Jump to content

Էդելվայս

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԷԴԵԼՎԱՅՍ


Ես չեմ տագնապում քո ծաղկի համար,
երբ մրրիկներ ու անձրեւ է լինում,
երբ մութ օրերը խորշակով համառ,
թունոտ համբույր են թերթերիդ դնում.
ես չեմ տագնապում քո ծաղկի համար։
Գիտեմ ծնունդ ես մրրիկ ու ցավի,
ու կդիմանաս... քո տարերքն է դա։
Ես տագնապում եմ, վախենում դավից
քսմսվող օրվա անթով, անատամ.
Գիտեմ, ծնունդ ես մրրիկ ու ցավի։

Երբ շատ են գովում՝ վախեցիր դու շատ,
թմրադեղերից վախեցիր գովքի։
ՈՒր որ բախում կա, այնտեղ կա լոկ շանթ,
կայծակի լույսով սնիր քո հոգին.
երբ շատ են գովում՝ վախեցիր դու շատ։

Ինքդ քեզ՝ թիկունք, ինքդ քեզ՝ սատար,
հողմի մեջ ապրիր, միմիայն այդպես,
չընկրկես երբեք՝ որքան էլ դժվար,
պարտության մեջ էլ անհաղթ ես, ինձ պես
ինքդ քեզ՝ թիկունք, ինքդ քեզ՝ սատար։