Jump to content

Զինվորագրվել են

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Զինվորագրվել են
Աղբյուր. ԵԼԺ հ7, էջ 486
ծ. ― էջ 492

«ԶԻՆՎՈՐԱԳՐՎԵԼ ԵՆ»

«Ժողովրդի ձայնի» հրատ<արակության> առիթով1 իր ընթերցողներին հաշիվ տալիս «Աշխատավորը» շարել էր նոր թերթի աշխատակիցների անունները, [նրանց] որոնց մեջ կան մեր հայտնի գրողների[ց] [ոմանք] նրանց թվում և իմ անունը, ու հայտարարել էր, թե՝ «զինվորագրվել են...»2։

Իհարկե, սա կռվող կուսակցականի լեզու է, վրդովված աղանդավորի տոն է, բայց [ես] ուզում եմ էս առիթով մի երկու խոսք ասել։

«Հորիզոնը» իր հաշվետվության մեջ, էն էլ միայն իմ մասին, հիրավի, ճիշտ էր նկատել, ասել էր, թե իր տեղը չի3։

«Ժողովրդի ձայնը» լրագիր է, էն էլ որոշ կուսակցության բերան․ ինձ նման մի անկուսակցական բանաստեղծ մարդու համար ի՞նչ տեղ է սա։ Շատ-շատ ես կարող եմ հյուր լինել էստեղ, թեկուզ և պատվավոր հյուր։ Եվ եթե [երբևէ] հոդված գրեմ, կարող է էն տեսակ հոդված լինի, որ խմբ<ագրությունը> ստիպված լինի տակը ծանոթություն դնելու։

Բայց էդպես եմ ես և՛ «Հորիզոնում» (որի հետ իմ կապերը չեմ կտրել)։ Էնտեղ էլ իմ տեղը չի։ Էնտեղ էլ հաճախ իմ հոդվածների տակը ծանոթություններ են դրել և կարող են դնել։ էդպես է եղել և էդպես կլինի նաև ուրիշ լրագիրներում։ Դրանցից ոչ մեկը իմ տեղը չի, ինչպես և իմ նմանների։

Այո՛, էսպես մարդիկ կան, [որոնք իրենց] որոնց տեղը [կորոնեք ու] չեք գտնիլ, թեկուզ որոնելով գնաք հասնեք մինչև իրենց տունը։

Ես դրանցից մեկն եմ։

Ահա լրանում է երեսուն տարին՝ ես շարունակ զանազան տեղեր եմ ընկնում, որոնցից ոչ մեկը իմ տեղը չի։ Երեսուն տարի է, ես որոնում եմ իմ տեղը, դեռ չեմ գտել, և երեսուն տարի է, ես միայն պատրաստվում եմ իմ գործով՝ գրականությունով զբաղվելու ու դեռ չեմ սկսել․․․․

Հիմի շատերը կզարմանան, թե ինչպե՞ս թե դեռ չեմ սկսել․․․ հապա որ էնքան գրել եք․․․

Այո՛, ճիշտ է, գրել եմ, բայց ոտի վրա, իմիջիայլոց։

Գրել եմ, երբ իբրև հիվանղ կամ հոգնած մարդ, մի երկու ամսով գնացել եմ որևէ ամառանոց հանգստանալու և կամ ավելի հաճախ, երբ հիվանդ անկողնում պառկած եմ եղել։ Սրանից էլ սովորություն է դարձել, եթե մի քանի օր հիվանդանում եմ, մոտիկ ծանոթներս ու ընկերներս հարցնում են, թե ի՞նչ եմ գրել։

Բայց ի՞նչն է պատճառը, որ ինչպես իմ նմանները չեն գտել իրենց տեղը, էնպես էլ ես իմ տեղը չեմ գտել, չեմ նստել ու իմ գործը չեմ սկսել, այլ դեռ պատրաստվում եմ․․․

Սրա պատճառը կասեի, եթե մինը լիներ և, վերջապես, էս խնդրով զբաղվելու ժամանակն էլ չի։

էս հոդվածով ես միայն ուզում եմ [էդ] մի բարձր տեսակի ծանր դրամայի վերա ակնարկել և զգուշացնել, որ էն լեզվով չխոսեն էս տեսակի մարդկանց վրա, ինչ լեզվով խոսում էր մեր նախորդ մամուլն առհասարակ և այժմյան մամուլը մասամբ, որից մի նմուշ հանդես է բերում, դժբախտաբար, «Աշխատավորը», հայտնելով, թե «զինվորագրվել են․․․»

Թերևս մեր մեջ բացառություններ լինեն, բայց մենք զինվորներ չենք և չենք կարող զինվորագրվել որևէ թերթի կամ կուսակցության։ Եթե դրանց մեջ կամ դրանց շրջանում էլ լինում ենք, էդ միայն աշխարհագրական հանգամանք է, ուրիշ ոչինչ։ Հոգեկան կապ ու աշխատակցություն չկա ընդհանրապես։

Ես ինքս անցել եմ գրեթե բոլոր կուսակցությունների միջից (թեև շատ արագ ու թեթև), և չեմ կարողացել մերվել, ձուլվել ոչ մեկի հետ։

Եվ սրա պատճառը հենց նրանց վատությունը չի եղել։ Ո՛չ, և ոչ էլ նրանցից հալածվելը, և գլխավորը թերևս էն, որ ես ուրիշ եմ․ ես չեմ կարող մի ծրագիր ընդունեմ ու 40 տ<արի> դրա վրա նստեմ ու պարծենամ, ճիշտ էնպես, ինչպես պարծենում են «Մշակի» մարդիկը, թե 40 տ<արի> մենք մնում ենք հավատարիմ Արծրունու գաղափարներին և նույն ուղղությանը։ Էդպես էլ ուրիշ հին կուսակցություններ։ Մարդիկ ուզում են սրանով պարծենան ու աշխարհք զարմացնեն, իսկ ես ապշում եմ, թե ինչպես կարելի է 40 տ<արի> նույն կարծիքի լինել ու չփոխվել։

Նրանք ինձ հիշեցնում են Մոլլա Նասրադինին, որ սազի մի տեղից բռնել էր ու անդադար զարկում էր լարերին միօրինակ։ Երբ կինը հարցնում է, թե՝ ա՛յ մարդ, ախր սազ ածելու ժամանակ ուրիշները [ձեռներ] մատները ման են ածում․ մոլլեն պատասխանում է, թե՝ նրանք ման են ածում, որ գտնեն ու չեն գտնում տեղը, իսկ ես գտել եմ։

Եվ շարունակում է զարկել նույն ձևով, նույն տեղը, նույն լարերին։

Պատահում է, օրինակ, որ ոչ միայն 40 տարվա, այլ նույնիսկ 40 օրվա ընթացքում [պատահում է իմ] մարդու մեջ հիմնական փոփոխություններ են կատարվում։

Դեռ ավելի արագ։

[Մարդը կարծում է, թե քրիստոնեությունն ու եկեղեցին նույն բաներն են։ Մի քիչ խորամուխ է լինում և տեսնում է, որ ոչ թե նույն բաները չեն, այլ մինչև անգամ հակառակ բաներ են։ Էսօր կարծում է, թե աստված է մարդուն ստեղծել, էգուց [համոզվում է հակառակը] տեսնում է, որ, ընդհակառակը, մարդն է աստծուն ստեղծել։

Կարծում է, թե սոցիալիզմն ու սոցիալիստները <1 անընթ.> նույն բաներն են ու հանկարծ [տեսնում է] վերահասու է լինում, որ դա էլ քրիստ<ոնեության> ու եկեղեցու պես կարող են հակառակ բաներ լինել, և մի սոցիալիստ նույնքան վտանգավոր կարող է լինել սոցիալիզմի համար, ինչքան մի հոգևորական քրիստ<ոնեության> համար։

Մի օր կարծում է, թե թագավորը, հարուստն ու բուրժուան աշխարհքի բախտավոր մարդիկ են, մյուս օրը պարզ տեսնում է, որ դրանք աշխարհքի ամենադժբախտ մարդիկն են, էնքան դժբախտ, որ կարիք ունեն, ինչպես զրույցն է խորիմաստ պատմում, մի երջանիկ օր <3 անընթ․> աղքատի շապիկը որոնելու։ Մի օր կարծում է, թե մարդը բնության թագն ու պսակն է, մենակ նրան է էնպես ստեղծել Աստված։ Մյուս օրը էդ կարծիքը միայն նրա ծիծաղն է հարուցանում։

Էսօր կարծում է, թե կնոջ <1 անընթ․> ամոթխածությունը և հավատարմությունը բնածին առաքինություններից է, [հետևանք է], մյուս օրը կարդում ու տեսնում է, որ դա ստրկության հետևանք է։ [Եվ էսպես անվերջ]։

[Բայց] Իհարկե, էն մարդը, որի միտքը անդադար գործում է ու որոնում։

Այո՛, նա կարող է և շատ սխալների մեջ ընկնել, բայց մի տեղ 40 տ<արի> նստիլ չի կարող։ Եվ որովհետև ես դրանցից մեկն եմ, ինչպե՞ս կարող եմ զինվորագրվել էս կամ էն կուսակցությանը կամ նրա թերթին։

Դարձյալ ասում եմ։

Ես սրանով բնավ չեմ մեղադրում ուրիշներին կամ քամահարում, այլ իմ հոգեբանությունն ու իմ դիրքն եմ պարզում։

Նրանք՝ և՛ կուսակցությունները, և՛ նրանց թերթերը, կարող են շատ կարևոր ու շատ լավը լինիլ, բայց դարձյալ «իմ տեղը» չեն լինիլ և ես ինձ նրանց զինվորը չեմ համարիլ, նրանց անունով ինձ չեմ մկրտիլ։

Ահա քրիստ<ոնեությունը> [որ] ինձ համար էնքան աստվածային Է, բայց ես քաշվում եմ ինձ քրիստոնյա անվանելու։ Մարդու աշխատանքի ու վաստակի արդար բաշխման գաղափարը ինձ համար էնքան սուրբ է ու վսեմ, բայց ինձ սոցիալիստ չեմ անվանել երբեք։

Մի կողմից քաշվում եմ, որովհետև ոչ մեկը չեմ կատարյալ։ Քրիստոսն ասում է՝ երկու շապիկից մեկը տուր չունեցողին, իսկ ես մի քանի շապիկից մեկն էլ չեմ տալիս հաճախ։

[Սոցիալիզմն էլ հո․․․ էնքան բուրժուական հակումներ կան մեջս, որ գրեթե․․․]

Մյուս կողմից էլ վախենում եմ, որովհետև մեյդանը լիքն են կեղծ ու այլանդակ քրիստոնյաներով ու կեղծ սոցիալիստներով։ Էսպես կոչված գայլագեմ քրիստոնյաների ու սոցիալիստների բազմությունով, քրիստոնեության ու սոցիալիզմի գաղափարի զինվորների բազմությունով, քրիստոնեության ու սոցի<ալիզմի> գաղափարախոսներով։

Միտքս պարզեմ։

Գաղափարները մեծ բաներ են։ Մեծ գաղափարները մարդկանց [դարձնում են] մեծացնում, զորացնում ու ազնվացնում են, մի խոսքով, մարդը դառնում է գաղափարական։ Բայց դրա համար [հարկավոր] պետք է մարդու գլուխը էնքան մեծ ու բանական լինի, որ մի որևէ մեծ գաղափար մտնի նրա մեջ ու մարսվի։

[[Դժբախտաբար] Մեծ մասամբ էսպես չի լինում, գաղափարը չի մտնում գլխի մեջ, այլ՝ գլուխն է մտնում գաղափարի մեջ]։

Այո՛, սովորաբար փոքր գլուխներն իրենք են մտնում մեծ գաղափարների մեջ, ինչպես մեծ ծովի մեջ ու էս տեսակ մարդիկ հոգեպես, բարոյապես, մտավորապես խեղդվում են ու դառնում են ո՛չ թե գաղափարական, այլ, եթե կարելի է էսպես ասել՝ գաղափարագար։ Իսկ սա նույնքան դժբախտ երևույթ է, ինչքան խելացիի հանդեպ խելագարը։

Էս տեսակ մարդիկ ո՛չ թե առողջ դատում են, այլ դուրս են տալիս, և [քանի] հավատալով, [որ] իրենք գաղափարի զինվորներ են, իրենք իրենց տաքանում են ու դառնում են վտանգավոր և մինչև անգամ դաժան և խորշելի արարածներ, մինչդեռ գաղափարի մարդը միշտ գրավիչ է և ազնիվ։

Եթե հոգևորական է՝ լինում է մոլեռանդ [ու] անգիր արած դուրս է տալիս ավետարանի նախադասությունները, որոնք ոչ մի կապ չունեն իր սրտի հետ, իր ներքին [աշխարհի] մարդու հետ, և մի սպանանիր ասելով, միշտ կարող են ինկվիզիցիա սարքել։

Եթե սոցիալիստ է՝ անգիր գիտի ինչ են ասել Մարքսն ու Էնգելսը, բայց բնավ չգիտի, թե ում, որտեղ, ինչ պետք է ասի ինքը, [և] դուրս է տալիս նրանց բառերն ու նախադասությունները և վերջիվերջո տեռորն է իր իդեալը՝ անհատական թե մասսայական, [էսպես է նրանց անկարողությունը] իբրև իր ներքին անկարողության ապոֆեոզը։

Էսպես։ Ոչ սրանցից եմ, որ սրանց հետ լինեմ, ոչ էլ, ինչպես ասի, իբրև քրիստոնյա կամ սոցիալիստ էնքան կատարյալ, որ թեկուզ էն սակավաթիվ սոցիալիստների ու քրիստոնյաների հետ լինեմ, որոնք պակաս չեն [ինչպես] կյանքում։

Վերջապես, ինչքան էլ վերջիններիս հարգեմ ու սիրեմ, մենք մի տեսակ հոգեպես տարբեր կլիմաների մարդիկ ենք։ Մինչդեռ [քրիստոնյայի] մեկի պաշտամունքի կենտրոնը բարոյականությունն է, մյուսի իդեալը ազատ ու արդար հասարակարգը, իմ և իմ նմանների պաշտամունքի առարկան գեղեցիկն է։

Գեղեցիկ, որ ասում եմ՝ շատերը գեղեցիկ կին կհասկանան, ինչպես բարոյականություն, որ ասում ենք՝ [լոկ] սեռական [բարոյա] ողջախոհությունն են հասկանում։ Բայց ես քչերի հասկացած գեղեցիկն եմ ասում։

[Սրանից հետո ես ինչպե՞ս կարող եմ զինվորագրվել որևէ կուսակցության կամ նրա թերթին։

Մի՞թե աչքեր չունեք դուք]։

Եզրափակումը։

Կուսակցական մարդը, հիրավի, կուսակցության զինվորն է, կուսակցական մարմնի ամբողջության մի անդամն ու

մասը և մշակ է [որոշ] հասարակական կամ քաղաքական պարզ ու որոշ սահմանված մի գործի, մի ծրագրի, իսկ բանաստեղծը իր խառնվածքով ի ծնե [ինքնիշխան մտածող] ազատ ու սավառուն մի միտք, միշտ որոնող մի հոգի և ինքնիշխան ստեղծագործող, եթե կուզեք ամեն մինը մի ջոկ ու առանձին կուսակցություն, եթե առանց կուսակցություն բառի յոլա չեք գնում։

[Էլ] Ես ինչպե՞ս կարող եմ զինվորագրվել որևէ կուսակցության կամ նրա թերթին։

Բայց ես ինչո՞ւ եմ աշխատակցում «Ժողովրդի ձայնին» կանոնավոր, ճիշտ էնպես, ինչպես «Հորիզոնին» և ուրիշ թերթերին։

Էնտեղ [էլ իմ] մտերիմ ընկեր էստեղ բարեկամ, մոռանում ենք հոնորարի խնդիրը։

Ի՞նչ եք կարծում։

Իմ բուրժուական գաղափարների պատճառով, ինչպես որակում եք էդ թերթը։

Ես կարծում եմ ձեզանից ոչ ոք մտքովն անգամ չի անցկացնիլ էդ տեսակ խոսք ասի որքան էլ էդ լավ թերթը անվանեք բուրժուական օրգան, հոնորարի համար։

Բայց ես գրել ու աշխատել եմ ձեր շրջանում, դուք լավ գիտեք, որ երբեք ինձ փողով մի տող չեն կարողացել գրել տան և [երբեք ինձ] էն ժամանակը, [երբ] շատ շատերը իրենց համար նշանակած գումարից անց են կացրել, ես երբեք էնքան չեմ գրել, որ ինձ նշանակած գումարն ստանամ։

Կուզեք, թեկուզ ծուլությունով բացատրեցեք, բայց փողասիրությունով՝ երբեք։ Ու եթե «Հորիզոնի» շրջանում ունեցել եմ իմ անձնական մոտիկ...