Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Անմեղ հասակից օրորոցիս մոտ,
Ուր պետք է սիրտս մեղմ օրոր շոյեր,
Ուր պետք է ժպտար կյանքի առավոտ,
Ես տեսա միայն սև ու մութ օրեր...
Տեսա կատաղի չարության մատնված
Անզեն թշվառներ ժանտ դահճի առաջ
Լսեցի անտուն, դռնե-դուռ ընկած
Հարազատ ազգիս աղերսն ու հառաչ...
Այո՜, ընկե՛ր իմ, դու մի՛ զարմանար,
Որ գարուն չունի էլ մատաղ հոգիս.
Արյուն-արցունքով ներկված իմ քընար
Ազգիս վշտին է արձագանք տալիս...
|
|
ԱՆՔՈԻՆ ԳԻՇԵՐ
Խորին գիշեր է։ Բուռն տենչանքով
Ես քուն եմ խնդրում, քուն չկա աչքիս.
Բարձըս թրջում եմ աղի՜ արցունքով,
Այնքա՜ն հուզված է ցավատանջ հոգիս։
Եվ շուրջս տիրած թանձր խավարում
Ծանր խոկումներ, դառն զգացումներ
Ճնշում են հոգիս, միտքս պաշարում,
Եվ հանդես բերում ահեղ տեսիլներ։
Տեսնում եմ արյուն, դժոխքի տանջանք
Ոտնակոխ եղած հայրենի երկրում.
Ապիկա՜ր բողոք, անհո՜ւյս աղերսանք,
Արնաներկ տապար դահիճի ձեռում...
Եվ սիրտ մորմոքող լաց, կոծ, աղաղակ
Արյուն ու հրդեհ, անգութ ավերած
Բռնել է և՛ գյուղ, և՛ շեն. և՛ քաղաք.
Եվ լուռ՝ երկնքից նայում է աստված...
|
|