Jump to content

Պատգամ հայրական

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Պատգամ հայրական
Աղբյուր՝ Արիս Արսենի, Երկերի ժողովածու, գիրք առաջին, Ստեփանակերտ, 2013, էջ 156։


ՊԱՏԳԱՄ ՀԱՅՐԱԿԱՆ


                                                             Սամվել որդուս

Այրվում է այտս՝ քո տղայական համբույրից այս տաք,
Ողջագուրման պահն անցած է, իսկ ե՞ս՝ տխո՞ւր եմ, հպա՞րտ։

Գիտե՛մ սոսկ՝ պիտի չընկրկես, լինես աննահանջ, արի՛,
Որ ընտրած ուղիդ միշտ կանաչ լինի, միշտ լինի բարի։

Այսօր սանիկ ես դու վարժարանի, իսկ վաղը՝ զինվո՛ր,
Քո վաղվա օրը իմաստավորիր այստե՛ղ ու այսօ՛ր։

Երբեք մի՛ ցանկա հարթված-տրորված ուղիով քայլել,
Հույսդ դո՛ւ եղիր, դու սովորիր քո՛ ամրությամբ փայլել։

Թույլ չե՛ս եղել դու, գիտե՛մ ես, ոգին քո չի՛ թուլանա,
Բայց այնպես արա՝ քունը քեզ հաղթել չկարողանա՛։

Ամո՛ւր եղիր միշտ, ինչպես պողպատը, որ ինչքան ծեծվում,
Այնքան ավելի կարծրանում է նա, ու այնքան թրծվում։

Իմաստություն և ուսում ձեռք բեր, ու՝ կկարողանա՛ս,
Դու պարտավո՛ր ես այս թոհուբոհում դիմանալ, տղա՛ս։

Իսկ թե թույլ եղար՝ վատ սովորույթ է գութ աղերսելը,
Սիրիր քո գործն ու պատի՛վ համարիր զինվոր լինելը։

Մատս՝ ձգանին, կսպասեմ մինչև առնականանաս,
Հերթս կփոխեմ այնժամ, երբ որ դո՛ւ հերթափոխի գաս։

Հայրենյաց պաշտպան զինվորը դառնաս՝ ապավինենք քե՛զ,
Բայց ինչ էլ լինի՝ թշնամու առաջ երբեք չընկրկե՛ս։

Եվ հիշի՛ր քո քաջ հորեղբոր կամքը ու ոգին տոկուն,
Որ ոսոխի դեմ երբեք չծնկեց, ընկավ թեժ մարտում։

Գումարի՛ր դու դա քո ոգուն, տղա՛ս, եղի՛ր աննահանջ,
Հաղթության կանաչ ճանապարհներով քայլի՛ր միշտ առաջ։

...Աղոթո՜ւմ եմ ես Աստծո ամեն օր քեզ համար, տղա՜ս,
Որ այնպես ապրես՝ մահին էլ հաղթե՛լ դու կարողանաս...

29-30.08.01, Ստեփանակերտ