ամեն օր դու մեկնում ես այնտեղ ուր ես չկամ եւ այդպես կայանում է մեր հանդիպումը պահի պատուհանները բացվում են արագիլի բույնը բարձր պահած բարդենու վրա որի տեղը թեպետ վաղուց ամայի է բայց ժամանակը լցվում է նրա տաք շրշյուններով չկա այն նշանը որ կարող էի դնել այստեղ չգիտեմ հակառակը ինչպես է լինում բայց միշտ լինում է եւ դժվար է մեծ լինել նրանից ով անհամեստաբար կարծում է թե ինքը փոքր է ծովը իր արտացոլման տարածքները գումարում է երկնքին որ թռիչքից դուրս մնացած թեւերը տեղավորվեն եւ օդը դատարկ չմնա սարերից ձիթենու ճյուղից եւ մնացած չգիտեմ էլ ինչից ասում ես մի ասա արի որովհետեւ երբ ասում ես չեմ կարողանում չգալ թեպետ ասում ես բայց էլի քեզանից թաքուն քո ներսում սպասում ես որ էլի ասեմ եւ ես քեզ սիրում եմ նաեւ այն ժամանակ երբ որ չեմ սիրում այստեղ չկա այն նշանը որի հետ համաձայն լինեի ես ասում եմ մի սպանիր կապույտը որ հասունանում է ամենախորքում ես ասում եմ պատրաստ եմ ճանապարհ ընկնել նրա հետ ով կկարողանա ինձ համոզել թե ես ընդունակ եմ սիրելու նշաններից ոչ մեկը չեմ ընդունում փողոցն իմ հայացքի երկարությամբ տեղադրում է չջարդված ճյուղերով հուշածառեր ոչ մի նշան էլ պետք չէ քանի որ առաջին համբույրից հետո եկած բոլոր համբույրները ժամանակի եւ տարածության մեջ միայն առաջին համբույրի սպանության անհաջող փորձեր են մենք բոլորս շատ խեղճ ենք խեղճ չլինելու համար եւ զուր է ժորժ բրասենսը կարծում թե թունդ սերն իրեն շնացրել է մանավանդ որ սիրո համար ինչ նշանակություն ունի մարդն է մարդ թե շունն է շուն ձյունը ապագայի գործ է ձյունը միշտ հետո է գալիս եւ դանդաղորեն կայանում է ոչինչը որը սկիզբն է այն ամենագլխավորի ինչի մասին մտածում ես բայց չես խոսում կամ խոսում ես առանց մտածելու նշանը չկա հավերժորեն իսկ հավերժը նույնիսկ մի օր չէ անկախ նրանից թե դու ուր ես գնում ում ես սիրում եւ այսպես կայանում է մեր հանդիպումը