Jump to content

Երկրորդ տաղ եկվորների համար

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԵՐԿՐՈՐԴ ՏԱՂ ԵԿՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ


Դուք գալիս եք աստղերի նման և ցորյանների նման,
Ալիքների նման անեզր օվկիանի,
Գալիս եք ճաշակելու ունայնություն ու մահ,
Ե՛վ տրտմություն, և՛ վիշտ, և՛ ոգու դառնություն աներջանիկ։—

5 Բայց գալիս եք դուք ընձեռելու այստեղ,
Իբրև բախտ անմահական և բեղմնավոր բարիք —
Ա՛յն, որ չունի ցորյանը, և չունեն աստղերը —
Ստեղծելու հմա՛յքը հոյակապ ի վերուստ մեզ տրված այս ճանապարհի…

Թեև գալիս եք դուք ալիքների նման և աստղերի՝
10 Ձեր ճանապարհի՛ն, ձեր կոչումի՛ն, ձեր ընթացքի՛ն անգետ —
Բայց լինելու է ձեր երթը այս դժնի ու լուրթ ափերին
Արևներից, աստղերի՛ց ավելի ուրույն ու բարձրականթեղ…

1933. II 26