Էուֆորբիոն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Աշնան վիմագիրը Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Բ (Էուֆորբիոն)

Վարդան Հակոբյան

Եթե ես հանկարծ չլինեմ ես
ԷՈՒՖՈՐԲԻՈՆ

                Իմ ծարավի մեջ մի աղբյուր է երգում եւ
                մանկությունս հեռանում է ավելի...

Առաջին հայացքից, թվում է, մերն է ծաղիկը, բայց
միայն վերջին հայացքից է այն մերը,- ասում է Ագոն,- երբ
արդեն կորցնում ենք։ Իսկ ամեն ծաղիկ թառամում է՝
նորից բացվելու համար,
որովհետեւ ծաղիկ լինելու հմայքը բացվելու մեջ է՝
երբ դրան սպասում են վաղորդայնի աստղերը։

Հորիզոնը թեւեր ունի հրեշտակի։
Մտածումս՝ ճանապարհի մասին, ավելի ճանապարհ է, քան
ինքը ճանապարհը։ Ոտք եմ փոխում խոհի վրա։ Լուսարում,
աստվածարում եմ ինձ սպասող գագաթները։ Իսկ
լույսը տխրության տողանցումն է եւ,
միաժամանակ, բաժանումն է խավարի եւ խավարի։

Կապույտը թռչունների թեւերին չվեց
տաք երկրներ, մեզ հետ նորից մնացին
աներկինք ամպերը։ Ամեն մի հարց ճշմարիտ է,
յուրաքանչյուր պատասխան՝ խիստ կասկածելի։ Մի
խե... խե... խելագար ինձ կանգնեցրեց
փողոցում. «Չե՞ս ասի՝ ժամը քանիսն է»։