Jump to content

Երկու մանկություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԵՐԿՈՒ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ


Ձյունածածկ ճամփով
Քայլում է հայրս՝
Իմ ձեռքը բռնած,
Եվ ինձ հույս տալիս՝
Թախիծը հոգու
Խորքում թաքցրած.
-Պետք է դիմանալ
Դժվար օրերին...

Այսպես հույս կտան
Միայն մեծերին։
Ու լուռ եմ մնում
Ես մեծավարի։
Սակայն մի պահ անց
Արցունքներ եմ ես
Նկատում իմ հոր
Աչքերում հոգնած.
Լալիս էր հայրս։
-Ինչո՞ւ է լալիս,
Չլինի՞ մրսեց,-
Մանկան զարմանքով
Մտածեցի ես։

Բայց վերարկու կար
Երկուսիս հագին,
Եվ սիրտս լացով
Լցվել էր արդեն,
Երբ հայրս խոսեց.
-Այստեղ եմ թողել
Այսպիսի մի օր՝
Իմ մանկությունը
Սոված ու տկլոր։
Հենց այս թփի մոտ
Ու այս ծառի տակ
Ցրտից կուչ եկել,
Լալիս էր մենակ.
Հագին էլ չուներ
Հնամաշ մի լաթ...

Ես փոքրիկ էի,
Ես չէի կարող
Հասկանալ նրան,
Միայն դիմեցի
Հարց տալու նման.
-Գուցե գտնվի
Մանկությունը քո,
Արի որոնենք...
Նա նայեց անթարթ
Խորքը աչքերիս,
Ժպտաց տխրությամբ
Ու խոր հառաչեց.
-Ուր է՝ գտնվեր...
-Իսկ ի՞նչ կանեիր,
Եթե գտնվեր,-
Նորից խոսեցի
Մանկամտորեն...
-Ինչ որ կա հագիս,
Կտայի նրան.
Մերկ կմնայի
Ձյուներում ձմռան,
Միայն մի անգամ
Տաքանար եւ նա...
ՈՒ խղճահարված՝
Չգիտեմ ինչպես
Ասացի հատ-հատ.
-Ես էլ կտամ իմ
Շորերը նրան...

Մենք քայլում էինք
Մթության միջով։
Ու ինքս իմ մեջ
Մեծացել էի,
Մեծացել այնքան,
Որ խորհում էի
Հայրիկի նման.
-Թող էլ այսուհետ
Ոչ մի մանկություն
Դրսում չմնա...

Եվ ձեռքը բռնած
Մանկացած իմ հոր՝
Խոհերով բարի
Տուն էի գալիս
Ես մեծավարի...