Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/206

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ծելով աշխարհագրական քարտէզը, սինեման,
մեծ նկարիչների գունաւոր կտաւները ու բանաստեղծների
պատկերաւոր խօսքը, կարող եմ ճաշակ
ու սէր ներշնչել դէպի ռուս երկրի անհուն
տարածութիւնները, անծայր դաշտերը, հազարամեայ
կուսական անտառները ու հսկայ գետերը,
որ հոսում են զօրեղ ու յաղթական, ինչպէս
զօրեղ ու յաղթական, ինքը մեծ ազգը...

Ես կարող եմ անել այն ամէնը - եւ դեռ
շատ ուրիշ բան - իմ ու իմ շրջապատի մէջ հայութիւնը
չէզոքացնելու եւ փոխարէնը ռուսական
կամ թուրքական ոգի ներշնչելու, ռուս կամ
թուրք ազգայնութիւն պատուաստելու ու ապագայ
ձուլման ճանապարհները հարթելու համար:

Բայց կարող եմ անել եւ հակառակը - կարող
եմ խտացնել իմ շուրջս հայկական մթնոլորտը,
շնչել ու ապրել այդ մթնոլորտի մէջ։

Կարող եմ իմ «Չիլինգարով» ազգանունը վերածել
«Դարբինեանի» (ինչպէս իմ պապը իր «Իգիթխանեան»
ազգանունը փոխել է «Քաջազնունիի»)
իմ մանչուկներին՝ փոխանակ Պետրոս ու
Օհաննէսի՝ Արամ ու Աշոտ անուանել: Կարող եմ
անհաշտ հակառակորդ լինել խառն ամուսնութիւնների
ու սպառնանալ զաւակներիս, թէ կը
զրկեմ ժառանգութիւնից (կամ հայրական օրհնութիւնից՝
նայելով հանգամանքներին), եթէ օտարների
հետ ամուսնանան: Կարող եմ ներշնչել,
թէ հայի միակ եկեղեցին (եթէ պէտք է ոեւէ եկե–