Տղայություն չանենք, տղերք,
մայրերի հետ խոնարհ լինենք...
Թե ճանապարհ պիտ ելնենք,
մաղթանք առնենք նրանց հոգուց,
առնենք խորհուրդ,
շատ չուշանանք հեռուներում,
նրանց երկար սպասել չտանք,
որ չհալվեն ճամփաները
իրենց լույսը մեր երթերին մատաղ արած
աչքերի մեջ։
Խոհուն լինենք, լինենք խոհեմ։
Աղջիկներին սիրելը մեր «սրտի գործն» է,
բայց մոր աչքով,
մոր հայացքով գեթ մի անգամ
չափենք նրանց,
տուն բերելուց առաջ օծենք մոր օրհնությամբ։
Զգույշ լինենք,
մայրիկներին չպատճառենք կսկիծ ու ցավ,
մեկ է՝ իրենց ցավը թողած
մեր ցավերի համար պիտի հալվեն նրանք։
Այնպես անենք,
թե սխալ ենք գործել հանկարծ,
քսանամյա մեր հասակում անգամ նրանց
ապտակները,
ի՜նչ անուշ դաս,
մենք ընդունենք որպես պատիվ, որպես շնորհ։
Սիրով լինենք մայրերի հետ։
Թե չէ, գիտե՞ք...
վիրավորվի պիտի նաեւ մեր իսկ լեզուն,
որովհետեւ լեզու չէ այն, այլ ավելին՝
մայր լեզու է ու մայրենի՜,
թե չէ, գիտե՞ք,
վիրավորվի պիտի նաեւ հայրենիքը,
որովհետեւ հայրենիքը հայրենիք չէ,
այլ ավելին՝
Մա՛յր հայրենիք...
Տղայություն չանենք, տղե՛րք,
մայրերի հետ խոնարհ լինենք...