Մանուկն անհոգ, զվարճասեր
Բռնեց քեզ մեր պարտիզում,
Փշրեց քնքուշ քո թևիկներ
Ու բաց թողեց քեզ օդում.
«Գընա՛, թռի՛ր» — ասաց նա քեզ.
Ծիծաղելով, ծաղրելով.
«Տեսնեմ, ի՛նչպես դու կըճախրես
Ջարդվա՜ծ, անզո՜ր թևերով...»։
Ե՛ս էլ քեզ պես ազատ թիթեռ,—
Ինձ օտար էր վիշտ, թախիծ,
Բայց մեկն անգութ, զվարճասեր,
Սիրո ցանցում բռնեց ինձ.
Բռնե՜ց... փշրե՜ց իմ սերն ու հույս
Եվ ծաղրելով ասաց ինձ.
«Գնա՛, դարձյալ ապրիր, ո՜վ կույս,
Գոհ և՛ բախտից, և՛ կյանքից...»։
Լացի՛ր ինձ հետ, խղճո՛ւկ թիթեռ.
Լացող ընկեր քեզ գըտար,
Թո՛ղ երկուսիս տանջված սրտեր
Միմյանց լինեն մխիթար...
ԿՌԻՎ
Մաշող ցավերից մեզ չըկա դադար...
Ի՞նչ անենք... թախծի, վհատման ամպեր
Նորից պատել են մեր երկնակամար.
Մեր շուրջը խավար, անթափանց գիշեր։
Մաշող ցավերից անվերջ հալածված.
Չենք գտնում անկյուն կյանքի խնջույքում.
Անվարդ մեր գարուն, մեր ճրագը մարած,
Թույն է ծովացել մեր տանջված կրծքում...
Բախտին խորթ զավակ. աշխարհին օտար,
Կըռվի մեջ անցավ բովանդակ մի կյանք.
Ուրեմըն նորից կռիվ անդադա՛ր...
Կըռվումն է և՛ մահ. կըռվում — և՛ փրկանք: