Jump to content

Էջ:Ալեքսանդր Ծատուրյան Բանաստեղծություներ.djvu/103

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ դու վիզ ճըկած, հուսահատ դեմքով,
Իմ անճա՛ր եղբայր — անճա՛ր մոր զավակ.
Դու խաչ ես հանվում չարախինդ երգով,
Օ՜, արևելքի ծաղրված նահատա՛կ։

Ա՜հ, սև տեսիլներ... ողբո՛ւմ եմ անզոր,
Եվ ջերմ կարոտում վառ լուսաբացին.
Շո՛ւտ ծագիր, արփի, հասի՛ր, պայծառ օր,
Գուցե, դուք վերջ տաք իմ սուգ ու լացին...


ԳԻՇԵՐՎԱ ԵՐԳԵՐԻՑ

Լեռան լանջերից հովաբույր շնչով
Գիշերն է իջնում՝ լույսերը վառած.
Իջնում նրբաքող թևերը փըռած.
Ու հուշիկ անցնում սաղարթի միջով։

Եվ զով համբույրով նա ճանապարհին,
Սիրող մոր նըման, անուշ գըգվանքով
Նի՜րհ է շըշընջում մեղմ օրորանքով
Թավշյա դալարին, ծաղկին ու ծառին...

Նիրհում է երկիրն օրորների տակ,
Հոգնած ցերեկվա անլուռ աղմուկից.
Լուսինն էլ որպես մի քույր կարեկից,
Սփռում է վերան շողահյուս վերմակ...


ԿԱՐՈՏԱՆՔ

Մտքի ծով ընկած՝ ծովի ափերին
Լուռ թափառում եմ, որպես ուրվական.
Վարդ֊լուսաբացին թե խոր գիշերին
Երկինքն է թախծիս անմռունչ վըկան...