Jump to content

Զինվորական խճանկար

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Զինվորական խճանկար
Աղբյուր՝ Արիս Արսենի, Երկերի ժողովածու, գիրք առաջին, Ստեփանակերտ, 2013, էջ 157-159։


ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ


1. ԱՅՍ ԳԻՇԵՐ

                                                                          
Ցո՛ւրտ կլինի այս գիշեր,
Անձրև՛ կգա երևի,
«Սիփան-7»-ի դիրքերում
Մեր տղաներն են էլի։

Քամին պոկվում է տեղից,
Ծեծում քարերը սարի։
-Պի՜նդ կանգնեցեք, տղանե՛ր,
Բաճկոններդ չտանի՜...

Ծիծաղում են տղերքը,
Ու սաստկանում է քամին,
Իսկ քամու հետ անձրևը
Հորդ թափվում է գլխներին։

Շրջում եմ ես դիրքից-դիրք,
Խրամատից-խրամատ,
- Չե՛նք լքի մեր դիրքերը,
Պարո՛ն ավագ լեյտենանտ...

- Կդիմանա՛նք,- ասում են,-
Չենք կորչի այս ցրտերում,
Հայրենական օջախի
Սե՛րն է վառ մեր սրտերում...

...Տեղատարա՛փ է, անձրև՛,
Սարը ծափի՛ն է տալիս,
Իսկ թշնամու դիրքերից
Էլ ձեն-ծպտուն չի գալիս։

07.06.95, «Սիփաններ» (ԿՊՇ, գործող բանակ)


2. ԴԱԴԱՐԻ ՊԱՀԻՆ

                                                                           
                              Ռուզանիս

Միշտ եղիր այդպիսին՝
Անկաշառ ու բարի,
Ծանրաբեռ՝ հոգսերով
Այս խելառ աշխարհի։

Իսկ եթե հոգսերդ
Սկսեն քեզ նեղել,
Դու տոկա՛, զի կյանքում
Հպարտ ես միշտ եղել։

Ու մնա՛ այդպիսին,
Միշտ՝ սրտիս բարձունքում,
Որ այնտեղ մեն-մենակ
Փայփայեմ քեզ թաքուն...

23.06.95, Ստեփանակերտ (ԿՊՇ, գործող բանակ)


3. ԼԵՅՏԵՆԱՆՏ ՀՐՈՆ, ԳԵՂԱՄԸ, ԳԻՆՈՍՅԱՆԸ ԵՎ ՄՅՈՒՍՆԵՐԸ

Պար է բռնում կարտոֆիլը վառարանի վրա
Ու Գեղամն է ձեռքը տանում կրկին վառարանին.
- Հենց գալիս եմ պահակակետ՝ մտքով տանն եմ էլի,
Ի՞նչ գործ ունեմ ես բանակում՝ գնայի իմ բանին,
Պառկում էի բազմոցին ու հեռուստացույց նայում,
Կամ ողջ օրը թրև գալիս մեր Չարբախում մենակ։
- Ի՞նչ ես գլուխ տանում իզուր։
                Արտա՛կ, ի՞նչ ես անում,
Փոխարինիր Գինոսյանին, նախաճաշը սառավ...

Արտակն իսկույն առնում է զենքն
                   ու վռազ դուրս վազում,
Գինոսյանը ներս է մտնում ամբողջովին կապտած։
- Հը՛, սառե՞լ ես դրսում, «կիշկա՛»,-
 եյտենանտն է էլի։
- Գինոսյա՛ն, դո՞ւ ինչ ես հիշում,-
 զրույցին եմ խառնվում։
- Պարո՛ն ավագ լեյտենանտ, ես...,- կմկմում է մի քիչ,
Ու ձեռքն առնում ճաշով լցված կաթսայիկը իսկույն։
- Իսկ ի՜նչ հիշի Գինոսյանը՝ ոչ խելք ունի, ոչ դարդ,-
Կատակում է Գեղամն էլի։

...Քիչ անց «6»-ն է կապվում.
- «62՛», հերթափոխ է, տղաներին հանի՛ր...
Եվ լեյտենանտ Հրոն իսկույն հրաման է տալիս.
- Երկրորդ դասա՛կ,
          երեք շարքով իմ ետևից շարվի՜ր...

Մեքենաներն աղմկելով շտապում են առաջ
Ու բազա են վերադառնում տղաները հոգնած։

7-18.02.95, Սեյսուլան (ԿՊՇ, գործող բանակ)


4. ԶԻՆՎՈՐ ԹՈՓԱԼՅԱՆԸ

                              Դաշտային ելքում

Հենց որ կրկին հավաքվում ենք սպաներով մեկտեղ՝
  Սպայական վրան է վազում զինվոր Թոփալյանը։

- Ո՞վ է էլի քեֆիդ դիպել, «խելագարի» մեկը...
Ու կախում է գլուխը լուռ՝ զինվոր Թոփալյանը։

Իսկ թե ձայնդ բարձրացրիր՝ սկսում է վայել,
Հետո էլ թե՝ «մե՛ջքս է ցավում»՝ զինվոր Թոփալյանը։

Ո՞վ է վրանը ջուր բերում, վառում վառարանը,
Ե՞ս՝ չէ, դո՞ւ՝ չէ, նա՞՝ չէ, բա ո՞վ՝ զինվոր Թոփալյանը։

Հիշում է իր սեղանիկը ու ա՜խ քաշում մտքում,
Երևանի Ավանից է զինվոր Թոփալյանը։

Երազում է շուտ ավարտել ծառայությունը,
Ու ետ դառնալ նախկին կյանքին՝
                   զինվոր Թոփալյանը։

12.02.95, Գյուլիջա (ԿՊՇ, գործող բանակ)