
դարձյալ քիչ են, քիչ,
արդարության սուրբ նահատակներին
վառած մոմերով
                հիշելու համար:



ԱՌԱՋԻՆ ՄԱՍ

Բեմում խավար է։ Լույսի հայելու մեջ երեւում է Արեւիկը։ Նա շքեղ, երկարավուն հասակ ունի, վարսերը անփութորեն թափված են ուսերին։
Վառում է մոմերը, ապա կանգնում՝ դեմքով դեպի դահլիճը։

ԱՐԵՎԻԿ
Խավարը մեծ է, իսկ մոմը՝ փոքրիկ,
բայց միեւնույն է,
իմ բաժին լույսը ես պիտի վառեմ,
թեկուզ լավ գիտեմ՝
թե այս աշխարհի
բոլոր ծառերն էլ մոմեր դարձնեմ,
դարձյալ քիչ են, քիչ,
արդարության սուրբ նահատակներին
վառած մոմերով
հիշելու համար։
ՄԱՅՐ
Նորից արթո՞ւն ես...
ԱՐԵՎԻԿ
Եվ կուզենայի ոչ-ոք չքներ։
ՄԱՅՐ
Ինչո՞ւ, աղջիկս, տանջում ես դու քեզ
եւ խանգարում ես քունն ուրիշների։
ԱՐԵՎԻԿ
Մարդկային բոլոր սրտերը իրար
կապված լինեին
սիրո այնպիսի անտես թելերով,
որ թե աշխարհի հեռու ծայրում էլ
մի սիրտ փուշ մտներ՝
ոտքի կանգնեին ամենքը մեկտեղ,
ոչ ոքի աչքը քնով չփակվեր,
եւ թավալվեին անկողնում արթուն,
անքնությունը
քաշքշեր նրանց՝
քանի դեռ փուշը սրտից չի հանվել։
ՄԱՅՐ
Աղջիկս, մարդիկ սովոր են միայն
փշեր խրելու...
Եվ շատ քչերն են,
որ փուշ հանելու արվեստը գիտեն։
ԱՐԵՎԻԿ
Քչերից գոնե թող մեկնումեկը
կանգնի իմ կողքին, ինձ սատար լինի։
ՄԱՅՐ
Քո սրտի ցավը խորն է այնքան,
այնտեղ ոչ ոքի
ձեռքը չի կարող հասնել, աղջիկս։
Եթե նույնիսկ իմ՝ հարազատ մորդ,
ձեռքը կարճ է շատ,
էլ ո՞վ պիտի քո
ցավին ձեռք մեկնի։
ԱՐԵՎԻԿ
Բայց այնպես լավ էր նա սիրտս տեսնում։
ՄԱՅՐ
Նա...
ԱՐԵՎԻԿ
Բնակեցված էր սիրտս տաք լույսով։
ՄԱՅՐ
Եվ այս էլ երկրորդ ամիսն է անցնում,
ոչ մի լուր չկա...
Ո՞ւր տարան նրան։
ԱՐԵՎԻԿ
Սիրտս վատ բան է գուշակում, մայրիկ,
նա կենդանի՞ է,
գուցե ինձանից թաքցնո՞ւմ ես դու։
ՄԱՅՐ
Վառիր քո վերջին մոմն էլ, աղջիկս,
անկողին մտիր։
ԱՐԵՎԻԿ
Ոչ մի ժամանակ աչքիս քուն չի գա,
էլ ինչպե՞ս քնել,
երբ քուն է մտել մարդու խիղճն արդար,
հավատը անգամ,
մաքուր հավատը,
էլ ո՞ւմ հավատալ, ինչպե՞ս հավատալ...
ՄԱՅՐ
Հավատդ արթուն պահիր, աղջիկս,
իսկ դու էլ, քնիր,
շուտով կբացվի Աստծու օրվա
լույսը գեղեցիկ
եւ իր հետ գուցե մի լավ լուր բերի։
ԱՐԵՎԻԿ
Ես չեմ հավատում... Կզանգեմ հիմա
ոստիկանություն,
ոտքի կհանեմ պարետ ու զինվոր,
կահազանգեմ ես երկրագնդով մեկ...
Թող բռնեն գողին,
թող բռնեն, բռնեն...
ՄԱՅՐ
Աղջիկս, հանգիստ...
ԱՐԵՎԻԿ.-
Չէ, ես կզանգեմ... Թող, ես կզանգեմ։
ՄԱՅՐ
Բայց քո արածը նման է անչափ
խելագարության։
Մե՜ղա, տեր Աստված...
Խլեցիր նրա սերն ու հավատը,
գոնե խելքը թող մնա տեղն իր։
Մե՜ղա, տեր Աստված, մե՜ղա քեզ, մե՜ղա։
ԱՐԵՎԻԿ
Ալլո...
ՄԱՅՐ
Սթափվիր, բալաս... Երազի մեջ ես։
ԱՐԵՎԻԿ
Երազ տեսնում են լոկ քնածները,
իսկ ես արթուն եմ։
Ալլո... Լսո՞ւմ եք։
ՄԱՅՐ
Աղջիկս, կգան, կտանեն մեզ էլ։
ԱՐԵՎԻԿ
Չարենցի փողոց, թիվ համար երկու։
Գողություն է մեր տանը կատարվել։
Օգնեք, խնդրում եմ... Արեւիկ Հուրյան։
ՄԱՅՐ
Եվ ո՞ւմ ես դիմում, խեղճահար իմ որբ,
այդ նրա՞նք չէին,
որ տարան երեկ մեր անմեղ Հայկին
ու քո հավատը գողացան քեզնից։
ԱՐԵՎԻԿ
Ինձ համար մեկ են բոլորը արդեն,
եւ ես բոլորից պիտի պահանջեմ։
ՄԱՅՐ
Աղջիկս, գուցե տաքությո՞ւն ունես,
հիվանդ ես ասես...
Մտիր անկողին։
Զառանցում ես դու։
ԱՐԵՎԻԿ
Ճշմարտությունը հնչում է հիմա
որպես զառանցանք,
անմեղությունը՝ մեղք է ու հանցանք,
պիտի կործանել,
պիտի խաբել միշտ,
պիտի սողոսկել ամեն ինչի մեջ,
սողալ ու սողալ,
շողոքորթելու արվեստը սերտել,
կոխկրտել անգամ մերձավորներիդ,
անցնել ու գնալ,
այլապես պիտի կործանվես ինքդ,
թե հաշվում ես, որ
դեռ չես կործանվել։
Մինչեւ ե՞րբ պիտի հնամաշ երգն այս
նորովի հնչի այս հին աշխարհում...
ՄԱՅՐ
Աշխարհն է այդպես։
ԱՐԵՎԻԿ
Այդ դեպքում, ասա, ինչո՞ւ համար ես
ինձ աշխարհ բերել,
ո՞ր մեղքիս համար,
որ տառապանքը կրկնապատկե՞ս
այս ինքնակործան աշխարհում։ Այո՞։
ՄԱՅՐ
Օ, ոչ, աղջիկս։ Որ մի մոմով էլ
խավարի կուրծքը այրող լույսերի
թիվն ավելանա...
Պետք է խավարի պատերը մաշել։

Դռան զանգ։ Դուռը բացվում է։ Ներս են մտնում
ոստիկանները։

Ա. ՈՍՏԻԿԱՆ
Ովքե՞ր են զանգել ոստիկանություն...
ԱրԵՎԻԿ
Այդ ես եմ զանգել։
Բ. ՈՍՏԻԿԱՆ
Անուն-ազգանուն։
ԱՐԵՎԻԿ
Արեւիկ Հուրյան։
Ա. ՈՍՏԻԿԱՆ
Ինչ-որ ինձ ծանոթ ազգանուն է դա։
Ի՞նչ բողոք ունեք։
ԱՐԵՎԻԿ
Պարոն ոստիկան։ Տեսնո՞ւմ եք տունն այս,
այստեղ կատարվեց գողություն մի մեծ։
Ա. ՈՍՏԻԿԱՆ
Ի՞նչէ գողացված։
ԱՐԵՎԻԿ
Հավատս, պարոն...
Ա. ՈՍՏԻԿԱՆ
Գրիր՝ ինչ կասի... Արժեքը ասեք։
Բ. ՈՍՏԻԿԱՆ
Ես մի քիչ լավ չեմ լսում, ներեցեք,
ի՞նչ եք կորցրել։
ԱՐԵՎԻԿ
Ես չեմ կորցրել, վերցրել են ինձնից,
խաբել, գողացել։
Ա. ՈՍՏԻԿԱՆ
Ի՞նչ են գողացել։
ԱՐԵՎԻԿ
Հավատս մաքուր, պարոն, հավատս։
Բ. ՈՍՏԻԿԱՆ
Ես չեմ հասկանում... Ինչի՞ մասին է
աղջիկը խոսում։
Գուցե մոդայիկ մի նոր բա՞ն է դա։
ԱՐԵՎԻԿ
Օ, ոչ, պարոններ, մեր այս աշխարհում
մոդայից ընկած չնչին բան է դա,
անունը՝ հավատ։
Ա. ՈՍՏԻԿԱՆ
Արժողությունը...
ԱՐԵՎԻԿ
Եվ չունի արժեք։
Բ. ՈՍՏԻԿԱՆ
Խոսքը հավատի մասին է ոնց որ,
բայց Աստված գիտե, թե ինչ է ուզում,
աչքիս տկար է երեւում մի քիչ։
ՄԱՅՐ
Այո, պարոններ, մի քիչ տկար է,
աղջիկս ունի անքնություն,
խնդրում եմ ներել։
Ա. ՈՍՏԻԿԱՆ
Այդ դեպքում՝ ինչո՞ւ ահազանգում եք
ոստիկանություն... Երբ պարետային
ժամը քաղաքում վաղուց խփել է։
Պարզապես պիտի անկողին մտնել
ու կանչել բժիշկ։
(Շրջվում է)։
Իսկ այս մոմերը նա՞ է վառել, հա՞...
ՄԱՅՐ
Այդ ես վառեցի, աղջկաս հոգու
փրկության համար...
Բ. ՈՍՏԻԿԱՆ
(Հեգնանքով)։
Նաեւ հավատի փրկության համար...
ԱՐԵՎԻԿ
Հիվանդը ես չեմ... Եվ, պարոն, զուր եք
ծաղրում դուք նրան,
ում հավատը որ
դուք եք գողացել։
Բ. ՈՍՏԻԿԱՆ
Տկար է, սակայն առողջ է լեզուն։
ԱՐԵՎԻԿ
ՈՒզում եք, ասեմ՝ գողացել են իմ
ոսկինե՞րն ամեն։
Թեկուզեւ ոսկու մի գրամ չունեմ։
Եվ դուք իրարով կանցնեք շատ արագ,
իսկ հավատն ի՞նչ է,
ի՞նչ արժեք ունի...
Ա. ՈՍՏԻԿԱՆ
(Մորը)։
Պառա՛վ, անկողնում դրեք հիվանդին,-
իսկ մեզ վճարեք միայն հինգ դոլար՝
ոստիկանությանը խաբելու համար,
պարետատանը պիտի զեկուցեմ։
ՄԱՅՐ
Ի սեր Աստծո, ներեցեք դուք մեզ,
երկու տարի է՝ գործադուլի մեջ,
մի գրոշ անգամ չունենք տանը մեր։
Ա. ՈՍՏԻԿԱՆ
Այդ դեպքում ձեզնից որեւէ մեկը
հետեւի թող ինձ։
ԱՐԵՎԻԿ
Մենք ձեզ չենք խաբել, վերադարձրեք
դուք մեր հավատը։
Ա. ՈՍՏԻԿԱՆ
Դուք արդեն մեզ էլ մեղադրո՞ւմ եք
գողության մեջ, հա՞։
Ձեր ուզածը մի լապտեր չէ, հանեմ
գրպանից ու տամ...
Գրպանի լապտեր լիներ հավատը,
չէի խնայի քեզ պես աղջկան։
ԱՐԵՎԻԿ
Դուք մի շփոթեք,
հավատը ոչ թե դատարկ գրպանի,
սրտի լապտեր է,
եւ նրա լույսը ոգուց է ծնվում։
Բ. ՈՍՏԻԿԱՆ
(Մոտենում է վառվող մոմերին)։
Իսկ այստեղ ո՞վ է, այս ո՞վ է ասեք։
Մոմեր եք վառել, ինձ ծանոթ դեմք է,
Քրիստոս եք դուք դարձնելու շուտով։
ԱՐԵՎԻԿ
Նա ամուսինս է, իմ ազնիվ Հայկը,
վեց շաբաթ առաջ
ձեզ նմանները տարան մեր տնից
ու մինչեւ հիմա ոչ մի լուր չկա։
Ա. ՈՍՏԻԿԱՆ
(Նկարին)։
Դեհ, ձեռքերդ վե՛ր։
Բ. ՈՍՏԻԿԱՆ
Բայց այն նկար է։
Ա. ՈՍՏԻԿԱՆ
Կապել թեւերը անզուսպ աղջկա
եւ տանել ուղիղ պարետային կետ՝
ծայրահեղական է ոտքով ու գլխով։
ԱՐԵՎԻԿ
Նա հանցագործ չէ... Ազնիվ մարդ է նա։
Եվ եթե ուներ հանցագործություն,
դա նրա արդար լինելն էր միայն
եւ այն է, որ իր արդար պահանջից
ոչ մի ժամանակ չի հրաժարվի։
Մենք ի՞նչ ենք ուզում... մեր սուրբ ոստանը,
մայրը հարազատ, Մեր Հայաստանը։
Բ. ՈՍՏԻԿԱՆ
Ի՜նչ լեզու ունի... Դա դուք չեք տեսնի։
ՄԱՅՐ
Խնդրում եմ, նրան դուք ձեռք մի տվեք,
նա հիվանդ է լոկ,
տաքություն ունի,
աղաչում եմ ձեզ, ներեցեք նրան։
ԱՐԵՎԻԿ
Եվ պետք չէ, մայրիկ, ինձ ոչ մի ներում,
թե ներողները պետք է որ լինեն
հենց սրանք, այս խեղճ
մեղսագործները։
Ա. ՈՍՏԻԿԱՆ
Բանտի ճաղերը քեզ ծուռ չեն թվա,
ամեն, ամեն ինչ ուղիղ կերեւա
աչքիդ, բանտի մեջ...
Բ. ՈՍՏԻԿԱՆ
Դուք քաղաքական հանցագործին եք
աստվածացնում
եւ խոսում ապա հավատի մասին։

ԱՐԵՎԻԿ
Հավատը միայն արժանապատիվ
մարդուն է վայել,
ձեզ նմանների աչքում նա չունի
ոչ գին, ոչ արժեք։
(Ոստիկանները բռնում են նրա թեւերից)։
Ա. ՈՍՏԻԿԱՆ
Ազատ ապրելը դու չէիր ուզում։
Իսկ հիմա ոչինչ,
կսիրես հեռվից,
բանտի պատերը կշոյեն քո այդ
մատները նուրբ-նուրբ,
քո այդ գեղեցիկ այտերը
բանտի քարերին կառնես,
իսկ քո աչքերի
սեւ կրակները
կվառվեն միայն խավարում խոնավ։
Գնա՛նք, հետեւի՛ր։
ՄԱՅՐ
Օ, ոչ, չեմ թողնի։
ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ
(Նրան մի կողմ հրելով)։
Դեհ, հեռու, պառավ... Երեւում է դու
ապստամբներ ես
մեծացնում այս
տաքուկ որջի մեջ։
Հավատ են ուզում անհավատները։
(Դուրս են տանում Արեւիկին)։
ՄԱՅՐ
(Մենության մեջ)։
Այդպե՞ս, ուրեմն...
Ձեզ պառավ ցույց կտամ՝ տեսեք ձեր աչքով։
Կողքի պահարանիկից հանում է
ատրճանակը, դնում ծոցում,
արագ դուրս գալիս նրանց ետեւից։
ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ

Բանտ։ Սեւ ճաղերի ետեւում աղջիկն է՝ վարսերը «սեւ սուգի» պես փռած ուսերին։ Չնայած անքուն գիշերներին ու տառապանքներին, տեսքը մարտական է, կրակոտ ու չհանձնվող։ Վանդակների առջեւով դեսուդեն քայլում է պահակող ոստիկանը։ Նա մոտենում է վանդակին, ճաղերի արանքով նայում Արեւիկ Հուրյանին, ապա խոսում։

ՈՍՏԻԿԱՆ
Մեղք է, իսկապես, գեղեցկությունը
պահել վանդակում։
ԱՐԵՎԻԿ
Աշխարհում կա հին մի հիվանդություն՝
հավկուրությունը։
Նրանով հիմա վարակված եք դուք,
պարոն ոստիկան,
հազիվ թե զգաք գեղեցկությունը։
ՈՍՏԻԿԱՆ
Ճշմարտության դեմ մեղանչում ես դու,
վանդակված իմ հավք, մեղավոր թռչուն։
Երկու տարի է, այստեղ եմ արդեն՝
քեզ նմանների
գինը լավ գիտեմ։
ԱՐԵՎԻԿ
Դուք նման եք այն համետավորին,
որ ճանապարհի
կեղտից հոտ քաշում
եւ իր գլուխը տնկում է երկնում
անհուն վայելքում սուզվելու համար։
ՈՍՏԻԿԱՆ
Չափը անցնում ես...
ԱՐԵՎԻԿ
Չէ, ձեզ համար չէ, այդ ՉԱՓ կոչվածը։
ՈՍՏԻԿԱՆ
Դրանով միայն քո հին մեղքերին
նորերն ես բարդում։
ԱՐԵՎԻԿ
Մեղք ու կրակ եք,
Խեղճ ու կրակ եք,
պարոն ոստիկան։
ՈՍՏԻԿԱՆ
Հեգնո՞ւմ ես։ Սակայն
ես ողջ աշխարհը կտայի, միայն
թողնեիր մի օր,
մի կարճլիկ գիշեր
մնայի քեզ հետ,
թեկուզ վանդակում։
ԱՐԵՎԻԿ
(Քմծիծաղով-հեգնանքով)։
Ձեր վերջն էլ կգա...
ՈՍՏԻԿԱՆ
Հավատացա՞ծ ես։
ԱՐԵՎԻԿ
Անշուշտ... Ինքներդ ձեր իսկ հորինած
վանդակում կապրեք։
ՈՍՏԻԿԱՆ
Վանդակները մեր չափին չեն շինված,
դրանք քեզ նման հանցագործների
մեղքի չափով են
շինվում-կառուցվում...
ԱՐԵՎԻԿ
Պարոն ոստիկան, հիմա չգիտեմ,
Դո՞ւք եք վանդակում,
թե ինքս, իրոք։
ՈՍՏԻԿԱՆ
Իհարկե, դու ես։
ԱՐԵՎԻԿ
Ինչի՞ց իմացաք։
ՈՍՏԻԿԱՆ
Դե փորձիր քայլել՝
վանդակները քո
քթին դեմ կառնեն։
ԱՐԵՎԻԿ
Բայց չէ՝ որ դուք էլ
գնալ չեք կարող,
դուք էլ բանտված եք, վանդակված հիմա,
միայն թե դուք ձեր վանդակը երբեք
տեսնել չեք կարող,
դա հավկուրների աչքի բանը չէ։
ՈՍՏԻԿԱՆ
Թողնեմ ու գնա՞մ։
ԱՐԵՎԻԿ
Դա դուք չեք կարող... Ձեզ պիտի տանեն՝
ինչպես ոչխարին,
ձեզ պիտի բերեն՝
ինչպես ոչխարին,
դուք միայն... միայն փոքրիկ գործիք եք
եւ մարդ կոչվելուց հինգ մղոն հեռու։
ՈՍՏԻԿԱՆ
Կտրիր ձայնը քո... պատիժ Աստծո։
Քո դատաստանը իմ ձեռքով կգա...
ԱՐԵՎԻԿ
Զուր եք բորբոքվում,
պարոն ոստիկան,
ես ասում եմ այն,
ինչ-որ, իրոք, կա։
Դուք այս վանդակի
դռանն եք նման -
բացեն՝ կբացվի,
փակեն՝ կփակվի։
Թե իրեն մնաց՝
տեղից չի շարժվի։
ՈՍՏԻԿԱՆ
Ես տեսնում եմ, որ քեզ քո լեզուն է
այս բանտը բերել։
Ուրիշ մեղք չունես։
ԱՐԵՎԻԿ
ՈՒնեմ, ոստիկան։
ՈՍՏԻԿԱՆ
Որն է, ասա։
ԱՐԵՎԻԿ
Այն, որ մինչ հիմա, երբ ազատ էի,
Ձեզ նման գոնե մի ոստիկանի
գլուխ չեմ ջարդել։
ՈՍՏԻԿԱՆ
Խիստ համարձակն ես։ Սիրեցի ես քո
ուժն ու սուր լեզուն։
Երբ այդքան ամուր ու պինդ են կանգնած
եւ այս աշխարհի
փափկասուն տիկնայք,
Արցախն, ուրեմն, կազատագրվի։
Սիրեցի եւ քեզ։
ԱՐԵՎԻԿ
Սիրո անունը մի արատավորեք,
ձեզ նմանների
«կերակուրը» չի այն։
ՈՍՏԻԿԱՆ
Գրողը տանի... Ինչքան չարանում,
գեղեցկանում է
այնքան ավելի։
Քո ամուսինը թե նորից տեսներ
կերպարանքը քո,
հարություն կառներ մահվան խավարից։
ԱՐԵՎԻԿ
Ինչպե՞ս... Դուք նրա մասին բա՞ն գիտեք։
ՈՍՏԻԿԱՆ
Ես նրան գիտեմ այնքան մոտիկից,
ինչպես քեզ հիմա,
նա պահվում էր հենց այդ նույն
վանդակում։
ԱՐԵՎԻԿ
Հետո՞... Ո՞ւր տարան։
ՈՍՏԻԿԱՆ
Տարան քննության...Պարզվեց, որ գաղտնի
կապեր ունի նա «Կռունկ»1 անվանվող
ինչ-որ խմբի հետ։
Իսկ դրա համար, դու հո լավ գիտես,
մեր արդար երկրում
արյամբ են միայն պարտքը վճարում։
ԱՐԵՎԻԿ
Ուրեմն՝ նրան դուք սպանե՞լ եք։
ՈՍՏԻԿԱՆ
Ի՜նչ զուգադիպություն... Երեկ սպանեցի
ամուսնում, վաղը
ստիպված կլինեմ կնոջը տանել
դեպ գիրկը մահվան։
ԱՐԵՎԻԿ
(Հենվում է դեմքիվ ճաղերին)։
Դուք գազաններ եք... որոնք սնվում են
միայն... հավատով,
մարդկային մաքուր, անկեղծ հավատով։
Այդ պահին շրխկոցով բացվում է դրսի դուռը։ Ներս է մտնում Արեւիկի ամուսինը՝ Հայկ Հուրյանը, կեղծամ դրած, ոստիկանական տարազի մեջ։ Ոստիկանն իսկույն մեխվում է տեղում, պատիվ տալիս...
ՀԱՅԿ
ԶԵկուցիր, այս ի՞նչ աղմուկ է այստեղ։
ՈՍՏԻԿԱՆ
Ոչինչ... Պարզապես շատ է լեզվանի
կալանավորը։


____________________
1. «Կռունկ» կոմիտեն, որ ակնարկվում է այս պոեմում, իհարկե, ստեղծվեց տարիներ հետո, հեղինակը վերանայելով իր գործը, այդ անունն անհրաժեշտ համարեց մտցնել պոեմի մեջ:
ԱՐԵՎԻԿ
Աստված իմ, Աստված։
Այս ինչքան շատ է նման իմ Հայկին։
ՀԱՅԿ
Թարգմանեք... Ի՞նչ է ասում նա հիմա։
ՈՍՏԻԿԱՆ
Ասում է, որ Դուք իր ամուսինն եք։
Տարի է արդեն,
նա տղամարդու երես չի տեսնում,
նմանեցնում է Ձեզ իր ամուսնուն։
ՀԱՅԿ
Իսկ նա ինչո՞վ է վանդակին արժան։
ՈՍՏԻԿԱՆ
Նա կինն է Հայկի... Հիշո՞ւմ եք Դուք այն կալանավորին,
որ նկարիչ էր,
որին միասին տարանք մենք մի օր
գնդակահարման։
ՀԱՅԿ
Հետո՞... Իսկ հետո՞... Գուցե ամուսնուն
դատապարտո՞ւմ է
տիկինն այս սիրուն,
գուցե, զղջո՞ւմ է։
ԱՐԵՎԻԿ
Ամենեւին, ոչ... Դուք նրա մազն էլ
չեք կարող դառնալ՝
թեկուզ նա... մեռած։
ՀԱՅԿ
Շատ եք սխալվում։
ՈՍՏԻԿԱՆ
Նա քիչ հիվանդ է... Ուղեղը մի քիչ
խանգարված է, հա։
Ինքն է իր ձեռքով թակարդը ընկել,
մեղադրում է մեր այս աշխարհի
վարչակարգը նոր,
իբրեւ գողեր ենք մենք էլ նոր կարգի,
ոչ թե աշխարհը վերակառուցողներ։
ՀԱՅԿ
Ի՞նչ են Ձեզանից գողացել, կասե՞ք։
ԱՐԵՎԻԿ
Հավատս, պարոն։
ՀԱՅԿ
(Ոստիկանին)։
Բաժակ ջուր տվեք։
ՈՍՏԻԿԱՆ
Ե՞ս... Շուտով, շուտով։
(Գնում է)։
ՀԱՅԿ
(Մոտենում է վանդակի ճաղերին)։
Արեւիկ... Ինպե՞ս դու ընկար այստեղ։
ԱՐԵՎԻԿ
Այդ դու՞ ես, Հայկ...
ՀԱՅԿ
Ուրեմն՝ այսպես։ Նրանք ինձ տարան
գնդակահարության,
մինչ կրակեին,
ցատկեցի ժայռից ու... նրանք մեռած
համարելով ինձ,
պարետատանը զեկույց տվին, որ
վճիռն ի կատար ածված է արդեն...
ԱՐԵՎԻԿ
Իմ Հայկ...
ՀԱՅԿ
Քիչ առաջ, Արեւ,
տեսա մայրիկին՝
ատրճանակը պահած ծոցի մեջ,
ոտքի է հանել մեր տղաներին...
ԱՐԵՎԻԿ
Այդ ի՜նչ ես ասում... Ո՞նց համարձակվեց։
Նրանք քեզ նորից կբռնեն, իմ Հայկ։
Թե գլխի ընկնեն...
Կեղծամդ այնքան լավ է թաքցնում,
ես էլ ճանաչել չկարողացա։
ՀԱՅԿ
Իմ ընկերները սպասում են հիմա
ազդանշանի,
խմբով ենք եկել՝ քեզ ազատելու։
Հենց որ կբացեն
դուռը վանդակի,
վազիր սրահով
ու միջնադռնով նետիր քեզ փողոց։
ԱՐԵՎԻԿ
Իսկ հետո՞... հետո՞...
ՀԱՅԿ
Այնտեղ ապասում է քեզ մեր մեքենան։
ԱՐԵՎԻԿ
Ես վախենում եմ նորից բռնեն քեզ...
ՈՍՏԻԿԱՆ
(Ներս է մտնում բաժակը ձեռքին)։
Բայց լավիկն է, չէ՞...
Աղջիկ չէ, իսկը՝ երկնային պատիժ։
Բանտի ապրանք չէ...
ՀԱՅԿ
Լավ ճաշակ ունես... Ես էլ արյունս
չէի խնայի
նրա թեկուզեւ մի մազի համար։
ԱՐԵՎԻԿ
Իսկ ես Ձեր դեմքին նայել չեմ ուզում՝
թեկուզ վանդակում փտելու լինեմ։
ՀԱՅԿ
Իսկ թե քեզ փորձենք ազատ արձակե՞լ։
ԱՐԵՎԻԿ
Դուք դա չեք անի։
ՀԱՅԿ
(Ոստիկանին)։
Բացեք դռները... Թողեք նա մոտենա
եւ ինձ համբուրի...
ՈՍՏԻԿԱՆ
Նա դրա համար վտանգավոր է։
ՀԱՅԿ
Դեհ, տղամարդը վախկոտ չի լինի։
ՈՍՏԻԿԱՆ
Համաձայն եմ, բայց... Չէ՛, տղամարդիկ
կանանց ինչքան էլ շատ սիրեն, պարոն,
նրանցից մի քիչ պիտի վախենան։
Իմ փորձից գիտեմ։
ՀԱՅԿ
Թող կատակներդ ու դռները բաց։
Դուռը բացվում է։ Այդ պահին Հայկը ոստիկանի թիկունքից բռնում, բերանը փալաս է խոթում, վերցնում հրացանը... Արեւիկը դուրս է վազում վանդակից... Աղմուկի վրա գալիս են մի խումբ ոստիկաններ։
ՀԱՅԿ
Փախա՜վ, նա փախա՜վ...
Մոլորեցնում է ոստիկաններին, իսկ ինքը մոտենում իբրեւ թե օգնելու ընկած ոստիկանին, հենց որ մյուս ոստիկանները վազում են դեպի դուռը, նա խփում է ոստիկանի գլխին, փալասն ավելի խորը խոթում նրա բերանը։ Հայկը շրջվում է արագ, որ դուրս վազի, նրա դեմ կանգնում են ոստիկանները։
ՈՍՏԻԿԱՆ Ա
Դեհ, ձեռքերդ վե՛ր...
ՈՍՏԻԿԱՆ Բ
Սա նույն Հայկն է, որին սպանել ենք։
ՀԱՅԿ
Ոչ, սխալվում եք, դուք ինձ չեք սպանել,
Հայկի՞ն սպանել, դա հնարավոր չէ,
պինդ ոգի է նա,
որին գնդակն էլ խոցել չի կարող։
ՈՍՏԻԿԱՆ
Լռիր, հենց հիմա...


Ոստիկանները նրան շրջապաատում, հրմշտոցով նետում են վանդակի մեջ...
ՀԱՅԿ
Դուք իմ մարմինը կարող եք միայն
վանդակում պահել,
սակայն ոչ երբեք՝ արդարությունը։
Դուք արդարության փարթամ քողի տակ
ուզում եք ծածկել
ազատությունը իմ ժողովրդի,
ուզում եք խլել նրա ջինջ լեզուն,
հավատն ու ոգին...
Բայց դա չի լինի,
լինելու բան չէ։
Ինչ էլ որ լինի ձեր հախից կգանք,
ձեր հախից կգանք ինչ էլ որ լինի։
Հայկը ընկնում է երեսնիվայր։ Բեմը դանդաղ մթնում է։ Մի ոստիկան վանդակի առջեւով քայլում է դեսուդեն... Ոստիկանը շրջվում է դեպի Հայկի կողմը։
ՈՍՏԻԿԱՆ
Դեհ, ոտքի ելեք, դեհ...
Դրսից կրակոցներ են լսվում։ Աղմուկի ու կրակոցների միջից լսվում է մոր ճիչը։ Փակվող վարագույրի վրա լույսի հայելին է, հայելու մեջ՝ վիրավոր մայրը։
ՄԱՅՐ
Որտե՞ղ է որդիս,
որտե՞ղ ես, իմ Հայկ...
Աշխարհում ոչ-ոք չհամարձակվի
իմ որդոց վրա
ձեռք բարձրացնել... Պինդ կացեք, որդիք,
դեռ չի եղել, որ Արցախը պարտվի։
Մայրը, ձեռքը իր վերքին դրած, ուզում է ընկնի, Հայկը եւ Արեւիկը մոտ են վազում «մայրիկ» կանչելով ու հենակ դառնում նրան։
ՀԱՅԿ
Իմ անուշ մայրիկ...

ՄԱՅՐ
Զավակներ... որքան խոցված, արնաքամ,
Մեկ է, Արցախը
չի խոնարհվելու
եւ չի ընկնելու Արցախը երբեք...
Ջրհեղեղ է նոր, հրո հեղեղ է,
եւ... անչափ ծանր՝
տապանը Նոյան-
Զորավիգ եղեք հայոց լեռանը,
հայոց լեռան հետ ամուր բերդ կացեք...

ՎԱՐԱԳՈՒՅՐ

1989թ.