Jump to content

Կարապետ-Բեկի հեքիաթը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԿԱՐԱՊԵՏ-ԲԵԿԻ ՀԵՔԻԱԹԸ

Ժամանակով ըլըմ ա մի Սայատ անըմով մարթ։ Էտ մարթը ռըշպար ա ըլըմ. դրան ունենըմ ա էրկու եզ. օրական էթըմ ա հ’իրա հըմար վար անելու։ Հ’իրիկունը ետ դառնալուս կնիկը ջուր ա դնըմ, տաքացնըմ, եզներին լեղացնըմ, ու իրեք բուռ ջուր ա խմըմ եզների ոտի տակի ջրից, թե՝ ամաքտար են, մեր աշխատավորներն են։

Օրերից մի օր Սայատը վեր ա ունըմ էթըմ ա էլի վար անելու, ըտօրը հաց չի տանըմ հետը։

Էրկու ճամփորթ գալիս են Սայատին ասըմ են.— Մենք սոված ենք, մի քիչ հաց տուր ուտենք։

Սայատն ասըմ ա թե.— Էսօը հաց բերել չեմ հետս, տղե՛ք,— ասեց,— դուք եզներին մուղաթ կացեք, ես էթամ հաց բերեմ ձեզ հըմար։

Էտ մարթիկը մնացին եզների կշտին, Սայատը գնաց տուն՝ հացի։

Մարթիկն ասեցին.— Պարապ մնալու տեղ, վե կենանք վարը վարենք, խի՞ էս մարթու վարը խափան մնա։

Վե կացան էրկու ակոս քշեցին, վրա իրեքին եզը կաննեց, էլ գնաց ոչ։

Էտ ճամփորթի մինը քաշեց եզին իրեք ճիպոտ տվուց, ասեց.— Անի՛ծած, խի՞ չես էթըմ։

Եզն ասսու հրամանով լեզու էլավ, ասեց.— Ա՜յ մարթ, խի՞ ես մեզ ասըմ անի՛ծած, անիծածը դուք եք, ոը ձեր միսն ուտվըմ չի և ձեր կաշին հաքնվըմ չի։ Ճամփորթները մնացին մոլորած կաննած։

Էն մի եզն էլ ասեց.— Իմ տիրոնչը մի տղա պըտի ըլի, անըմը դնի Կարապետ, և սաղ աշխարքին թաքավոր ըլի։

Կաղ Սայատը էկավ, հացը բերուց, տվուց էտ մարթկերանցը։

Ճամփորթներն ասեցին.— Էս հացը մեզ հըմար ես բերել, տուր տանենք, մենք հ’ուրիշ տեղ կուտենք։

Սայատն ասեց.— Ախպե՛րտինք, խի՞ եք տանըմ հո’ւրիշ տեղ ուտըմ, րաեղ կանաչ տեղ ա, նստեցեք, կերեք։

Էտ ճամփորթներն ասեցին․— Քանի որ քու եզներդ ըստի են, մենք կարալ չենք հաց ուտի։

Սայատն ասեց.— Ա՜յ մարթ, մարթ է՞լ եզիցը կամանչի։

Ասեց․– Քու եզներիդ իրեք ճիպոտ տվինք, «անիծած» ասեցինք, եզները լեզու էլան, ասեցին. «Մեզ խի՞ ես անիծած ասըմ, անիծածը դուք եք, որ ձեր միսն ուտվըմ չի և ձեր կաշին էլ հաքնվըմ չի»։ Քու էն մի եզն էլ ասեց, որ. «Իմ տիրոնչը մի տղա պըտի ըլի, անըմը Կարապետ պըտի դնեն, սաղ աշխարքին թաքավոր պըտի ըլի»։

Սայատն հ’իրիկունը եզները բերուց տուն, հանդի մեչ եզները ինչ որ խոսացել ին, պատմեց կնկանը։

Կնիկն ասեց․— Ա՜յ քու տունը շինվի,— ասեց,— ութանասուն տարեկան դու ես, ութանասուն տարեկան ես եմ, նոր պըտի մեզ ադա ըլի»։

Հ’անց կացավ էրկու շափաթ, Սայատի կինը տեհավ որ հ’իրա փորի մեչ մի էրեխա հաղրմ ա։

Մի որ մարթին ասեց.— Ա՛յ մարթ,— ասեց,— ես,— ասեց,— էըկուֆորիս եմ։

Իսկ մարթը ձեոքը տարավ կնկա փորին դրուց, տեհավ որ էրեխեն հաղրմ ա։

— Է՜, փառք քեզ աստված, որ եզների ասածը կատարվիլ պըտի։

Էկավ ժամանակը՝ իննը ամիս, իննը օր, իննը սհաթ, իննը հրոպպա թամամելուն պես՝ էկավ էտ մարթու կնիկն ազատվեց, բերուց մի տղա։ Տղին մկրտեցին, անըմը դրին Կարապետ։

Էտ տղեն օրական մենձանըմ էր, վեց ամսական վախտը որ մերը դուս էր բերըմ, խալխն ասըմ ին թե, «էս վեց տարեկան ա, ո՛չ թե վեց ամսական»։ Օրական ըդար մենձանըմ էր։ Դառավ տասնէրկու տարեկան տղա, համարյա հ’ուրիշները ասըմ ին. «Դա կըլի քսանըչորս տարեկան»։

Տասնէրկու տարեկան ժամանակը տղեն հորն ասեց․— Ափու,— ասեց,— ի՞նչ ես նստել, մարթս ֆողից կկշտանա, վե կալ մեր եզները, էթանք վար անենք։

Էտ օրը թաքավորի հրաման էր, որ անըմը որց չպըտի դուս գար հանդը, որ թաքավորի ախչիկը պըտեր դուս գար ման գալու։

Թաքավորի ախչիկը ձի նստեց, էկավ հ’իրա ղարավաշի հետ տեհավ՝ մի հալիվոր մարթ, մի պուճուր էլ տղա ըտի վար են անըմ։

Դրանք էկան բարով տվին, Սայատը տղին ասեց․— Կարապետ ջա՛ն, տենը՞մ ես ինչ լավ ձիավորներ են։

Կարապետը բանցր ձենով ասեց․— Ափու,— ասեց,— լավ ձիավորներ են, ափսո՜ս,— ասեց,— մինն էք ա, մինը՝ որց։

Թաքավորի ախչիկն հ’իմացավ էտ բանը, ետ դառավ, հ’իրա ղարավաշին ասեց.— Մեր սըռն էս տղեն հիմացավ։

Էկավ կաննեց հալիվորի կշտին.— Բիձա,— ասեց,— ո՞րդիանցի ես։

Բիձեն ասեց․— Ես Մուղնըցի եմ։

Ասեց․— Էս տղեն քու ի՞նչն ա։

Հալիվորն ասեց․— էս ի՛մ տղեն ա։

Ասեց․— Քու անըմն ի՞նչ ա։

Ասեց․— Իմ անըմը Սա՛յատ ա։

— Էտ տղի անըմն ի՞նչ ա։

Ասեց․— Կարապետ ա։

― Ձեր տունը,— ասեց,— Մուղնի ի՞նչ տեղ ա։

Ասեց.— Մեր տունը գեղի գլխի՛ն ա։

Թաքավորի ախչիկն ըտոնց անըմներն ու տեղը գրեց, գնաց մտավ յորղան-դոշակի մեչ․ խաբար գնաց թաքավորին թե՝ ախչիկդ շատ հիվանդ, թեք ա ընկած։

Թաքավորն ասեց.— Վա՜յ, ես եմ՝ մի ախչիկ, ըտ էլ հիվանդ ա։

Թաքավորն էկավ ախչկանը տեսութուն։ Տեհավ, որ ախչիկը թեք ընկած ա յորղան-դոշակի մեչ։

Թաքավորն ասեց.— Ա՛խչի, խի՞ ես հիվանդ։

Ախչիկն ասեց թաքավորին․— Ա՛փու, ես մեռնըմ եմ։

Ասեց.— Խի՞, ո՛րթի, ցավդ ասա՛, բժիշկ բերեմ՝ քեզ փրկի։ Ասեց․— Ա՛փու, իմ ցավս ինձ հ’էրազի մեչ ասեցին, որ մի Սայատ տնըմավոր մարթ կա, նրան ունի մի տղա, անըմը Կարապետ, էտ աղին բերել տաս մորթես, նրա արնովը ես լեղանամ, ես կլավանամ։

Թաքավորը կանչեց հ’իրա նազրին, մի տոպրակ ոսկի տվուց, ասեց․— Գնա՛ էտ Սայատ անըմավոր մարթի տղին փողով առ՝ բեր, թե տա էլ ոչ ղոռաքին պըտի սըպանես, արնոտ շապիքը բերես։

Նազիրն էկավ հարցրուց, քթավ Սայատին, ասեց․— Դո՞ւ ես Սայատը։— Ասեց․— Քու տղիդ թաքավորն ուզըմ ա։

Էտ վախտը տղեն տանից դուս էկավ, նազիրը տեհավ, որ շատ լավ տղա ա, ասեց․— Էս տոպրակով ոսկին ա՛ռ, տղեդ տուր տանեմ։

Հերն ասեց․— Ես ոսկին ի՞նչ եմ անըմ․ իմ տղին ես տալ չե՛մ ոսկով։

Մերն էլ ասեց.— Իմ տղին ես ոսկով տալ չե՛մ։

Տղեն ասեց.— Ա՛փու, դու,— ասեց,— վաթսուն տարի ա ռըշպարութուն ես անըմ, ի՞նչ ես աշխատել, որ հըմի ինչ աշխատես, թող ես էթամ, որտեղ որ ըլեմ՝ ես քու տղեն եմ։

Հերն ասեց․— Ո՛րթի ջան, թաքավորը քեզ վախըմ եմ վնասի։

Հերը շատ դեմ ընկավ, մերը շատ դեմ ընկավ, Կարապետը նազրին ասեց.— Դու տոպրակիդ ոսկին վե քցա՛ ձիդ ետ դարձրու, ես վազելով կգամ, քու թարքին կնստեմ, կգամ։

Վազիրր ոսկիրը վե քցեց րաեղ, ետ դառավ․ Կարապետը վազելով թռավ ձիու թարքը, նստեց։ Գնացին հասան թաքավորի հանդը։

Ասեց․— Նազի՛ր, ես հ’իմացա, որ թաքավորն ընչի հըմար ա կանչըմ։ Հ’ա՛րի, ես գիտեմ, որ քեզ էլ տղա չունես, հ’արի ինձ քեզ տղա շինա, տա՛ր ձեր տուն, իմ ծնած վախտը ըստի մի կնիկ էլ ա ազատվել, տղա ա բերել, նրա անըմն էլ ա Կարապետ, հըմի նա մահացել ա, հըմի կբերեն տերտերով տիրացուով կթաղեն։ Որ կթաղեն, կպրծնեն, մենք կէթանք էտ տղին կհանենք հ’իրա տեղից, նրա սիրտը կճղենք, իմ շապիքը կտամ քեզ, դու թաթախ կանես նրա սրտի արնի մեչ, կտանես թաքավորին, կասես որ ութանասուն տարեկան հեր ուներ, ութանասուն տարեկան մեր աներ, տվին ոչ իրանց կամքովը, հորն ու մոր մեչտեղը տղի սըպանեցի և արնոտ շապիքը բերի։ Նազիրը համաձայնեց, գնաց էն թաղած տղին գերեզմանից հանեց, սիրտը ճղեց, Կարապետի շապիքը առավ թաթախեց արնի մեչ, տարավ տվուց թաքավորին, ասեց.— Ութսուն տարեկան հեր ու մեր ուներ, ինչ արի տվին ոչ տղին, ես տվի սըպանեցի, հրես արնոտ շապիքը բերի։

Թաքավորն ասեց․— Մեզ էլ արինն էր հարկավոր։

Արնոտ շապիքը տարան թաքավորի ախչկանը, ջուր տաքացնիլ տվուց ախչիկը ու շապիքը քսեց հ’իրա ջանին՝ լեղացավ։

Թաքավորն էկավ ախչկանը տեսութուն, տեհավ ախչիկը սալամաթ կաննած ա։

— Հը՛,— ասեց,— ա՛խչիկ ջան, ո՞նց ես։

— Ես որ էն արնոտ շապքով լեղացա, հըմի առողջ եմ։

— Էհ,― ասեց,— փա՛ռք ասսու։

Օրվա մի օրը թաքավորը պատրաստութուն էր քաշըմ ղոնախլըղի, որ հ’իրան համեմատ մարթիկ կանչի, ղոնաղ անի։

Թաքավորը ջառչի քցեց քաղաքի մեչը․ «Ով կարա ձուկ բռնիլ՝ ձուկ բռնի, բերի»։

Մի քսան, եռսուն հոքի՝ թոռ քցող, որը ձեռով բռնող, ասեցին․— Թաքա՛վորն ապրած կենա, մենք կէթանք կբերենք։

Թաքավորն ասեց․— Դե՛հ, գնացեք թեզ բերեք, ես պատրաստութուն տենեմ։

Էտ տղեքը գնացին ձուկ բռնելու, մի ախքատ կնիկ հ’իրան մարթին ասեց․— Ա՜յ տունդ շինվի, դու էլ մարթ ես, գնա՛՝ դու էլ ձուկը կալ, տա՛ր թաքավորին, մի քանի շահի մեզ էլ փող կտա, ազիզ օր ա՝ կխարջենք։

Ասեց․— Շա՛տ լավ ես ասըմ, ա՛ կնիկ, էթամ։

Գնաց գետի մեչտեղը մի սալի վրա կաննեց, տեհավ որ էտ ձուկ կալնողները ո՛րը թոռով, ո՛րը ձեռով ձուկն են բռնըմ։

— Ա՛յ տղա,— ասեց,— մի ես էլ ձեռս կոխեմ իմ կաննած սալի տակը։

— Ձեռը կոխեց սալի տակը, տեհավ մի բան դիպավ ձեռին․— Վա՜յ,– ասեց,– վայ թե սա ձուկ ըլներ,— ետո ձեռը տարավ մի հատ ձուկ բռնեց, տեհավ որ դեղին, ոսկու նման պսպղըմ ա։

Ասեց․— Յա՛վաշ, մինն էլ կա։

Էտ մինն էլ հանեց, էլավ էրկուսը։ Ասեց.— Ջանըմ, էս երկուսը բոլ ա, տանեմ թաքավորին, քանի էս մարթիկը էկել չեն։

Էն ժամանակը գնաց, որ թաքավորը գյազմըմը բոլքի էր տալիս:

Օխար հետ գլուխ տվուց, թաքավորը տեհավ էտ մարթին.— Հը՛,— ասեց,— ի՞նչ կա, ա՜յ տղա։

Ասեց.— Թաքավորն ապրած կենա, քեզ հըմար ձուկն եմ բերել։

Ասեց.— Բե՛ր վիրև։

Տղեն ձուկը տարավ թաքավորի կուշտը։

Ասեց.— Բաց արա՛ տենեմ հ’էրեսը։

Տղեն որ ձուկը շանց տվուց, թաքավորը զարմացավ, ասեց.— Ա՛յ տղա, ինչ լավ ձկներ են։ Նազիր,— ասեց,— տա՛ր էս տղին մի էրկու բուռ ոսկի տուր՝ թող էթա։

Մարթն ուրախ-ուրախ էկավ հ’իրանց տուն։ Թաքավորը մի հատ ոսկե թեշտ շինել տվուց ու էտ ձկները քցեց մեչը։ Ղոնախլդն արուց, վերչացրուց, շհարցիք[1] սկսեցին գալ ձկներին մտիկ տալ։ Ջահել հարս, երիտասարթ յա մենձ մարթիկ էկան տեհան, շատ զարմացան, ասեցին,— Թաքա՛վոր, ըսենց բան չի ըլիլ։

Էտ լուրը հասավ թաքավորի ախչկանը, թաքավորի ախչիկը մի նամակ գրեց հոր վրա. «Ա՛փու, խնթրըմ եմ, ձկները ղրկես տենեմ: Համա հասկացի՛ր, տես էք են՝ ղրկի՛ր, թե որց են՝ ղրկես ոչ»։

Էտ խոսքի վրին ձկները ծիծաղացին, ծափ տվին ու ընկան ջրի մեչ:

Թաքավորն ասեց.— Ով կիմանա սրանց էքն ու որցը։

Բիրադի սինոթապետներն ասեցին թե.— Ծովեղեն բան ա, մենք չենք հ’իմանըմ։

Թաքավորը տեհավ, որ դրանց մեչ հ’իմանող չկա, ասեց նազրին.— Նազի՛ր, երկիր շատ ես ման էկել և փորցված մարթ ես, էս ձկների էք ու որցը պըտի հ’իմանաս։

Նազիրն ասեց.— Թաքավորն ապրած կենա, ես ի՛նչ հ’իմանամ, ծովեղեն բան են։

Ասեց.— Չեմ գի՛տըմ, իրեք օր քեզ ժամանակ ա, քթար՝ քթար, քթար ոչ՝ քու գլուխդ կկտրեմ։ Դե՛հ,— ասեց,— գնա մտածա։ Նազիրն էկավ հ’իրանց տուն, շատ տխուր–տրտում նստեց․ Կարապետն էկավ ասեց.— Ա՛փու, խի՞ ես ըտենց տխուր։

― Է՛, որթի,― ասեց,— գնա՛ բանիդ, դու ջահել ես:

Ասեց․― Ա՛փու, հույս աստված, որ դու իմ արինս ազատեցիր, ես էլ քու արինդ կազատեմ։

Նստեցին, հացի ժամանակը նազիրը հաց կերավ ոչ, քանի որ սիրտը տխուր էր։

Կարապետն ասեց.— Կե՛ր, կե՛ր:

Անցավ էրկու օր ժամանակ, վրա իրեք օրը ասեց.— Ա՛փու, ըսօր քեզ կկանչի թաքավորը, ի՞նչ պըտի ասես։

Ասեց.― Ո՛րթի, ի՛նչ պըտի ասեմ, գլուխս պըտի կտրի էլի։

Ասեց.— Ա՛փու, գնա թաքավորին ասա, մի տղա ունեմ, բալքի դա հ’իմանա էտ ձկների էք ու որցը ու դրանց ծիծաղալու պատճառը։

Նազիրը ճարը կտրած գնաց թաքավորին ասեց.— Թաքավոր, ինձ մի տղա ունեմ՝ կարելի ա, որ դա հ’իմանա ձկների էք ու որց ըլնիլը. յա ծիծաղալու պատճառը։

Թաքավորն ասեց.— Քեզ տղա չունես, խի՞ ես սուտ խոսըմ։

Ասեց.— Թաքա՛վորն ապրած կենա, քու պապիդ ժամանակը երկիրը քոչեքոչ էլավ, մենք ընտեղ մի մանուկ էրեխա թողինք, մի հոքեվախ մարթ վեր ա կալել էտ էրեխուն պըհել, լավ հ’ուսում ա տվել և աշխարի հ’ամեն մի բանը հասկացրել։

Թաքավորն ասըմ ա.— Ինձ հըմար մին ա, գնա՛ բեր:

Նազիրն էկավ, տղին լավ շորեր հաքցրուց, տարավ թաքավորի կուշտը։

Թաքավորը որ տղին տեհավ, ասեց.— Նա՛զիր, էրանեկ քեզ, որ էտ լիպասին տղա ունես։

Ասեց.— Ա՜յ տղա, կարա՞ս էս ձկների էք ու որցն հ’իմանաս:

Տղեն ասեց.— Թաքա՛վորն ապրած կենա, եթե քու ախչկա ղըրկած նամակը կարթաք, ես կիմանամ։

— Նազի՛ր,— ասեց,— վե կալ էտ նամակը, կա՛րթա։

Նազիրը վե կալավ նամակը կարթաց, որ ձկները թե էք են` ղրգա տենենք, եթե որց են՝ ղրգես ոչ։

Էտ ժամանակին ձկները ծիծաղացին, ընկան ջրի մեջ։

Ասեց.— Տեհա՞ր, որթի, էտ հնարքը, հրաշքը։

Ասեց.— Հա՛, տեհա։ Ասեց.― Թաքա՛վորն ապրած կենա, թե որ էտ ձկների ծիծաղալու պատճառն ասեմ, դու կփոշմանես, ձկներն էլ էք են։ Ես որ,― ասեց,― մորիցս ծնվեցի, տատմերը ինձ փաթըթած վախտը մի առակ ասեց․ կարելի՞ ա էտ առակն ասեմ, նոր ինչ կամենըմ ես՝ արա՛:

Թաքավորն ասեց.― Ասա՛:

Ասեց.— Ժամանակով մի թաքավոր կար, թաքավորին ուներ մի հատ ղուշ, դաֆաղըմը դրած։ Էտ ղուշը թաքավորի հաց ուտելու վախտը խոսըմ էր, թե՛ հ’իրիկուն, թե՛ հ’առավոտ, թաքավորը իրա մեչը շատ ուրախանըմ էր ու ասըմ էր, թե. «Յարաբ, ուրիշ թաքավորներն էս ջուռա ղուշ ունե՞ն, թե ոչ»:

Թաքավորը մտիկ արուց տեհավ, որ մի սարի ղուշ էկավ թաքավորի ղշի հետ շատ խոսացին, ըտի թաքավորին մի հ’իմաստուն նազիր ուներ, կանչեց նազըրին ասեց. «Տես էն սարի ղուշը ի՞նչ ա ասըմ»: Ասեց. «Էն սարի ղուշը մեր ղշի հետ հորոխպոր տղեք են, նրանց հարսանիք ունեն, էկել ա մեր ղշին կանչըմ ա հարսանիք։ Մեր ղուշը ասըմ ա.— Ես թաքավորի տեր եմ, ինձ կթողա՞, որ ես գամ ձեր հարսանիքը»: Թաքավորն ասեց. «Իրավունք տուր իրե օր ժամանակի մեր ղուշն էթա»:

Ղուշը դաֆաղիցը դուս էկավ, թաքավորին գլուխ տվուց ու էտ ղշի հետ գնաց։ Իրեք օրը թամամեց, ղուշն էկավ, մի պտղի ղան[2] կտըցին բերուց թաքավորի սեղանի վրին դրուց, գնաց մտավ հ’իրա տեղը։ Վե կալան էտ ղանը մտիկ արին, ճանանչեցին ոչ, թե ինչ ա։ Թաքավորին մի բաղման ուներ, կանչեց բաղմանին, ասեց. «Կտանես էս կորիզը կտնկես, տենենք ինչ դուս կգա սրանից»։

Բաղմանը տարավ էտ կորիզը տնկեց, իրեք տարի ետև տեհավ, որ դա կանանչեց, խնձորի ծառ դառավ։ Վրա չորս տարին տվուց իրեք խնձոր, շատ թամուզ, ընտիր խնձոր, որ աշխարքի մեչը էտ ջուռտ խնձոր հեչ չէր ճարվիլ։

Բաղմանը մի հատ քաղեց, դրուց բոթնոցի մեչ, որ տանի թաքավորին փեշքաշ, գնաց որ հ’իթու պատը դուս գա՝ բաղմանի ձեռները ցըխոտ էր, խնձորը վե դրուց պատի վրա ու ձեռները լվաց. մի թշնամի օց դուս էկավ պատիցր՝ խնձորին յաղու[3] տվուց ու մտավ պատի մեչ, համա բաղմանը հ'իմացավ ոչ, թե ինչ էլավ։ Խնձորը վե կալավ, տարավ դրուց թաքավորի հ'առաչը՝ խնձորի շողքը փայլեց էտ օթախի մեչը, թաքավորն ասեց․ «Բա՛ղման, էս ի՞նչ խնձոր ա»։ Ասեց․ «Քու ղշի բերած կորիզն ա՛․ տնկել եմ, չորս տարին ժամանակի իրեք խնձոր ա տվել, մինը քաղեցի, բերի քեզ փեշքաշ»։

Թաքավորը մտածեց, ի՞նչ հ'իմանանք էս խնձորը չար ա, թե բարի, ասեց․ «Խնձորը կտրեցեք, պըտի փորձենք։ Ինձ մի ութանասուն տարեկան պապ ունեմ, եթե էս խնձորը կերավ՝ մահացավ, էն ժամանակը մենք կիմանանք, որ ղուշը մեզ դուշման ա, եթե պապը կերավ ջահելացավ, կիմանանք որ ղուշը մեր դոստն ա»։ Դիլիմը տարան տվին պապին, պապը կերավ՝ տրաքեց։ Թաքավորը բարկացավ ղշի՛ վրա, ասեց․ «Բալքի էտ խնձորը մենք ինք ուտըմ, մենք մահանայի՞նք։ Նազի՛ր,– ասեց,– ղշի գլուխը պոկի»։

Նազիրը ղշի գլուխը պոկեց։

Էտ խնձորի եղելութունը սաղ քաղաքի մեչ տարտարաձայնվեց, թե թաքավորին ըսենց մի մարթասպան խնձոր ունի։ Ետո, էտ բաղմանին մի կնիկ ուներ, բաղմանը օրը իրեք հետ կնկանը կծեծեր, բաղմանի կնիկը ասեց․ «Էթամ էն խնձորիցը մի հատ քաղեմ, ուտեմ, մեռնեմ, սրա ձեռիցը պրծնեմ»։ Էկավ մի հատ խնձոր քաղեց, դրուց բերանը՝ ծամեց, կուլ տվուց, դառավ տասնըհինգ տարեկան ախչիկ։ Բաղմանը գնաց հ'իրանց տունը, որ կնկանը ծեծի, տեհավ՝ կնիկը տանը չի, ասեց․ «Վնաս չունի, կմնա հ'իրիկունը կծեծեմ»։ Բաղմանը ետ դառավ էկավ հ'ի՛քին, տեհավ որ մի ախչիկ էտտեղ կաննած ա։ Ասեց․ «Ա՛խչի, ի՞նչ գործ ունես ըստի»։ Էտ ախչիկը ծիծաղաց։ Ասեց․ «Ես բան եմ ասըմ, դու ծիծաղըմ ես, քաշվի կորի գնա»։ Ախչիկն ասեց․ «Ա՜յ մարթ, դու ինձ ճանանչըմ չե՞ս, ես քու կնիկն եմ»։ Ասեց․ «Իմ կնիկը վաթսուն տարեկան պառավ ա, համա դու տասնըհինգ տարեկան ախչիկ ես»։ Ախչիկն ասեց․ «Ես էկա, որ էս խնձորիցը ուտեմ, մահանամ, քու ձեռիցը ազատվեմ, կերա՝ ջահել ախչիկ դառա, հրես ըս էլ կես խնձորը»։ Կեսն էլ մարթը կերավ՝ դառավ տասնըհինգ տարեկան դալիզանլի։ Ասեց․ «Ա՜յ կնիկ, որ ըսենց ա, արի էս մի հատն էլ քաղենք, տանենք թաքավորին»։

Տարան թաքավորին փեշքաշ, թաքավորը մտիկ արուց, տեհավ, որ էրկու ֆոքի նեքսև մտան, ասեց․ «էս ի՞նչ տեղի մարթ եք»։ Բաղմանն ասեց․ «Թաքավորն ապրած կենա, ես քու բաղմանն եմ, էս էլ իմ կնիկն ա»։ «Բա,— ասեց,— ո՞նց դուք ըտենց դառաք»։ Ասեց. «Մենք էս խնձորներից մինը քաղեցինք կերանք, որ մեռնենք, համա ըսենց ջահելացանք։ Էս մի հատն ա մնըմ, բերինք քեզ փեշքաշ»։ Թաքավորն ասեց․ «Խնձորը կտրեցեք, ինձ մի տատ ունեմ, թե կերավ՝ մահացավ, ձեր էրկսի էլ գլուխը կկտրեմ, թե չէ ջահելացավ՝ ձեզ մենձ պարքև կտամ»։

Խնձորի մի դիլիմը տարան տվին թաքավորի տատին։ Տատը ուտելուն պես՝ դառավ տասնըհինգ տարեկան ախչիկ, էկավ գնաց թաքավորի կշտին նստեց։ Թաքավորն ասեց. «Ա՜յ ախչի, ի՞նչ գործ ունես ըստի»։ Տատն ասեց․ «Ես քու տատն եմ, ես ախչիկ չեմ»։ «Բա ո՞նց րաենց էլար»։ «Որ դու խնձորի դիլիմը ղրգեցիր, ես կերա, ջահելացա»։

— Թաքավորն ապրած կենա, ղշի սըպանիլը թաքավորը փոշմանե՞ց թե ոչ։

Թաքավորն ասեց.— Բա՜, էն ջուռա ղուշը կմորթե՞ն, շատ ափսոս էկավ, համա եդի էր։

Ասեց.— Թաքավորն ապրած կենա, ես էլ որ ձկների ծիծաղալու պատճառն ասեմ, դու էլ կփոշմանես։

Թաքավորը մի քիչ մտածեց, ասեց.― Սա ուզըմ ա ինձ խափի,— ասեց,— չէ’լավ, չէ’լավ, ձկնեի ծիծաղալու պատճառը ասա։

Տղեն տեհավ որ չի’լըմ, թաքավորը բան չի հասկանըմ, էլի ասըմ ա ձկների ծիծաղալու պատճառը ասիլ պըտես, ասեց.— Թաքավորն ապրած կենա, ինձ որ տանըմ ին ժամ կնքելու, էն վախտը տատմորիցը մի առակ էլ սարվեցի։ Ըն էլ ասեմ, ետև դու գիտես։

Թաքավորն ասեց․— Ասա՛։

Ասեց.— Մի թաքավորի մի տղա ուներ, էտ թաքավորի տղեն մի հատ թառլան ղուշ ուներ, էտ ղուշը վեր էր ունըմ, էթըմ էր ավի։ Հ’ամեն օր թաքավորի հըմար կաքավ էր բերըմ, աղունիկ էր բերըմ։ Օրվա մի օրն էլ ղուշը վե կալավ գնաց մեշեն, էտ ղշին բաց թողաց, ղուշն ընկավ մի հ’ուրիշ ղշի հետ ու գնաց։ Ղուշը գնաց, դա ձին քշեց եննուցը. տեհավ որ հ’իրա թաքավորի ֆողիցը դուս ա էկել, ոչ հաց ա կերել, ոչ էլ չայ ա խմել, տեհավ որ օրը մթնել ա, հ’իրա ղշին ետ կանչեց, ղուշն առավ թևին, էկավ դըբա հ’իրանց տուն։ Ճամփին ծարավութունը շատ ախտեց, մի քարափի տակով հ’անց էր կենըմ, տեհավ ըտիան ջուր ա կաթըմ, հ’իրա ծոցի թասը հանեց, բռնեց էտ կաթող ջրի տակ, թասն էկավ լցվեց, ուզեցավ որ խմի, ղուշը տվուց թասի ջուրը թափեց։ Ասեց. «Վա՜յ քու տիրոջ հերն անըծվի, դու ուզըմ ես, որ ես ծարավ մեռնե՞մ»։ Քաշեց ղշի գլուխը պոկեց։ Ձին կապեց ըտի քարափիցը, նի էլավ քարափի գլուխը, տեհավ որ ըտի մի ուշաբ են սըպանել, արևը տվել ա, էտ ուշաբի յաղուն ա՝ հալել ա, քարափիցը թափըմ ա։ Տղեն փոշմանեց, որ ղշի գլուխը կտրեց. «Թե որ,— ասեց,— էս յաղուն ես խմեի, կմահանայի։ Վայ,— ասեց,— ափսո՜ս իմ ղուշը, որ ես սըպանեցի»։

— Թաքավորն ապրած կենա,— ասեց,— ղուշը սըպանեց լա՞վ էր, թե սաղ մնար լավ էր։

Ասեց.— Չէ՛, սաղ մնար լավ էր։ Էն ղուշն հ’իմաստուն էր։

— Ուրեմն փոշմանեց ղշի սըպանիլը, չէ՞։

— Շատ փոշմանեց։

— Ես էլ,— ասեց,— որ էս ձկների ծիծաղալը ասեմ՝ դու էլ կփոշմանես։

Էլի թաքավորը միտք արուց, ասեց.— Պըտի ասես անպատճառ։

Ասեց․— Մի առակ էլ գիտեմ, որ սարվել եմ իմ քավորիցը, ժամիցը որ իմ քավորը ինձ խտըտած բերըմ էր մեր տուն, ճամփին մի առակ ասեց։ Թաքավորն ապրած կենա, թո՛ղ էտ առակն էլ ասեմ, ետո դու գիտես։

Ասեց.— Ասա՛։

Ասեց.— Ժամանակով մի թաքավորի մի օց ուներ դռնաոլան, ինչ մարթի սիրտը որ բարի էր ըլըմ, օցը նրան ճամփա էր տալի, գալիս ին թաքավորի կուշտը, ինչ մարթի որ սիրտը խային էր ըլըմ, օցը թողըմ չէր դա։ Թաքավորի սինոթապետները մի օր ասեցին հ’իրար. «Է՛հ, մենք մարթ ենք, բան ա թե մի օր բարկացանք, խային թամաշ արինք թաքավորին, օցը մեզ վնաս կըտա։ Էկեք,— ասեցին,— մի տասնըհինգ օր էթանք ո՛չ սինոթ»։

Տասնըհինգ օր գնացին ոչ սինոթ, թաքավորը մարթ ղրգեց դրանց եննուցը. «Խի՞,— ասեց,— սինոթ չեք գալիս»։ Սինոթապետները ասեցին, թե. — Թաքավորը ապրած կենա, թե օցդ կվերչացնես, մենք կգանք սինոթ, թե վերջա՛ցնիլ չես՝ մենք էլ գալ չենք։ Թաքավորը միտք արուց, ասեց հ’իրա մեչ․ «Էս տասնէրկու մարթի խաթրը ո՞նց կոտրեմ մի օցի խաթեր»։

Թաքավորը վե կացավ տեղիցը, հ’իրա թուրը պատից կախած էր, թուրը տեղիցը հանեց, որ օցին սըպանի, թուրը վրա բերուց օցին, օցը փախավ, պոչիցը կտրվեց մի թզաչափ, թաքավորին մի թոռն ուներ, օցը գնաց թաքավորի թոռին կծեց ու փախավ։ Օրական թաքավորը վնասներ քաշեց. մի օր խաբար բերին, թե ֆլան երկիրդ խլեցին, մի օր խաբար բերին, թե ղոշունդ շարթեցին։ Հ’ամեն օր մի նոր նեղութունի մեչ ընկավ։ Թաքավորն հ’իմացավ, որ հ’իրա ղովլաթն էտ օցի գլխի՛ն էր․ «Վա՜յ,— ասեց,— ափսո՛ս իմ օցը»։ Թաքավորը շատ նեղութուններ քաշեց, սապապ՝ օցի խաթեր։ Թաքավորը էրկաթե տրեխ հաքավ, էրկաթե գավազան առավ ձեռը, գնաց օտար աշխար ման գալու, որ հ’իրա դոլվաթ օցը քթնի, համա քթավ ոչ։ Ետ դառավ դըբա հ’իրա տունը, էկավ հ’իրանց քաղաքի գլուխը, տեհավ մի սարի տակից օցը դուս էկավ։ «Հը՛,— ասեց,— թաքավոր, ի՞նչ բանի ես ման գալի»։ Թաքավորն ասեց. «Օ՛ց ջան, իմ դոլվաթը փախել ա ինձնից, հ’արի էթանք մեր տունը, հ’առաչվա պես ծառայա»։ Օցը ասեց․ «Գնա՛ քու բանիդ, ո՛չ իմ պոչի յարեն կսաղանա, ոչ քու սրտի յարեն կսաղանա։ Դու գնա՛ քու բանին, ես էլ կէթամ իմ բանին»։

Թաքավորի օցը չէկավ. թաքավորը շատ փորցանքներ քաշեց օցի ուջտ[4]։

— Թաքա՛վորն ապրած կենա, օցը սաղ մնար լավ է՞ր, թե սըպանեցին՝ լավ էր։

Թաքավորն ասեց․— Չէ՛, օցը սաղ մնար լավ էր, էն թաքավորութունը կմնար։

— Է՜հ,— ասեց,— էն օցի տեր թաքավորը փոշմանե՞ց, թե փոշմանեց ոչ։

— Փոշմանեց։

— Ես էլ,— ասեց,— որ էտ ձկների ծիծաղալը ասեմ, դու էլ կփոշմանես։

Թաքավորը մտածեց, իրեք առակից մի բան հասկացավ ոչ, ասեց.— Կարելի չի, ձկների ծիծաղալը ասիլ պըտես։

— Դե՛հ,— ասեց,— որ ըտենց ա, կանչա թաքուհուն, որ էս ձկների ծիծաղալու պատճառը քու ախչկա օթախըմը պըտի ըլի։

Թաքավորը կանչեց հ’իրա թաքուհուն, ձկները դրուց թեշտի մեչը, տվուց նազրին, ասեց.— Վե՛ կալ էթանք։

Թաքավորը, թաքուհին, նազիրը ու Կարապետը գնացին ախչկա օթախը։ Ախչիկը տեհավ թաքավորը, հ’իրա մերը, հ’իրա նազիրը, մըն էլ մի ջահել տղա բերին ձկները օթախի մեջտեղը դրին։ Թաքավորի ախչկա ջառիեքը վե կացան, թաքավորին գլուխ տվին։

Կարապետն ասեց.— Թաքավորն ապրած կենա, ըսօրվա իրավունքը իմն ա, ինչ որ ասեմ, պըտի կատարեք։

Թաքավորն ասեց.— Շա՛տ լավ։

Ասեց.— Էս եռեսունըութ ղարավաշերը պըտի դուս գան։

Եռեսունըութ ղարավաշները դուս էկան, գնացին հ’իրանց բանին։ Էրկուսը մնացին ըտե։ Մինը թաքավորի ախչիկն էր, մինն էլ՝ ախչկա սրտով սիրած ղարավաշն էր։

Կարապետն ասեց.— Թաքա՛վորն ապրած կենա, պըտի ախչիկդ տկլորանա։

Ախչիկն ասեց.— Թաքա՛վորն ապրած կենա, ի՞նչ ես ընկել էտ ջահելի խելքին։ Ես որ տկլորանամ՝ վնաս չունի, դու իմ հերն ես, էն էլ իմ մերն ա, բա էն նազիրն ի՞նչ անենք։ Բա էս ջահել տղեն ի՞նչ անենք։

Ասեց.— Վնա՛ս չունի, պըտի տկլորանաս։

Տկլորացավ, պրծավ, շորերն ըլեդ հաքավ, գնաց հ’իրա տեղը նստեց։

Կարապետն ասեց.— Պըտի էս մի ղարավաշն էլ տկլորանա։

Ախչիկն հ’առաչ ընկավ, թե.— Դուք ինձ տեհաք, վնաս չունի, հեր ու մեր, բարեկամ եք, համա էս ախչիկը օտար ախչիկ ա, Արևելքի թաքավորի ախչիկն ա, օրը տասը տեղից նամակներ ա ստանըմ, Արևմուտքի թաքավորի տղեն ասըմ ա. «Հ’արի ինձ առ», Հարավային թաքավորի տղեն ասըմ ա. «Հ’արի ինձ առ», Հյուսիսային թաքավորի տղեն ասըմ ա. «Հ’արի ինձ առ», ո՛չ մնին էլ առնըմ չի. ա՛մոթ ա, էտ ջուռա բան մի'ք պահանջիլ, էս ախչիկը տկլորանալ չի։

Կարապետը ձկներին ասեց.— Ձկնե՛ր, էս ախչիկը տկլորանա՞, թե չէ։

Ձկները ծափ տվին, ծիծաղացին, ընկան ջրի մեչը։

Թաքավորը հրամայեց նազրին, որ անպատճառ էթա, ախչկա շորերը հանի։

Ախչկա շորերը հանելու ժամանակը, տեհան, ի՜նչ տեհան՝ տեհան որ դա տղա ա։

Ասեց.— Թաքավորն ապրած կենա,— ասեց,— էս ձկների ծիծաղալու պատճառն էն ա, որ որցը հ’իրա կշտին պահըմ ա, քեզ հավատացնըմ ա, միթամ[5] ես ձկների որցիցն էլ եմ ամանչըմ։

Կարապետն ասեց ձկներին․— Ձեր ծիծաղի պատճառը էս ախչկա հըմա՞ր ա, թե ոչ։

Ձկները ըլետ ծիծաղացին․— Հա՛, հա՛,— ասեցին,— էտ ա պատճառը։

— Դե՛հ,— ասեց,— թաքա՛վորն ապրած կենա, հըմի դու գիտես քու ախչիկը։

Թաքավորն ասեց․— Ուրեմն իմ ախչիկը ինձ խայտառակեց, թե՛զ, ջանլա՛թ։

Ջանլաթը կանչեց, ախչկանը կոտորիլ տվուց։

Կարապետն ու նազիրը էկան հ’իրանց տուն։

Մի տասն օր ժամանակի գնացին ոչ թաքավորի կուշտը, համա թաքավորը տեհավ, որ Կարապետին մենձ իմաստութուն ունի, բեկութուն տվուց, Կարապետ–բեկ ասեց։

Էկան հ’իրանց տունը, մի վախտ քաշեց, նազրին ասեց,— Նա՛զիր, վե կաց էթանք թաքավորին տենենք։

Գնացին թաքավորին տեհան, որ թաքավորը նստած լալիս ա։

Կարապետ-բեկը հարցրուց թաքավորին․– Խի՞ ես լալիս։

Ասեց․— Բա ի՞նչ անեմ, ես ի էտ մի ախչիկը, զուր տեղը սըպանեցի, կտայի էտ տղին, իմ թաքավորութունը կժառանգեին։ Բա հըմի ես ի՞նչ անեմ առանց ժառանգի։

Կարապետ–բեկն ասեց․— Թաքա՛վորն ապրած կենա, ես քեզ իրեք առակ ասեցի, դու հեչ բան չհասկացար, ինձ մեղք չունեմ։

Կարապետ–բեկն էկավ նազըրի տունը․– Էյ նազիր,– ասեց, հըմի ի՞նչ ես ասըմ։

Նազիրն ասեց․– Ո՛րթի, ի՞նչ պըտի ասեմ․ դու գիտես։

Ասեց․– Իրավունք տո՛ւր, էթամ իմ հորն ու մորը տենելու, էս էլ ա իմ տունը, էն էլ ա իմ տունը։

Նազիրը բոլ ոսկի տվուց Կարապետ-բեկին.— Գնա՛,— ասեց,— քու հորն ու մորը տե՛ս։

Էկավ հ’իրանց տունը, դռան հ’առաչին տեհավ, որ հերը մի դիհ ա նստած, մերն էլ մի դիհն ա նստած, բարով տվուց․— Ափո՛ւ,— ասեց,— ղոնաղ չե՞ք ուզիլ էս հ’իրիկուն։ Ասեց.— Ղոնաղն ասսուն ա՛։— Ճանանչեցին ոչ որ հ’իրանց տղեն ա:

Հ’իրիկունը նստեցին. հերն ասեց.— Աղա՛, դու ո՞րդիանցի ես։

Ասեց․— Ա՛փու, ինձ ճանանչըմ չե՞ս։ Ես քու Կարապետ տղեն եմ:

― Ա՜յ ո՛րթի,― ասեց հերը,— իմ Կարապետ տղեն թաքավորը տարել ա, գիտեմ ոչ ինչ ա արել։ Խաբար չկա:

Ասեց.— Ափու, հա՛վատա, որ ես ձեր տղեն եմ, թաքավորը ինձ բեկութուն տվուց, հըմի ինձ Կարապետ-բեկ են ասըմ:

Հերն ու մերը շատ ուրախացան, էկան փաթըթվեցին տղին, պաչեցին, սիրեցին, ուրախացան:

Մի հինգ տասն օր կացավ ըտեղ, ասեց.— Ափո՛ւ, մեր եզները մնըմ ե՞ն։

Ասեց.— Ո՛րթի, մնըմ են։

― Դե՛, ասեց,— հ’առավոտը չութդ սարքա, էթանք վար անենք, էս փողը ուտելով կհատնի, իսանը ֆողից կկշտանա:

Չութը լծեցին, գնացին հ’իրանց հ’արտը. տեհավ որ էտ հ’արտի միչին մի պուճուր կոնդ կա, ասեց.— Ափու, ես էս կոնդը վարիլ պըտեմ:

― Որթի,― ասեց,— էտ կոնդը հարիր տարվա փարախ ա, էտ վարվիլ չի՛:

Ասեց.― Ա՛փու, դու մի քիչ համփերա, կտենես։

Տարավ եզները դեմ արուց էտ կոնդին, մի մենձ սալ պոկ էկավ, բացվեց մի զաղի բերան։

Ասեց.— Ա՛փու, Սուլթան Մուրադի թաքավորութունը ըստի ա, ես կմննեմ էս զաղի մեչը, կհաքնեմ Սուլթան Մուրադի թաքավորութունի շորերը, դու վախենաս ոչ։

Մտավ տղեն զաղի մեչը, հաքավ թաքավորութունի շորերը, դուս էկավ, որ հերը տենի: Հերը տեհավ՝ թողեց փախավ, վախեցավ։

Ասեց.— Ափու, հ’արի՛, հ’արի՛. ես եմ, ե՛ս, վախենալ մի՛:

Էկավ տեհավ, որ դրուստ հ’իրա տղեն ա։

Ասեց,— Ա՛փու, գնա՛ մեր սելը լծա, բե՛ր։

Հերը գնաց տուն․ սելը լծեց էկավ, ըտի խազինեքը գուս տվին՝ ոսկի՜ , էրծա՜թ, թանգագին քարե՜ր, բարցեցին սելին, բերին հիրանց տուն։ Ասեց․– Ա՛փու, պըտի մեր տները շինեմ թաքավորի տների նման։

Էրկու ամսըմը տները շինվեց, ետո ասեց․– Ա՛փու, մի խեյրաթխանա էլ պըտի շինեմ, որ էրկու հարիր շան մարթ տանի։

Մի ամսվա մեջ էլ էտ շինեց, պրծավ։ Իժդար չոլախներ, հ’աշկից զրկվածներ, ցավոտ մարթիկ կային, էկան թոփ էլան ըտեղ։ Կարապետ-բեկն օրը իրեք հետ դրանց հաց էր տալիս․ էն հացն էր տալիս, որն հ’ինքն էլ էր ուտըմ։ Օրն իրեք հետ հաց տալու վախտը քիսեն ոսկի էր լցնըմ, իրեք հետն էլ ոսկի էր ցրվըմ։ Էտ ձենն հասավ Սուլթան Մուրադին։

Սուլթան Մուրադը ասեց․– Էթամ, տենեմ դրուստ էտենց լա՞վ մարթ ա էտ Կարապետ–բեկը։

Մի օր իրեք վռըշիկ[6] էկան խեյրաթխանըմ նստեցին։ Նստեցին, օրը իրեք ժում հաց կերան, իրեք հետ էլ ոսկի առան, իրեք ամիս մնացին, վե կացան, որ էթան հ’իրանց տները, գնացին տեհան էրկու դարբիշ գալիս են։

Էտ դարբիշներն ասեցին․— Ո՞րդիան եք գալիս։

Ասեցին․— Կարապետ-բեկի գեղիցը։

Դարբիշն ասեց․– Կարապետ-բեկն ա լավ մա՞րթ, թե՞ Սուլթան Մուրադը։

Էտ վռըշիկներն ասեցին․– Կարապետ-բեկը մարթ ի, Սուլթան Մուրադը ի՛նչ ի։

Դարբիշներն ասեցին մինը մնին․— Էս մարթիկը մեզ անպատվեցին, կէթանք կտենենք, թե Կարապետ-բեկը մեզնից լավ էլավ՝ սրանց կպատվենք, թե փիս էլավ՝ սրանց գլուխր կկտրենք։

Ետ դարձրին ճամփիցը էտ վռըշիկներին, բերին մի տան պահ տվին։ Հ’իրանք դուզ էկան Կարապետ-բեկի տունը։

Կարապետ-բեկի հերը տեհավ, որ էրկու լավ ձիավոր էկան, հ’իրանք դարբիշ մարթիկ, կանչեց նոքարներին, տարան ձիանը կապեցին։ Կարապետ-բեկն ասեց․– Ա՛փու, էտ ղոնաղներին բեր վիրև,— Կարապետ-բեկը տեղիցը կաննեց, գլուխ վե բերուց դրանց։

Դարբիշն ասեց․— Կարապետ-բեկ, խի՞ ես մեզ գլուխ վե բերըմ։ Ասեց․— Լավ, ես գիտեմ դու ո՞վ ես։

Էկավ հացի վախտն էր, նստեցին հաց ուտելու։ Դարբիշները տեհան, որ հ’իրանք էտ ջուռա կիրակուր չեն կերած․ հացը կերան, վերչացրին, Կարապետ-բեկն ասեց․— Դուք նստեցեք, ես էթամ մեր խեյրաթխանեն։

Գնաց, ոսկին լցրուց տոպրակը, դրուց փեշի տակը։ Դարբիշներն ասեցին․— Մենք էլ ենք գալի տեսութուն։

Կարապետ-բեկն ասեց.— Էկե՛ք։

Գնացին, տեհան որ իրեք հարիր, չորս հարիր ջան հաց են ուտըմ, էն հացիցը, որ հ’իրանք կերել ին։ Հացից ետը Կարապետ–բեկը հանեց տոպրակով ոսկին, մին-մին տվուց էտ ախքատներին, ետ դառան էկան տուն։

Դարբիշն ասեց.— Կարապետ-բեկ, էտ ի՞նչ ես անըմ, օրական ըդար տալիս ե՞ս։

Ասեց.— Օրական ըդար տալիս եմ։

Դարբիշն ասեց.— Կհատնի քու փողը։

Ասեց.— Հատնիլ չի, իժդար որ ես վեր եմ ունըմ իմ փողիցը, տասն ըդար ավելնըմ ա։

Մի ամիս մնացին դարբիշները։ Տեհան, որ հ’իրանցից շատ լավ մարթ ա։ Քշերը էրկուսը մի հետ մասլըհաթ արին,— ինչ անենք, որ դրան հ’իմաց տանք, թե մենք Սուլթան Մուրադն ու հ’իրա վազիրն ենք։

Մտածեցին, բերին մի գիր գրեցին թե․ «Ես Սուլթան Մուրադն եմ, էս էլ իմ վազիրն ա, ես խնթրըմ եմ քեզ, Կարապետ-բեկ, քու հարսանիքն ըլելու ժամանակն ինձ իմաց տու, որ ես քեզ քավոր ըլնեմ»։

Մի վախտ հ’անցկացավ, Կարապետ-բեկի հըմար հերը գնաց Արևելի թաքավորի ախչիկն ուզեց, տվին։

Կարապետ-բեկն ասեց․— Էթամ Սուլթան Մուրադին հ’իմաց տամ, գա ինձ քավոր ըլի։

Ձին նի էլավ, գնաց, շատ գնաց թե քիչ գնաց, ճամփին մի հալիվոր պատահեց․— Հը,— ասեց,— պապի՛, խի՞ ես նստել էս շոքովն ըտի։

Ասեց.— Ոններս ցավըմ ա, ո՛րթի, կարըմ չեմ էթալ։

Հալիվորին քաշեց թարքը, գնացին։ Գնացին, մի դեզի մոտեցան։ Ասեց.— Որթի, ինձ ըստե վե դի՛ ձիուցը։ Դու լավ մարթ ես, կէթաս մի հարուստ տուն, ես աղքատ մարթ եմ, կէթամ մի հ’օդըմ կկենամ։

Էտ մարթը գնաց մտավ գեղի մեչը, տեհավ որ մի մենձ դարրաղա կա, ասեց.— Կարելի՞ ա էս մարթիկը հարուստ ըլեն,— դուռը ծեծեց, տան տիրոնչ տղեն դուս էկավ, տեհավ մի պատվավոր մարթ ա։

Ասեց.— Ա՛խպեր, ղոնաղ չե՞ք ուզըմ էս հ’իրիկուն։

Ասեց.— Աղա՛, համե՛ցեք։

Ղոնաղին վե բերուց ձիուցը, ձին տարան կապեցին, գարի, դարման տվին ձիուն ու հ’իրան տարան վիրև։

Գնաց տեհավ օթախըմը մի հիվանդ թեք ա ընկած, հիվանդն ասեց.— Ա՜յ, հա՜յ, հա՜յ,— ասեց,— էտ ի՞նչ վատ մարթ էր, որ բերիք ըստի։

Էտ հիվանդի տղեն ասեց, թե.— Ախպեր ջան, նեղանալ մի՛, էտ իմ հերն ա, օխտը տարի ա, հիվանդ ա։

Կարապետ-բեկն ասեց.— Ես նեղանալ չեմ, նրա հըմար որ հիվանդ ա, խելքը գլխին չի։

Բերին տեղ քցեցին, հաց բերին, էտ մարթը հաց կերավ, ետով էկավ քնելու ժամանակը, տան տիրոնչ տղեն ասեց.— Ճրաքդ փչա, քնի՛։

Ճրաքը փչեց, քնեց։ Մըն էլ գլուխը հանեց լհեբի տակիցը, տեհավ որ ճրաքը վառըմ ա, հ’իրա բերած հալիվորը էտ հիվանդի գլխավիրևին կաննած ա, մի հատ բրչով հիվանդի գլխին տալիս ա։ Բերնիցը մի սև բան հանեց ու տարավ։ Կարապետ-բեկն հ’իմացավ, որ էտ մարթը մեռավ, դուս էկավ գյաղմեն, հ’իմաց տվուց տղեքանցն, ասեց.— Էկեք, ձեր հերը մեռավ։

Մենձ տղեն ասեց.— Ա՛խպեր,— ասեց,— ես քու ճամփիդ ղուրբան, ինչ լավ թեթև ոտ ունեիր, փա՛ռք ասսու, որ մեր հերը մեռավ։ Էս օխտը տարի ա, տանջվըմ էր։

Բերին էրկու եզը մորթեցին և հացի թադարեք քաշեցին։ Լիսը բացվեց, Կարապետ-բեկն հ’իրա ձին դուս քաշեց, որ էթա։

Մենձ տղեն էկավ ասեց.— Ախպեր ջան, հ’ո՞ւր ես էթըմ, կաց ըստի, մեր հորը թաղենք, դու էլ օղորմի տուր։

Ասեց.— Ես կարալ չեմ մնալ, իմ գործը շա՛տ ա։ Հանեց մի բուռը ոսկի տվուց, ասեց.— Աստված ֆոքին լուսավորի։

Դուս էկավ, գնաց էտ գեղիցը: Թե շատ գնաց, թե քիչ գնաց, աստված գիտեր, գնաց տեհավ, ըլեդ էտ հալիվորը ճամփին նստած ա։

— Տո, բիձա,— ասեց,— խի՞ ես նստել էս շոքովը։

Ասեց.— Ոններս ցավըմ ա, կարամ չեմ էթալ, մենձ մարթ եմ։

Ասեց.— Ի՞նչ անեմ, թե թողամ էթամ, աստված ղաբուլ չի անի,— ասեց,— հ’ա՛րի, պապի, հ’ա՛րի։

Պապի թեիցը բռնեց, քաշեց թարքը, գնացին մի գեղի էլ մոտեցան, ասեց.— Ո՛րթի, ինձ ըստի վե դի։

Ձիու վրիցը վե դրուց հալիվորին, հ’ինքը գնաց մի հարուստ տուն, դուռը ծեծեց։ Տան տիրոնչ տղեն դուս էկավ։

Ղոնաղն ասեց.— Բար’իրիկուն, ա՜յ տղա։

— Համեցեք,— ասեց,— ձիուցը վե հ’ա՛րի։

Տան տերը ձեն տվուց, նոքարներն էկան, ձին քաշեցին նեքսև, գարի, դարման, խոտ տվին ձիուն, հ’իրան տարան վիրև։ Գնաց տեհավ, որ ըտի էլ մի հիվանդ կա։

Հիվանդն ասեց,— Օխա՜յ, ինչ լավ, անոշ ֆոտ էկավ։ Էտ ղոնաղին,— ասեց,— բերեք իմ կուշտը։

Տարան նրա կուշտը նստացրին, շատ լավ ունթունեց։

— Բարով, հազար բարով ես էկել,— ասեց,— ղոնա՛ղ ախպեր։

Կարապետ-բեկը ասեց.— Շնորա՛կալ եմ, ափո՛ւ։

Հաց կերան, պրծան, ղոնաղի հըմար տեղ շինեցին, վե կացավ` քնելու։

Էտ հիվանդն ասեց.— Որթի, ճրաքն անցրու, դի՛նջ քնի, բեզարած մարթ ես։

Ղոնաղը վե կացավ, ճրաքն անցրուց, գլուխը կոխեց լհեբի տակ։ Մըն էլ գլուխը հանեց, մի ճրաքի տեղ տասը ճրաք ա վառվըմ։ Տեհավ որ հ’իրա բերած հալիվորը մի հատ ոսկե խնձոր ձեռին դեմ ա անըմ էտ հիվանդի պնչին, հիվանդը ֆոտ ա քաշըմ ու ծիծաղըմ։ Մըն էլ տեհավ, որ էտ հիվանդի բերնիցը մի լսի պես բան հանեց, դրուց ոսկե բոթնոցի մեջ ու գնաց։

Տեհավ որ հիվանդից էլ ձեն չի դուս գալի, ասեց.— Մեռավ:— Գնաց գյազմեն, ձեն տվուց տղեքանցը, տղեքը էկան.—Հը՛,— ասեցին,— ի՞նչ կա, տղա։ — Է՛կեք,— ասեց,— ձեր հերը մեռավ։

— Վա՜յ,— ասեց,— քու ճամփիդ ղուրբան, անջաղ մեր հերը մեռավ, էս օխտը տարի ա, հիվանդ էր։

Դրանք սկսեցին հացի թադարեք քաշել, որ հ’առավոտն հ’իրանց հորը թաղեն։

Կարապետ-բեկը տեհավ, որ լիսը բացվեց, ձին քաշեց գոմիցը, որ էթա, տղեքն ասեցին.— Ա՜յ մարթ, ո՞ւր ես էթըմ, կա՛ց, մեր հորը թաղենք։

Կարապետ-բեկն ասեց.— Ես շատ գործ ունեմ, կարալ չեմ մնալ։

Հանեց մի բուռը ոսկի տվուց հիվանդի տղին, ասեց.— Աստված ֆոքին լուսավորի,— ու թողուց գնաց։

Գնաց, ճամփին էլի էն հալիվորը պատահեց, առավ թարքն ու քշեց գնաց, որ էդ օրը հասներ Սուլթան Մուրադի քաղաքը։

Մոտեցավ քաղաքին, հալիվորն ասեց.— Ինձ վե դիր ձիուցը։

Կարապետ-բեկը վե դրուց։

Հալիվորն ասեց.— Ինձ ճանանչըմ ե՞ս, ես քու քավորն եմ, քու քավոր Սուլթան Մուրադը իրեք օր ժամանակ ունի, մահանալ պըտի,— ասեց ու անհայտ էլավ։

Ըտեղ Կարապետ-բեկի միտքը բացվեց, որ դա տերն հ’ինքն էր։

Ըտիան գնաց Սուլթան Մուրադի տունը, շատ հ’իբար սիրեցին, հ’իրիկունը հաց բերին, Կարապետ-բեկը հաց չի կերավ, Սուլթան Մուրադն ասեց.— Սանահեր, խի՞ չես հաց ուտըմ։

Ասեց.— Ի՞նչ ուտեմ, որ սիրտս տխուր ա։

— Ընչի՞ հըմար ա տխուր։

— Քեզ,— ասեց,— իրեք օր ժամանակ ունես, պըտի մահանաս։

Սուլթան Մուրադն ասեց.— Դրա հըմար տխրիլ մի, մենք մորից ծնվել ենք մեռնելու հըմար։

Կանչեց հ’իրա վեզրին, ասեց.— Իմ խազնի դռները բաց արեք, իժդար որ խազնումը փող կա՝ բիրադի կտանեք էրկու ձեռք շոր կը կարեք, մինն՝ իմ սանամորս, մինն էլ՝ սանահորս։

Համա իրեք օրը որ թամամեց, Սուլթան Մուրադը մեռավ, բերին Կարապետ-բեկին ճամփա քցեցին, հ’իրա խալաթովը։ Էկավ հ’իրանց տունը, հարսանիքն սկսեցին, օխտն օր, օխտը քշեր հարսնիք արին, ըտոնց պսակեցին։ Գնաց հ’իրա կնկա մոտ, ասեց, որ՝ ինչ ախքատ մարթ որ ըստի կգա, շորերդ էլ որ ուզի՝ տուր, խնայիլ մի։— Հարսանիքի լավ ժամանակը Կարապետ-բեկը կաննած էր թաքավոր, տեհավ մի ախքատ մարթ հարսնևորների միչովը գալիս ա դըբա իրան։

— Հա՛,— ասեց,— ա՛խքատ, ի՞նչ ես ուզըմ։

Ասեց.— Թաքավորը սաղ ըլնի, տկլոր եմ, շոր չունեմ, էտ հաքիդ շորերը տուր ինձ։

Քավորի տված շորերը տվուց ախքատին։ Ախքատը թողուց գնաց։

Էտ ախքատը դառավ մի կնիկ, գնաց կնանոնց մեչը, կնանիքն ասեցին.— Ա՜յ ախքատ, հ’ո՞ւր ես էթըմ, ըտի նստի, քեզ փայ բերենք։

Ախքատն ասեց․— Ես փայ չեմ ուզըմ, պըտի էթամ թաքուհու կուշտը։

Գնաց թաքուհու կուշտը, ասեց.— Դու տենըմ ես, որ ես տկլոր եմ, էտ հաքիդ շորերը տուր ինձ։

Շորերը հանեց, տվուց էտ ախքատ կնկանը։ Մըն էլ տեհան, որ կնիկ կա ոչ։

Օխտն օրը որ թամամեց, թաքավորը գնաց հ’իրա կնկա կուշտը, տեհավ որ մի եպիսկոպոս բարցի վրա նստած ա, ասեց.— Ֆոքիդ տո՛ւր, Կարապետ-բեկ։

Ասեց.— Էթամ մորս տենեմ, հորս տենեմ ու գամ, նոր՝ առ։

Գնաց հորն ու մորն ասեց թե.— Վարթապետն էկել ա ֆոքիս առնելու՝ ի՞նչ եք ասըմ։

Հերն ասեց.— Ես քու տեղակ ֆոքի կտամ։

Մերն ասեց, թե.— Հերդ տալ չի՝ ես կտամ։

Ասեց.— Դե՛հ, հայդե՛, համեցեք։

Հորը կանչեց եպիսկոպոսի կուշտը, Կարապետ-բեկն ասեց.— Կարելի՞ ա իմ հերս տա հ’իրա ֆոքին իմի տեղը։

Ասեց.— Մին ա, մի ֆոքի տանիլ պըտեմ։

― Դե՛հ,― ասեց,— սանահեր, թեք ինկ[7]:

Սանահերը թեք ընկավ, սկսեց ֆոքին առնի։ Ետո շանը ցավեց, վե կացավ փախավ, ասեց.— Ես չեմ կարալ իմ տղի տեղը ֆոքի տալ։ Ասեց.— Հայր սուրբ, կաց, համփերա, էթամ մորս կանչեմ։

Մերն էկավ, ասեց.— Սասամեր, թեք ինկ։

Սանամերը թեք ընկավ, սկսեց ֆոքին առնի, մոր շանը ցավեց, ասեց․― Ես կարալ չեմ իմ որթու տեղակ ֆոքի տալ։

Մերն էլ թողուց փախավ։ Համա թաքավորի ախչիկը փարդի տակից տենըմ էր էտ բանը, ասեց.— Ես մահանամ վնաս չունի, համա էս տղեն ափսոս ա, երկիրը կխավարի։

Հարսն էկավ վարթապետի կուշտը կաննեց. — Հայր սուրբ,— ասեց,— որ ես մեռնեմ վնաս չունի, համա որ դա մեռնի, երկիրը կխավարի։

— Դե՛հ,― ասեց,— դու սրա տեղակ ֆոքի կտա՞ս։

Ասեց․— Կտամ ուրախութունով։

— Դեհ,— ասեց,— թեք ինկ։

Թեք ընկավ, ֆոքին թոփ արուց, բերուց լիզվի տակն, ասեց․— Տե՛ր, ես ուղղութունով ֆոքի եմ տալիս էս տղի տեղակ,— ետո վարթապետը խնահեց, հ’իրանց տված ողորմութունի ու հ’իրանց բարեպաշտութունի հըմար, կյանք տվուց էտ հարսին։

— Վե կա՛ց,— ասեց,— տեղիցդ կաննի։

Հարսը վե կացավ տեղիցը, կաննեց, գլուխ տվուց, մնաց կաննած։

Ասեց․― Կարապետ–բեկ, ես քեզ խնահեցի էս հարսին, գնացեք այսուհետև ապրեցեք, իրեք հարիր տարի ումբրը տվի ձեզ։

Դրանի ետո գնաց էն թաքավորի ֆոքին առավ, որ հ’իրա ախչկան կոտորել էր։

Կարապետ–բեկը գնաց, նրա տեղը նստեց թաքավոր։

Նրանք հասան հ’իրանց մուրազին, մենք էլ հասնենք մեր մուրազին։

Երկնքից իրեք խնձոր վեր էկավ, մինն՝ ասողին, էրկուսը՝ լսողներին։


  1. Քաղաքացիք (ծանոթ. բանահավաքի):
  2. Կորիզ (ծանոթ. բանահավաքի):
  3. Թույն (ծանոթ. բանահավաքի):
  4. Պատճառով (ծանոթ․ բանահավաքի)։
  5. Մինչև անգամ (ծանոթ․ բանահավաքի)։ Ավելի ճիշտը՝ իբր։
  6. Բամբակ գզող (ծանոթ․ բանահավաքի)։ Վռշիկ, ռշտունցիների մականունն է (ծանոթ․ կազմողի)։
  7. Պառկիր (ծանոթ. բանահավաքի):