Jump to content

Էջ:Ալեքսանդր Ծատուրյան Բանաստեղծություներ.djvu/119

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ աչք եմ դարձնում անցա՜ծ օրերուն,
Միտ բերում կյանքիս խաղացկուն հասակ
Այնտեղ էլ՝ անփա՜յլ ու անվարդ գարուն
Այնտեղ էլ՝ սըրտի տխո՛ւր փլատակ...

Եվ միտք եմ անում — էլ ինչո՞ւ համար,
Օ՛, խիզախ ասպետ, որ մանուկ անմեղ,
Սիրեցի՜ ես կյանք, մղեցի՜ պայքար
Մերթ ջերմ հավատով, մերթ ուժով ահեղ...

է՜հ, վիճա՛կ իմ հեգ, աշխարհեն վտա՜ր.
Անցի՛ր լո՜ւռ ու մո՜ւնջ, անհո՜ւյս ու անլույս.
Քեզ հավերժ նընջի կըգրկե խավար —
Ա՛յնտեղ է կյանքը անխա՜բ ու անհո՜ւյզ ...


ԼՌԱԾ ՔՆԱՐԻՍ

Ո՛չ, քեզ չեմ ձըգած, իմ սիրա՜ծ քընար,
Հեղհեղուկ կյանքիս ընկե՜րն անմեկին.
Որպես հարատարփ, խանդոտ սիրահար,
Մի՛շտ քո կարոտն է քաշել իմ հոգին:

Կյանքի պայքարում հոգսը դըժնդակ,
Որպես ապառաժ, ծանրացած վերաս,
Փակե՜լ էր լեզուս... Բայց էլի միակ
Դո՛ւ էիր հոգուս տենչանքն ու երազ...

Լուռ էիր, ընկեր... վաղուց չէր հնչում
Խոսուն լարերից ոգիչ ելևէջ.
Բայց սերըդ կյանքի ժըխորի միջում
Ես պահում Էի միշտ վա՜ռ ու անշեջ...

Եվ տանջվում էի անլո՜ւր. անապատո՛ւմ,
Որ չէիր խոսում դու էլ հոգուս հետ.
Կյանքըս անիծում... Բայց և՛ հավատում.
Որ չե՛մ կորուսել քեզ անդա՜րձ, հավետ...