Ես սկսեցի ունկնդրել իմ ոտնաձայները, որովհետեւ ուզում էի ինձ
տեսնել։ Եվ, բոլորն անխոս համաձայն են, որ
բոլորից մեկն էլ ես եմ։ Այսպես դրսում չեմ։ Նարեկ էր շշնջում հայրս,
եւ ես հայտնվում էի յոթերորդ երկնքում, որտեղ, ավաղ, վաղուց չեմ լինում։
Անձեւ տողեր, անշուշտ՝
իմ պատկերով։
Հորիզոնը մայրություն է անում թռչուններին եւ
երկրային ճամփից մշտապես շեղված պոետներին, որ մի քիչ
խախտված են լինում, սովորաբար (տեսնես ո՞ւր են
այն ճամփաները, որ առանց Սարոյանի քայլերի չեն կարող գալ ու գնալ)։
-Աշխարհը ծուռ է ստեղծված,- սրտմտում էր Դարչին ապերը՝ չխմած ժամանակ, եւ
աջուձախ չէր խնայում, մինչդեռ երբ գինովանում էր («երբը» շատ քիչ էր լինում),
դեռ որձակի ձեն չլսած քնքուշ բառեր էր հնարում ամենքի համար։
Ես ոչ անմեղ եմ,
ոչ անմեղ չեմ, կյանքս արտաժամյա ժամադրություն եղավ,
եղավ թռուցիկ մի հանդիպում՝ ձեր սիրուց դուրս,
բոլորին սիրելու չափ ատելի եմ ինքս ինձ,
ես պարզապես Ակուփյան Վարդանն եմ (Հակոբ մեր շենում չի եղել)։
Ժամանակի ջրերի վրայով սահում է
ինչ-որ ժպիտ, եւ վիշտն է վարում
նավը։
Երկինքն ու ծառը հավքերին
սպանում են հավասարապես։ Մտքին տանողը միտքն է, աստղին
տանողը՝ չգիտեմ ով։ Մուգ վայրկյաններ՝ անշտապ երկնքի ներքո։
Անթիվ ճանապարհներ կան աշխարհում, որ գնացել ու չեն եկել՝ հարգելի կամ
անհարգելի պատճառներով։ Եվ ես չեմ գնում, որ հասնեմ ինչ-որ տեղ, ես
պարզապես ուզում եմ իմ քայլերով վերադարձնել ճանապարհները, որոնք
ոտքերի դրոշմանշաններ են հողին եւ նշանակում են՝ ներկայություն։
Իմ ընթացքը երբեք համախոս չի եղել։ Ես անհամաձայն մարդ եմ ընդհանրապես։ Եվ
մութի բաց դռների առաջ, քանի՜ դար է, ծաղիկներ է ծամում գայլը։ Լուսինը
ոռնում է։ Զարմանում եմ՝ ոնց է այսքան տարիներ ցավը ինձ
դիմանում։ Ես ծաղիկներ եմ մեկնում
իմ ցավին եւ ունկնդրում նրա գնացո՞ղ, թե եկող ոտնաձայները։