Jump to content

Էծի հեքիաթը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԷԾԻ ՀԵՔԻԱԹԸ

Ժամանակով կար մի մարթ, դրան ուներ մի կնիկ, մի հատ էլ էծ, էլ բան չուներ։ Էծը կթում ին, ուտում ին։

Օրերի մի օրը ըտրա կնիկն ասեց.— Ա՜յ մարթ, էծը տար ծախա, հա՛մ էծը բեր, համ փողը բեր։

Էտ մարթն ասեց.— Ա՛յ կնիկ, ես ո՞նց էծը ծախեմ, որ հա՛մ էծը բերեմ, հա՛մ էլ փողը։

Կնիկն ասեց.— Ոնց ըլի-չըլի, պըտի բերես, որ առանց կաթ չմնանք։

Էտ մարթը էն էծն արեց աղաքը, դագանակը վե կալավ, քշեց գնաց քաղաքը։

Առավոտ էր. խաշ ծախողը խաշ էր ծախըմ, հենց որ տեհավ էտ խաշ ծախողին, բղավեց.— Էծ եմ ծախը՜մ, էծ եմ ծախը՜մ։

Էտ խաշ ծախողն ասեց.— Ի՞նչ տամ էծիդ։

Ասեց.— Մի աման խաշ տուր, էծը տամ քեզ։

Նա էլ ասեց.— Որ ըտենց ա՝ արի կե՚ր։

Էտ մարթն էկավ նստեց, մի աման խաշ կերավ, վե կացավ, որ իրա էծը քշի գնա, խաշ ծախողը դրա կուռը բռնեց, ասեց.— Ի՞նչ ես անըմ, իմ էծը ո՞ւր ես տանըմ։

Նա էլ ասեց.— Մի աման խաշ ես տվե, ուզըմ ես էծս ձեռիցս առնե՞ս։

Նա նրան ուշունց տվեց, նա նրան՝ կռվեցին։ Խալխը թոփ էլան, էկան ասեցին.— Ամոթ չի՞, խի՞ եք կռվում։ Էտ էծատերն ասեց.— Ա՜յ խալխ, էս անիրավը մի քրեղան խաշ ա տվել, ուզըմ ա էս տասը, տասնըհինգ մանեթի էծը ձեռիցս առնի։

Էս ու էն բամփեցին էտ խաշ ծախողի գլխին թե.— Ամոթ չի՞, մի քրեղան խաշի հըմար ուզըմ ես էտ մարթի էծը ձեռիցը առնես։

Էտ մարթը իրա էծը վե կալավ, քշեց գնաց։ Գնաց տեհավ, հրես գաթա ծախողը գաթա ա ծախըմ։

Էլը գոռաց.— Է՜ծ եմ ծախըմ, է՜ծ եմ ծախըմ։

Էտ գաթա ծախողն ասեց.— Ի՞նչ տամ էծիդ։

Էտ մարթն ասեց.— Իմ փորով մին գաթա տուր ուտեմ՝ էծը տամ քեզ։

Գաթա ծախողն ասեց.— Որ ըտենց ա՝ արի կեր։

Էտ մարթն էկավ նստեց, գաթեն կերավ իրա փորովը մին, հ’էլավ, բերանը սրփեց, էծը քշեց, որ էթա։ Գաթա ծախողն ասեց.— Իմ էծն ո՞ւր ես տանըմ։

Ասեց.— Ի՛մ էծն ա, պըտի տանեմ։

Ասեց․— Բա գաթեն խի՞ կերար, որ էծը չես տալիս ինձ։

Ասեց.— Անիրավ, մի գաթա ես տվե կերել եմ, ուզըմ ես էս եքա [1] էծը ձեռիցս առնե՞ս։

Իրար տվին։ Խալխը թոփ էլան, ասին.— Էտ խի՞ եք կռվըմ։

Էծ ծախողն ասեց.— Տեհե՛ք էս անիրավին, մի գաթա ա տվե, կերել եմ, ուզըմ ա էս եքա էծը ձեռիցս առնի։

Էս դըհից, էն դըհից ասեցին.— Ամոթ չի՞։

Էտ մարթը էծը վե կալավ, գնաց։

Գնաց տեհավ հալվա ծախողը հալվեն գլխին դրած գոռում ա.— Ա՜յ լավ հալվա, ա՛յ լավ հալվա։

Էտ մարթն էլ ըտիան գոռաց.— Ա՜յ լավ էծ, ա՛յ լավ էծ։

Հալվա ծախողն ասեց.— Ի՞նչ տամ էծիդ։

Նա էլ ասեց.— Մի թիքա հալվա տուր ուտեմ՝ էծը տամ քեզ։

Հալվաչին ասեց.— Ա՛ռ կեր։

Էտ մարթը հալվեն կերավ, վե կացավ, որ իրա էծը վեր ունի, էթա։

Հալվա ծախողն ասեց.— Ո՞ւր ես տանըմ էծս։

Ասեց.— Քու էծը խի՞ ա, մի թիքա հալվա ես տվե, ուզըմ ես էծս ձեռիցս առնե՞ս։ Ըտրա հետ էլ կռվեցին։ Խալխը թոփ էլան, ասեցին.— Խի՞ եք կռվըմ։

Էծ ծախողն ասեց.— Մտիկ արեք էս անխղճին, մի թիքա հալվա ա տվել, ուզըմ ա եքա էծը ձեռիցս առնի։

Էս դըհից, էն դհից ըտրա գլխին բամփեցին, էծը տվեցին տիրոնչը, վեկալավ գնաց։

Գնաց։ Իրիկուն էր. տեհավ մի տուն, ասեց.— Ես պըտի մտնեմ էս տունը․ թողան, չթողան, էս քշեր պըտի ըստեղ մնամ։

Գնաց մտավ նեքսև։ Էտ տանը կար մի կնիկ, էտ մարթին ասեց.— Խի՞ ես էկե՛ մեր տուն, դուս արի՛ գնա։

Ասեց.— Չա՛րըդ տանեմ, ղա՛րիպ մարթ եմ, թո՛ղ էս քշեր ըստեղ մնամ, էն բաշտեն կէթամ։

Էտ կնիկն էլ չխոսաց. էտ մարթը գնաց մտավ գոմը։ Մի էրկու սհաթ անց կացավ, տեհավ որ դրանց դուռը ծեծեցին։ Մի հատ մարթ էկավ մտավ ըտրանց օթախը, դռան արանքիցը թամաշ արեց, տեհավ որ խաշ ծախողն ա. եննա տեհավ, որ դուռը էլի ծեծեցին։

Էն կնիկն ասեց.— Մարթս կըլի, գնա մտի գոմը, թե չէ մարթս որ գա՝ քեզ կտա կսըպանի։

Էտ մարթն էկավ, որ մտնի գոմը, էտ էծ ծախողը դիպավ դրան, ասեց.— Ով ե՞ս, որ էկար ըստեղ։

Էտ խաշ ծախողն ասեց.— Սո՜ւս, ես եմ, մի գոռա։

Ասեց.— Խի՞ ես էկե ըստե։

Նա էլ ասեց.— Բա դու խի՞ ես էկե ըստե։

Ասեց.— Ես էծ եմ ծախըմ, է՛ծ առեք, է՜ծ։

Ասեց.— Մի՛ գոռա, էծիդ գինն ի՞նչ ա։

Ասեց.— Տա՛սը մանեթ ա։

Ասեց.— Ա՛ռ տասը մանեթ, ձենդ կտրի։

Փողն առավ, դրեց ծոցը, տեհավ էն էկողը գաթա ծախողն ա։ Մի սըհաթ մնաց, տեհավ դուռը էլի ծեծեցին։

Էն կնիկն ասեց.— Ա՜յ գիտի, մարթս կըլի, վեր կաց մտի գոմը։

Էտ մարթը էկավ որ մտնի գոմը, դուռը բաց արեց, դիպավ էծ ծախողին։

Էծ ծախողն ասեց.— Էս ո՞վ եք, էս խի՞ եք տալի ինձ։

Գաթա ծախողն ասեց.— Սո՛ւս կաց, ղաֆիլ դիպա, մի գոռա։ Ըստի ի՞նչ ես անըմ։

Ասեց.— Ես էծ եմ ծախըմ, է՛ծ առեք, է՜ծ։ Ասեց.— Ձենդ կտրա՛, էծիդ գինն ի՞նչ ա, ասա՛ տամ։

Ասեց.— Էծիս գինը քսան մանեթ ա։

Ասեց.- Ա՛ռ, ձենըդ կտրի։

Էծ ծախողը քսան մանեթն առավ, դրեց ջեբը, տեհավ որ դուռը ծեծողը հալվաչին ա։ Մի սհաթ մնաց, տեհավ որ էլի դուռը ծեծեցին։

Կնիկն ասեց.— Ա՜յ գիտի, մարթս կըլի, փա՛խի, մտի գոմը։

Էտ մարթը փախավ, մտավ գոմը։

Էծ ծախողն ասեց.— Ո՞ւր էկար ըստե, էծս կառնե՞ս, թե գոռամ՝ էտ մարթը գա քեզ բռնի։

Ասեց.— Ամա՜ն, մի գոռա, ես կտամ քու էծի փողը։ Էծիդ գինն ի՞նչ ա։

Ասեց.— Էծիս գինը քսանըհինգ մանեթ ա։

Հանեց փողը տվեց, ասեց.— Ա՛ռ, ձենդ կտրա։

Էտ մարթը փողն առավ, դրեց ջեբը, տեհավ որ էտ էկողը ըտրա մարթն ա, սուս կացավ մնաց։

Մարթն էկավ նեքսև, հաց կերավ պրծավ, ասեց.— Կնի՛կ, քնելու վախտն ա, էթամ մի գոմը տավարին տենամ, գամ քնենք։

Կնիկն ասեց.— Ի՞նչ կա, բեզարած ես, ա՛րի քնենք։

Մարթն ասեց.— Ո՞նց կըլի, առանց տենալ ես ո՞նց քնեմ։

Ասեց ու վե կացավ մտավ գոմը. գոմը մննելուն էծ ծախողը գոռաց․— Էտ ո՞վ ես։

Էտ մարթը զարմացած մնաց, ասեց.— Դու ո՞վ ես, որ իմ գոմըմը իմ վրին գոռըմ ես։

Ասեց.– Ես էծ ծախող եմ։

Ասեց,– Խի՞, էս էծ ծախելու տե՞ղ ա։ Էս բազա՞ր ա։

Ասեց.— Բազար չի, ի՞նչ ա. բա էս խաշ ծախողը, գաթա ծախողը, հալվա ծախողը ըստեղ ի՞նչ են անըմ։

Ասեց.— Ի՞նչ ես ասըմ:

Ասեց.— Հըլա մի ճրաքը վառա, կտենաս։

Մարթը ճրաքը կպցրեց, տեհավ, որ խաշ ծախողը, գաթա ծախողը, հալվա ծախողը իրեքն էլ իրա գոմի միչին նստած են։ Հենց որ դրանց տեհավ՝ էտ մարթին ասեց.— Էծիդ գինն ի՞նչ ա, առնես քաշվես, ըսկի մարթի բան չասես։

Ասեց.— Տա՛սը մանեթ։ Հանեց տասը մանեթ տվեց, ասեց.— Առ գնա՛, մարթի բան չասես, որ ասել ես՝ մենձ թիքեդ անգաջդ կթողամ։

Էտ մարթը առավ տասը մանեթը, էծը վե կալավ, քշեց գնաց:

Գնաց տուն, կնկանն ասեց.— Ա՞յ կնիկ, հրես փողն էլ եմ բերե, էծն էլ եմ բերե։

Ասեց.— Ա՛յ մարթ, որ ես քեզ ասըմ ի թե.— Տա՛ր էծը ծախի, փողն էլ բեր, էծն էլ, դու խի՞ իր հուջաթ կայնըմ։

Դրանք հասան իրանց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին։

Ըտե ասսանի իրեք խնձոր վեր ընկավ, մեկն՝ ասողին, մեկը՝ լսողին, մեկն էլ անգաջ դնողին։


  1. Մեծ (ծանոթագրությունը բանահավաքի)