Մի՛ հավատար, իմ հայրենիք, դու օտարի ներբողին.
Վարդ մի՛ ձոնիր օտար սրտի զեղումներին սիրաշունչ…
Ով օրոցքից չէ՛ աղոթել քո սուրբ անվան, սուրբ հողին,
Ով չէ՛ ապրել քո դարավոր անլուր մորմոքն ու մրմունջ —
Դու օտա՜ր ես նըրա հոգուն… Եվ միշտ օտա՛ր կմնաս.
Շուտանցուկ է սերն օտարի, որպես պատրանք ու երազ…
Հերի՛ք, որքան, հեգ հայրենի՛ք, կյանքիդ հավերժ պայքարում
Հավերժ հուսով դու անսացիր օտար ձայնին հուսատու…
Դու անօ՜գ ես. դու տեր չունես… Այս դժնաշունչ աշխարհում.
Ա՜խ. հայրենի՛ք, կյանքիդ տերը միայն դու ես, միայն դո՛ւ…
Կիսլովոդսկ
ԱՂՔԱՏԻ ԵՐԳԸ ՄԱՀԻՑ ԱՌԱՋ
Է՛հ, սև կարիք, ծնածըս օրից —
Կյանքիս ընկեր անբաժան.
Ես չըպրծա քո չար ձեռից —
Ինձ տանո՜ւմ ես գերեզման…
Աչք բաց արի — ու քեզ տեսա,
Գըլխիս կանգնած, դահճի պես.
Լալ ու տանջվել քեզնից ուսա,
Հաց չըկերա առանց քեզ։
Օրոցքիս մոտ մայրըս նըստած
Երբ օրոր էր ինձ ասում,
Օրորներում խուլ ու ճընշված,
Քո ձայնն էի ես լըսում…
Ես կյանք մտա… Դու և՛ կյանքում…
Ինձ չըտվիր քուն, դադար,
Կյանքըս անցավ օտար շեմքում,
Կյանքըս ընկավ սարե–սար…