Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Արշի՜ն, հաշի՜վ մարդու գլխում,
Ուշ ու միտքը փողի մեջ,
Սիրո ծարավ կընկա սըրտում,
Երազներին չըկա՜ վերջ…
Կյանք են անցնում մի հարկի տակ,
Բայց սըրտերով խորթ իրար.
Տարբե՜ր ձըգտում, տարբե՜ր ճաշակ,
Կինը — կըրա՜կ, մարդը — քա՜ր…
Եվ նայելով ես այդ զույգին
Միտք եմ անում — թե մի օր
«Ջուխտի» կողքին… «Կենտը» բըսնի…
Ո՞վ է արդյոք մեղավոր…
|
|
ԹՂԹԱԽԱՂ
Թո՜ւղթ ու կավի՜ճ, սեղա՜ն կանաչ,
Անքո՜ւն գիշեր, կռի՜վ ու վե՜ճ —
Ահա՛ նոր քայլ դեպի առաջ,
Նո՛ր գործի սեր ազգի մեջ…
Թուղթ են խաղում հարուստ, անփող,
Տերտեր, ուսյալ և անուս,
Նույնիսկ հայ կին, հայ ուսանող…
Ցնծա՜, հա՛յ ազգ, աչքըդ լո՜ւյս…
|
|
ԳԱՅԼ-ԲԱՐԵՊԱՇՏ
Անթի՜վ են մեր մեջ գայլ–բարեպաշտներ.
(Մեկին, մանավանդ, լա՜վ եմ ճանաչում…)
Մութով նա պաշտում սատանի պատկեր,
Լուսով անդադար աստված է կանչում…
Արտասուք խըմել կամ արյուն ծըծել
Պատրաստ է նա միշտ — ամեն թըշվառից.
|
|