Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/490

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«ԶԻՆՎՈՐԱԳՐՎԵԼ ԵՆ»

«Ժողովրդի ձայնի» հրատ<արակության> առիթով1 իր ընթերցողներին հաշիվ տալիս «Աշխատավորը» շարել էր նոր թերթի աշխատակիցների անունները, [նրանց] որոնց մեջ կան մեր հայտնի գրողների[ց] [ոմանք] նրանց թվում և իմ անունը, ու հայտարարել էր, թե՝ «զինվորագրվել են...»2։

Իհարկե, սա կռվող կուսակցականի լեզու է, վրդովված աղանդավորի տոն է, բայց [ես] ուզում եմ էս առիթով մի երկու խոսք ասել։

«Հորիզոնը» իր հաշվետվության մեջ, էն էլ միայն իմ մասին, հիրավի, ճիշտ էր նկատել, ասել էր, թե իր տեղը չի3։

«Ժողովրդի ձայնը» լրագիր է, էն էլ որոշ կուսակցության բերան․ ինձ նման մի անկուսակցական բանաստեղծ մարդու համար ի՞նչ տեղ է սա։ Շատ-շատ ես կարող եմ հյուր լինել էստեղ, թեկուզ և պատվավոր հյուր։ Եվ եթե [երբևէ] հոդված գրեմ, կարող է էն տեսակ հոդված լինի, որ խմբ<ագրությունը> ստիպված լինի տակը ծանոթություն դնելու։

Բայց էդպես եմ ես և՛ «Հորիզոնում» (որի հետ իմ կապերը չեմ կտրել)։ Էնտեղ էլ իմ տեղը չի։ Էնտեղ էլ հաճախ իմ հոդվածների տակը ծանոթություններ են դրել և կարող են դնել։ էդպես է եղել և էդպես կլինի նաև ուրիշ լրագիրներում։ Դրանցից ոչ մեկը իմ տեղը չի, ինչպես և իմ նմանների։

Այո՛, էսպես մարդիկ կան, [որոնք իրենց] որոնց տեղը [կորոնեք ու] չեք գտնիլ, թեկուզ որոնելով գնաք հասնեք մինչև իրենց տունը։

Ես դրանցից մեկն եմ։

Ահա լրանում է երեսուն տարին՝ ես շարունակ զանազան տեղեր եմ ընկնում, որոնցից ոչ մեկը իմ տեղը չի։